Քեսաբի ու նման դեպքերում պիտի գործի երկրի համակարգը, այլ ոչ թե ֆեյսբուքյան զգացմունքայնությունը.Համլետ Պետրոսյան
Պատմաբան Համլետ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.<Աշխարհը բաց է, և դա հիանալի է: Գնում ենք, գալիս ենք, տեսնում ենք, սովորում: Փոխվում ենք և մենք: Ոմանք փորձում են փոխել և մեր երկիրը: Գաղտնիք չէ, որ շատերն էլ գնում են՝ որ ետ չգան, գնում են՝ ուղղակի դասավորելու իրենց անձնական կյանքը՝ և վերջ: Դա էլ նրանց իրավունքն է՝ ոչ էլ դատապարտում եմ: Ես երբեք դուրս չեմ գնացել իմ երկրի փողերով, իմ երկրի ծրագրով, որպես իմ երկրի քաղաքացի: Եվ ինձ համար դա մտահոգիչ է: Ինչքա՜ն եմ ուրախացել, երբ անցած տարի ես Տիգրանակերտի արշավախմբի գումարներով Ֆլորենցայի համալսարանի երկու հնագետների հրավիրեցի պեղումների: Հայաստանյան պեղումների պատմության մեջ նման այլ դեպք չգիտեմ: Գուցե և կա՝ բայց մեկ-երկու օրինակ հազիվ լինի: Կարծում եմ մեր հիմնական խնդիրն է՝ մեր երկիրն այնքան զորավոր, քաղաքացիակենտրոն ու հայասեր դարձնել՝ որ նա կարողանա աշխարհը համարել իր ազգային շահերի դաշտ, որ նրա խոսքն ու գործը կշիռ ունենան, որ նրա քաղաքացին՝ ուր էլ լինի՝ թիկունքին զգա իր երկրի շունչը: Այդ դեպքում ցանկացած Քեսաբի դեպքում կգործի երկրի համակարգը, այլ ոչ թե ֆեյսբուքյան զգացմունքայնությունը: Կասեք ռոմանտիկ եմ: Կասեմ՝ այո: Բայց ես այդպիսի երկիր եմ ուզում և այդպիսի երկիր կայացնելուն եմ ուղղել և ուղղելու իմ համեստ ջանքերը: Բողոքել սրան-նրան մեր անարդար-անողորմ ճակատագրից ու մեր անարգ թշնամիներից. կներեք, ես դա չեմ արել ու չեմ անելու:












