Գլխավոր » Regions, TOP, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒՄԵՐԱՆԳԻ ԷՖԵԿՏ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՀԱՄԱՐ

Մարտ 21, 2014թ. 01:04

Հարցազրույց քաղաքագետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ

-Աշխարհն այլևս միաբևեռ չէ, կանգնած ենք համաշխարհային քաղաքական կարգի փոփոխման, աշխարհաքաղաքական ճգնաժամի առաջ, իսկ սառը պատերազմը ամեն պահի կարող է տաքանալ. այսպիսին է ներկա իրողությունների գնահատականը: Ի՞նչ կասեք այս մտահոգությունների առնչությամբ:

-Ժամանակակից միջազգային հարաբերությունների համակարգն այսօր գտնվում է անցումային փուլում՝ միաբևեռից դեպի բազմաբևեռ: Արևմուտքը, չնայած դեռ հանդես է գալիս որպես միասնական բևեռ, սակայն նրա ներսում ևս կան լուրջ խմորումներ, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի շահերը միշտ չէ, որ համընկնում են, հատկապես, արտաքին քաղաքականության մեթոդների ընտրության հարցում տարակարծությունները քիչ չեն: Ռուսաստանն էլ այս աշխարհակարգի միակ բևեռը չէ, կա Չինաստան, որը ևս գլոբալ հավակնություններ ունի: Հետևաբար, այս անցումային փուլը հարուստ կլինի տարատեսակ իրադարձություններով՝ թե համագործակցային, թե կոնֆլիկտային բնույթի:
Երկակի ստանդարտների քաղաքականությունը , որը երկար ժամանակ կիրառվում էր Արևմուտքի կողմից, հանգեցրեց ներկայիս իրավիճակին: Եվ այսօր Ռուսաստանը դա մատնացույց անելով հիմնավորում է իր քայլերն ու Արևմուտքին
ասում է, եթե ճանաչեցիք Կոսովայի անկախությունը, ինչո՞ւ չեք ճանաչում Ղրիմինը: Այս մոտեցումը, նման տարածքային խնդիրների հարցում, կարող է վերածվել միտումի, ինչը հղի է լուրջ հետևանքներով, այն պարզ պատճառով, որ ինքնորոշման ձգտող նման տարածքներ աշխարհում շատ կան, այդ թվում Եվրոպայում՝ հանձին Շոտլանդիայի ու Կատալոնիայի: Առաջիկա 5 տարիներին թերևս նման դեպքերը առավել հաճախակիանան ու դառնան օրինաչափ, մինչև աշխարհը այլ դիտանկյունից գնահատի դևրանք:

-Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքն է առավել առաջատար դառնո՞ւմ, թե՞ պարզապես առաջ է մղվում քաղաքական նպատակահարմարության խնդիրը:

-Այո, հենց քաղաքական նպատակահարմարությունն է կարևորվում, քանի որ ինքնորոշման սկզբունքը մշտապես ունեցել է առաջնային նշանակություն, բայց առաջնային պյան են մղվել պետությունների աշխարհաքաղաքական շահերը ու երկակի չափորոշիչների քաղաքականության պատճառով ինքնորոշման իրավունքի նկատմամբ կիրառվել է տարբերակված մոտեցում:

-Օբաման հայտարարեց՝ մենք չենք ճանաչում Ղրիմի հանրաքվեն, Պուտինը հակադարձեց՝ մենք չենք ճանաչում տեռորը: Չէ՞ք կարծում, որ Օբամայի <չճանաչել հանրաքվեն> խոսքը նշանակում է հետնահանջ ժողովրդավարության սկզբունքներից մեկից, փոխարենը գրագետ էր ՌԴ նախագահի հակադարձումը:

-Համամիտ եմ: Ղրիմի վրա Ռուսաստանի ազդեցությունն այնքան էլ մեծ չի եղել, որ պնդենք, թե տվյալներն ուռճացված են, ուրեմն չճանաչել Ղրիմի ժողովրդի հանրաքվեի արդյունքները, մեղմ ասած, ճիշտ չէ: Նույնկերպ ԱՄՆ-ը պետք է հիշի իր կողմից աջակցություն ստացած տարածքային մյուս միավորների խնդիրները՝ Կոսավոն, Աֆրիկայում տեղի ունեցած դեպքերը, մինչդեռ միջազգային հանրությունը շատ հանգիստ վերաբերվեց դրանց, անգամ աջակցեց:

-Խոսվում է Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցման մասին, իսկ սա նշանակում է, ՆԱՏՕ-ի ռազմաբազաների տեղակայում, ժողովրդական խոսքով ասած, Ռուսաստանի <քթի տակ>: Կարծում եք, Ռուսաստանը դա կհանդուրժի՞:

– Նախ, հիշենք, որ ՌԴ-ի անմիջական սահմանին վաղուց են տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազաները, մասնավորաբար, Բալթյան երկրներում: Սա նորություն չէ Ռուսաստանի համար: Մինչդեռ Ուկրաինայի պարագայում այն կդիտվի սուր մարտահրավեր ուղղված Ռուսաստանին և կմեծացնի լարվածությունը, գուցեև հանգեցնելով քաղաքական ճգնաժամի: Բայց այսօր վաղ է խոսել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության մասին, մանավանդ որ, այդ հարցի հետ կապված հենց ՆԱՏՕ-ի ներսում չկա միակարծություն: Որոշ պետություններ դեմ են և Ուկրաինայի, և Վրաստանի անդամակցմանը, իսկ դրանք այն պետություններն են, որոնք ՌԴ-ի հետ ունեն սերտ տնտեսական կապեր: Դժվար է ասել նաև, Ուկրաինայում բազաներ տեղակայելով ՆԱՏՕ-ն կշահի՞, թե՞ կկանգնի նոր խնդիրների առաջ:

-Չե՞ք կարծում, որ Ղրիմով սասանվեց ԱՄՆ-ի որպես գերտերություն անվիճելի համոզմունքը:

– ԱՄՆ-ի անսասանության գաղափարը սասանվել է դեռևս 2008-ին, երբ Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիան ու Աբխազիան: Բայց դա չխանգարեց, որ ԱՄՆ-ը տարբեր երկներում շարունակի իր, այսպես կոչված, հումանիտար ինտերվենցիան :Կարծում եմ, սրանից հետո էլ կանգ չի առնելու, ուղղակի այս ալիքը խորացրեց հակասությունը ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև, թերևս նվազեցնելով ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունները:

– Մեծ ութնյակի երկրները դադարեցրեցին Ռուսաստանի անդամակցությունը, Արևմուտքը հայտարարում է պատժամիջոցների մասին, իսկ ռուս պաշտոնյաները արհամարհանքով են արձագանքում Եվրոպական բանկերում իրենց ակտիվների սառեցման մասին լուրերին:

-Նաև հիշենք անդամակցության դադարեցման առնչությամբ Պուտինի արձագանքը՝ չկա ութնյակը, փոխարենը կա քսանյակը: Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք ոչ այնքան պետության դեմ են ուղղված, որքան կոնկերտ պաշտոնյաների, և ոչ այնքան տնտեսական բնույթ ունեն, որքան քաղաքական: Իսկ ովքե՞ր են պատժամիջոցներ կիրառողները, դրանք ԵՄ անդամ երկրներն են, որոնք ՌԴ- հետ գտնվում են սերտ տնտեսական կապերի մեջ, հետևաբար, զգուշանում են: Բավական զգուշավոր են նաև եվրոպական պաշտոնյաները, գիտակցում են, որ դա բումերանգի նման կարող է իրենց էլ հարվածել: Ես չեմ կարծում, որ պատժամիջոցները լուրջ ազդեցություն կթողնեն ՌԴ-ի արտաքին քաղաքականության վրա: Իսկ այսօր, կարծում եմ, որ պետք է Ռուսաստանին համոզել, նաև սիրաշահել ու կառուցողական երկխոսությամբ հանգել ընդհանուր հայտարարի, քանի որ վերադարձ հին տարբերակին այլևս հնարավոր չէ:

-Ռուսաստանի որպես գերտերության հաստատումը կարող է հանգեցնել որոշակի իրողությունների փոփոխման, այս առումով կանխատեսվում է, թե հարցականի տակ կդրվի ԱՊՀ-ի գոյությունը, կվտանգվի Մաքսային միությունը:Սա Արևմուտքի ցանկություննե՞րն են, թե հնարավոր զարգացումներ:

-Փաստ է, որ Ռուսաստանն իր հարևան երկրների հետ փորձում է նոր տիպի կայսերական քաղաքականություն վարել: Եվ ՌԴ-ն կձգտի արբայնակների նման իր շուրջը հավաքել ԱՊՀ պետություններին: Ու եթե Ռուսասատանի կենսատարածքում կան ուրիշ խաղացողներ, բնականաբար, նրանք երրորդ պլան կմղվեն: Սա ուժային կենտրոններին հատուկ քաղաքականությունն է: Ի դեպ, նույնն անում է և ԱՄՆ-ը: Ինչ վերաբերում է ԱՊՀ-ի ու ՄՄ-ի ճակատագրին, սկզբից ևեթ նախատեսված էր , որ ԱՊՀ-ն միջանկյալ դեր է ունենալու: Մաքսային միության ստեղծման նպատակները ևս հեռուն են գնում: Այնպես որ, և՛ ԱՊՀ-ն, և ՄՄ-ն ինտեգրացիոն միջանկյալ փուլեր են և ես կարծում եմ, որ այս իրադարձությունները խթանիչ դեր կունենան ու ՌԴ-ն որպես տարածաշրջանի միջուկ տերություն, կփորձի ավելի ամրապնդել իր տնտեսաքաղաքական գերակայությունը ԱՊՀ տարածքում: Ինչ վերաբերում է Արևմուտքի ցանկություներին, ապա ամերիկացիներին դուր չի գալիս նաև ԵՄ-ի հաջողությունները ինտեգրման որորտում, որովհետև նա չի ուզում ունենալ լուրջ մրցակից: Ժամանակին ԱՄՆ-ը կասկածամտորեն էր վերաբերվում նույն ԵՄ-ի ստեղծմանը: Այսօր ևս ԱՄՆ-ը նույնկերպ մտահոգ է, որ եթե ԱՊՀ տարածքում կայանա Մաքսային միությունը և հասնի իր բարձրակետին, այսինքն, ստեղծվի Եվրասիական տնտեսական միությանը, դա ԱՄՆ-ի համար կնշանակի գլոբալ մակարդակով ևս մեկ տնտեսա-քաղաքական գլխացավանք: Այնպես, որ նրա հակազդեցությունը լիովին հասկանալի է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Regions, TOP, Լրահոս, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն