Շվեյցարիային համոզել բողոքարկել ՄԻԵԴ-ի որոշումը, եղավ համազգային ճիգի արդյունքում
Օրերս Շվեյցարիայի կառավարությունը որոշում կայացրեց բողոքարկել ՙՓերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի՚ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խնդրահարույց վճիռը, որով արդարացվել էր Շվեյցարիայում Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը:
Թեմայի շուրջ զրուցեցինք ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ
-Արդարացնելով Փերինչեքին ՄԻԵԴ-ը ապացուցեց, որ ընտրողաբար է վերաբերվում մարդու արտահայտվելու իրավունքին, այսինքն, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն չի համարում, այն դեպքում, երբ Հոլոքոստի ժխտումը քրեորեն պատժելի արարք է: Ձեր գնահատականը:
-Այո, ՄԻԵԴ-ը նման որոշմամբ տարբերակում դրեց Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի միջև: Դատավարության մյուս ամենամեծ թերությունը նաև այն էր, որ Փերինչեքը կարծես գտնվում էր ոչ թե դատարանում, այլ գիտաժողովում ու նրա հայտարարությունը, թե ցեղասպանությունը համաշխարհային սուտ է, ՄԻԵԴ-ը այսպես մեկնաբանեց` թուրք գործիչը չի ասել, որ տեղահանություն, ջարդեր չեն եղել, այլ ասել է` ՙայդ դեպքերը՚ 1948-ի Կոնվենցիայի համաձայն ցեղասպանություն պետք չէ որակել:
-Այսինքն, ՄԻԵԴ-ը “դիվանագիտորեն” խմբագրե՞ց Փերինչեքի խոսքը:
-Այո, և տվեց իրողությանը չհամապատասխանող մեկնաբանություն, մինչդեռ այդպես չի եղել, Փերինչեքի խոսքում կա հայության հանդեպ ատելություն սերմանելու և Հայոց ցեղասպանության ժառանգներին վիրավորելու հստակ նպատակադրում:
-Հիշենք նաև, որ դատավարության բուն գործընթացը զերծ չմնաց կողմնապահությունից ևս. ներկա էր թուրքական կողմը, մինչդեռ հրավիրված չէր հայկականը:
-Գիտեք, այստեղ հրավիրելու հարց չկա, ու Հայաստանն ինքը պետք է որոշեր` մասնակցել, թե ոչ: Բայց այստեղ մի նրբություն կա. նախ Թուրքիան դատավարությանը մասնակցում էր որպես շահագրգիռ կողմ, որովհետև Փերինչեքը այդ երկրի քաղաքացի է: Մյուս կողմից, դատավարությունը հատուկ չէր վերաբերվում Հայոց ցեղասպանությանը, այլ առնչվում էր Շվեյցարիայի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքին: Այս առումով Հայաստանի չմասնակցությունը հասկանալի էր: Սակայն Եվրոպական դատարանի կայացրած որոշմամբ, ուր ասվում է, որ ՙայդ դեպքերը՚ երկու պետությունների միջև հարցեր են հարուցել, Հայաստանն ինքնաբերաբար դառնում է կողմ և ներքաշվում գործընթացների մեջ: Հետևաբար, ՄԻԵԴ-ի կողմից Շվեյցարիայի կառավարության բողոքարկումն ընդունելու դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա մասնակցելու դատավարությանը:
–Ասել էիք, թե Շվեյցարիային համոզելը` բողոքարկել ՄԻԵԴ-ի որոշումը, եղել է համազգային ճիգի արդյունք: Կարո՞ղ եք փոքր-ինչ բացել փակագծերը, թե ի՞նչ փաստարկներով հաջողվեց Շվեյցարիային համոզել:
– Որոշ քայլերի մասին հրապարակավ ասվել է, խոսքս վերաբերվում է մեր կաթողիկոսների դիմումին, ակտիվ աշխատել են նաև մեր համայնքները, Հայ դատի հանձնախմբերը 13 երկրներում հանդիպումներ են ունենցել Շվեյցարիայի դեսպանատների հետ: Հայկական կողմի հիմնական փաստարկը եղել է հետևյալը. անկախ այն բանից, սա խոսքի ազատության հարց է, թե ոչ, ՄԻԵԴ-ի որոշման մեջ կա ցեղասպանության փաստը խնդրո առարկա դարձնող հաստատումներ: Հետևաբար, Շվեյցարիայի բարի ցանկությունները վատ արդյունք կտան, եթե վճիռը չբողոքարկվի: Շվեյցարիայի իշխանություններին է փոխանցվել նաև միջազգային իրավագետների տեսակետը` ՄԻԵԴ-ի կայացրած վճռի թերի կողմերի ու բողոքարկման հիմքերի մասին: Եղել են այլ աշխատանքներ ևս, այդ թվում նաև լուրջ դերակատարում է ունեցել մեր պետությունը:
–Եթե հայկական կողմն այս անգամ հնարավորություն ունենա մասնակցելու դատական գործընթացին, ըստ ձեզ, ո՞ր փաստերի վրա պետք է սևեռի դատարանի ուշադրությունը: Օրինակ, Արա Պապյանը երկու առաջարկ է անում. 1-ին, վիճարկել օրենքի խտրականության հարցը, 2-րդ, իբրև կարևոր նախադեպեր վեր հանել այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ են դատապարտվել Հոլոքոստը ժխտելու համար:
– Եթե դատարանը որոշի լսել շահագրգիռ կողմերին, (բացառված չէ, որ բավարավի իր ձեռքի տակ եղած փաստերով ու դռնփակ քննարկում անցկացնի, այդ դեպքում հայկական կողմը հնարավորություն չի ունենա մասնակցելու), ապա ձեր նշածների հետ միաժամանակ մենք պետք է շեշտենք երկու կարևոր հանգամանք: Նախ, որ Փերենչեքի ու նրա նմանների քայլերը միտված են հայության հանդեպ ատելության սերմանմանը: Երկրորդ, պետք է հիշեցնենք 1919-20թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դատավարության մասին, որը հաստատեց այն փաստը, որ Թուրքիայի կառավարությունը իրականացրել է հայ ժողովրդի ծրագրված ոչնչացում:
–Կա՞ իրավաբանների խումբ, որն այսօր աշխատում է խնդրի շուրջ: Եվ առհասարակ, տարիներ շարունակ խոսվում է իրավական փաթեթի ստեղծման անհրաժեշտության մասին, բայց 2015-ի նախաշեմին այն դեռ պատրաստ չէ:
-Մշտապես ՀՅԴ-ի նպատակն է եղել համահայկական համախոհություն ձևավորել իրավական փաթեթի ստեղծման շուրջ: Ի բարեբախտություն մեզ, 2011-ին ստեղծված պետական հանձնաժողովի անդամները լիովին համակարծիք եղան այս մտքին: Դռնփակ նիստերում լուրջ քննարկում ծավալվեց և հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը իրավական փաթեթի մի մասի իրականացմանը, այն վերաբերվում է Արևմտյան Հայաստանի եկեղեցապատկան կալվածքների վերադարձին: Իր հերթին Հայ փաստաբանների համաշխարհային միությունը որոշում կայացրեց ոչ միայն եկեղեցապատկան կալվածքների, այլև հատուցման ու իրավունքների հարցում ևս աջակցել որոշ նախագծերի լրամշակմանը: Այսօր Հայաստանում, կարելի է ասել, հավաքված է իրավական մտքի ընտրանին: Դեռ 2008-ին ՀՅԴ-ն ևս ձևավորել է մասնագետների մի խումբ, որոնք արդեն իսկ մեկ թղթածրար պատրաստել են: Կան այս ուղղությամբ աշխատող անհատներ ևս, և մենք ակնկալում ենք, որ 2015-ին ընդառաջ կունենանք այդ իրավական թղթածրարը:
-Հրեաները մեկ սկզբունք ունեն՝ պահել Հոլոքոստի բացառիկությունը, և քիչ չի խոսվում այն մասին, որ ամերիկյան իրավաբանների, ցեղասպանագետների զգալի մասը, լինելով ազգությամբ հրեա, իրենց լուման ունեն Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի մերժման հարցում: Հրեական լոբբին, իրո՞ք, այդչափ ազդեցություն ունի:
– Չեմ բացառում, իհարկե, հրեական լոբբիի դերը, ԱՄՆ-ում կան հրեական կազմակերպություններ, որոնք Կոնգրեսում աշխատում են Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի դեմ: Բայց չեմ էլ գերագնահատում նրանց դերը: Ավելին, սխալ կլինի այս գնահատականը տարածել բոլոր հրեաների վրա, որովհետև Հայոց ցեղասպանության վկաների մի կարևոր մասը` Մորգենթաուից մինչև ՙցեղասպանություն՚ բառը ստեղծող Ռաֆայել Լեմկինը, ու միջազգային իրավունքի շատ ցեղասպանագետներ լինելով ազգությամբ հրեաներ, բարձրացրել ու բարձրացնում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Այսօր Իզրայելում կան հրեաներ, նույնիսկ սիոնիստներ, որոնք գտնում են , որ Իզրայել երկիրը ու սիոնիզմը որպես ուղղություն սխալ կեցվածք են ընդունել Հայոց ցեղասպանության հարցում: Ի դեպ շեշտվում է, որ պետք է ընդունել Հայոց ցեղասպանությունը և դա չպայմանավորել Իզրայել-Թուրքիա ներկայիս քաղաքական վատ հարաբեություններով, այլ համարել որպես սկզբունքային մոտեցում:
-Նախագահ Սարգսյանը Շվեյցարիայի կառավարության ընդունած որոշումը մի մեծ գործընթացի սկիզբ համարեց, այսինքն, առջևում դեռ շատ անելիք կա: Ի՞նչ հույսեր ունեք, այս անգամ կարո՞ղ ենք Եվրոպական դատարանից արդար վճիռ ակնկալել:
-Ես լավատես եմ, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ ՄԻԵԴ-ի որոշումը միաձայն չի ընդունվել, 7 դատավորներից 2-ը դեմ էին արտահայտվել: Իսկ վճռի փոփոխմանը հասնելու համար պետք է համադրենք մեր համազգային ջանքերը, իրավական ճշգրիտ մարտավարություն որդեգրենք:
–Պարոն Մանոյան, դուք խոսեցիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի մասին, սակայն ինչո՞վ կպայմանավորեք հանձնաժողովի հասցեին հաճախ հնչող քննադատությունը, մանավանդ, սփյուռքի մեր հայրենակիցների կողմից, թե ակտիվ գործ չի արվում:
-Ես կարծում եմ, պետական հանձնաժողովի դերակատարման մասին կա թյուրընբռնում, այսինքն, ակնկալիքներն այլ են: Սփյուռքի մեր համայքներն ակնկալում են, որ հանձնաժողովը պետք է ուղղորդի իրենց, թելադրի, բայց դա ճիշտ չէ: Նախ, հանձնաժողովը չունի նման լիազորություն, բացի այդ, եթե գնա նման քայլերի, ապա դա Հայաստանի կողմից կդիտվի այլ երկրների հկ-ների գործունեության ուղղորդում: Ի դեպ, սա այն հարցն է, որում մենք մեղադրում ենք Թուրքիային, Ադրբեջանին, որ Բաքվից ու Անկարայից ղեկավարում են տվյալ երկրներում գտնվող իրենց համայնքների աշխատանքները, այդ երկրներում ստեղծելով իրենց 5-րդ շարասյունը: Եվ սա թուլացնում է նրանց դիրքերը: Հետևաբար, հանձնաժողովը ոչ թե պետք է թելադրի, այլ իր աշխատանքները համադրի սփյուռքի մեր համայնքների հետ, ինչի մասին վկայում է երկրի նախագահի հրամանագիրը: Այս հարցում պետք չէ քննադատել հանձնաժողովին: Այսօր բոլորիս ճիգերը պետք է ուղղվեն ընդհանուր համախոհությանը, ու այդ հիմքի վրա պետք է առաջ ընթանալ, քանի որ պետական հանձնաժողովը իր աշխատանքները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցով չի ավարտելու:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












