Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

ՍԴ որոշումը վիճարկողների նպատակը երկրում սահմանադրական ճգնաժամ ստեղծելն է

Ապրիլ 3, 2014թ. 22:40

դեմ եմՍԴ-ի բացառիկ որոշումից ժամեր անց ցնծությունը փոխվեց կասկածի, ապա անհանգստության: Իսկ հասարակության տրամադրությունների անկման
պատճառը տարբեր պաշտոնատար անձանց կողմից հնչող ՍԴ որոշման հակասական մեկնաբանություններն են, ինչի արդյունքում բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ չհասկացված: Իսկ “Դեմ եմ” շարժման ակտիվիստները հայտարարում են ` իրավական պայքարի փուլ ենք թևակոխում:
Թեմայի շուրջ զրուցեցինք փաստաբան, “Դեմ եմ” քաղաքացիական նախաձեռնության անդամ ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ

-Սահմանադրական դատարանը կուտակայինի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչվե՞ց, թե՞ ոչ: Եթե այո, ապա որոշման ո՞ր կետերով է դա ամրագրվում:

-ՍԴ որոշումը դեռևս ամբողջությամբ հրապարակված չէ, այնուհանդերձ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցեց դատարանի իրավական դիրքորոշումը, 8 կետից բաղկացած ՍԴ որոշման եզրափակիչ մասում հստակ նշված են, թե ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ օրենքի ո՞ր հոդվածներն են ճանաչվել հակասահմանադրական: Շատ կարևոր է որոշման 6-րդ կետը, համաձայն որի, այլևս չի գործում պարտադիր բաղադրիչը: Նաև ասվում է` օրենքի այն հոդվածները, որոնք համապատասխում են Սահմանադրությանը կգործեն միայն այն դեպքում, եթե աշխատողի կողմից կա կամքի դրսևորում, այսինքն, քաղաքացին իր կամքով կգրի դիմում, կընտրի ֆոնդը և գործատուին թույլ կտա փոխանցումներ կատարել: Մինչդեռ այսօր որոշ պաշտոնյաներ շրջանցում և չեն հիշատակում ՍԴ-ի որոշման 6-րդ կետը: Շատ կարևոր դրույթ է նախատեսում նաև որոշման 7-րդ կետը:

-Ինչն, ի դեպ, տարաբնույթ մեկնաբանությունների արդյունքում խառնաշփոթի առիթ է դարձել:

-Այո: Բանն այն է, որ 7-րդ կետում ՍԴ-ն սահմանել է ժամկետ, դա սեպտեմբերի 30-նն է, որի ընթացքում կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է օրենքները համապատասխանեցնեն ՍԴ որոշմանը, ապա սևով սպիտակի վրա նշել, որ այդ ժամկետը վերաբերում է որոշման 1-ից 5-րդ կետերին, բայց չի տարածվում 6-րդ կետի վրա, որն ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից: Այդ մասին շետվում է 8-րդ կետում. ՙՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՚: Բայց ինչ է ստացվում, փաստորեն, կառավարությունը բացահայտորեն փորձում է շրջանցել ՍԴ որոշման պարտադիր պայմանը, այն է` 6-րդ կետը ՍԴ որոշումից հետո անմիջապես իրականացվելու է:

-Չուշացավ կառավարության արձագանքը. վարչապետ Սարգսյանը հայտարարեց` “Կուտակային կենսաթոշակների մասին՚ե օրենքը մինչև սեպտեմբերի 30-ը կգործի այն տեսքով, ինչպես հաստատվել է Ազգային ժողովի կողմից”: Փաստորեն, գործադիրի ղեկավարը կրկնեց Կենտրոնական բանկի թույլ տված հակասահմանադրական սխալը` պարզաբանելով ՍԴ որոշումը:

-Այո, և ես հարց եմ ուղղում` ի՞նչ իրավունքով: Փաստորեն, կառավարությունն ասում է, չնայած ՍԴ-ն իր որոշմամբ հաստատել է, որ օրենքում կան հակասահմանադրական դրույթներ, բայց ոչինչ, եկեք 5 ամիս ևս կիրառենք այդ անօրինական հոդվածները, շարունակենք գումարներ գանձել ու քերթել ժողովրդի կաշին, խախտել Սահմանադրության 3-րդ հոդվածը, իսկ հետո կտեսնենք: Սա անպատասխանատվություն է երկրի ու ժողովրդի հանդեպ:

Կառավարության արձագանքում նշված է. “ՍԴ-ն սահմանել է, որ օրենքում կան թերություններ, որոնք պետք է շտկվեն” բայց արդյո՞ք, սրանով կառավարությունը չի փորձում սրբագրվում ՍԴ որոշումը, ուր խոսքը ոչ թե թերությունների, այլ հոդվածների հակասահմանադրականության մասին է:

-Իհարկե: ՍԴ-ն թերություններ շտկող մարմին չէ, այլ սահմանադրական հիմնախնդիրներ լսող ու վերլուծող, որն իր որոշմամբ արձանագրեց, որ օրենքում թույլ են տրվել մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ:
Իսկ այժմ ես մի անմեղ հարց եմ ուղղում պարոն վարչապետին, նաև պատգամավոր Դավիթ Հարությունյանին, ասացեք խնդրեմ, իսկ ե՞րբ է ուժի մեջ մտնելու ՍԴ եզրափակիչ որոշման 6-րդ կետը: Ժողովուրդը ձեզանից ակնկալում է այս շատ պարզ, բայց և կարևոր հարցի պատասխանը:

-Նախօրեին “Շանթ” հեռուստատեսության եթերում ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն իր հերթին ասաց հետևյալը. “ՍԴ-ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա այդպիսի բան: Մենք ասել ենք, կան հակասահմանադրական կետեր, որոնք պետք է կարգավորվեն կառավարության և Ազգային ժողովի կողմից, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը օրենքը գործելու է և քաղաքացիները պարտավոր են շարունակել վճարումները՚: Ի դեպ, ՍԴ անդամի այս խոսքերից հետո ամեն ինչ իրար խառնվեց:

-Նման հայտարարությունն ինձ հիմք է տալիս ասելու, որ Ֆելիքս Թոխյանի վրա ճնշում է գործադրվել: ՍԴ-ն, ի դեմս նախագահ Գագիկ Հարությունյանի օբյեկտիվորեն, շատ հստակ հրապարակեց որոշումը, մինչդեռ պարոն Թոխյանն իր մեկնաբանություններով աղավաղում է որոշման տրամաբանությունը: Տեղեկացնեմ, որ ՍԴ այն անդամները, որոնք չեն համաձայնվում մեծամասնության կարծիքի հետ, ունեն այլ կարծիք, ապա օրենքները` ՀՀ Սահմանադրությունը, ՍԴ մասին օրենքը, ՍԴ կանոնակարգը, նրանց թույլ է տալիս ներկայացնելու հատուկ կարծիք, որն հանդիսանում է ՍԴ որոշման բաղկացուցիչ մաս և հրապարակվում նույն ընթացակարգով: Հետևաբար, պարոն Թոխյանը թող բարի լիներ ոչ թե եթերով ասել իր հատուկ կարծիքը, այլ Գագիկ Հարությունյանի ՍԴ որոշումը ընթերցելուց անմիջապես հետո պաշտոնապես ներկայացներ այն: ՍԴ-ն չի հայտարարել, որ կա հատուկ կարծիք, հետևաբար, Թոխյանի եթերով հանդես գալը կոպտագույն սխալ է: Հարց եմ ուղղում Ֆելիքս Թոխյանին` ո՞վ է ձեզ տվել իրավունք պարզաբանելու ՍԴ որոշումը: Նա խախտել է սահմանադրական կարգը ու իր ոչ արդարացի քայլով հանրապետությունում ստեղծել սահմանադրական ճգնաժամը: Ազգային ժողովը պետք է բարձրացնի նրա պաշտոնավարման ու մասնագիտական որակավորման հարցը, արդյո՞ք նման անդամը կարող է այլևս պաշտոնավարել: Իսկ եթերից նրա հնչեցրածը ես ընդունում եմ ոչ թե որպես ՍԴ անդամի, այլ սովորական քաղաքացու կամ մեր հարևանի խոսք, և հայտարարում` ուզում եմ ստանալ Ֆելիքս Թոխյան ՍԴ անդամի հատուկ մասնագիտական կարծիքը:

-Ի՞նչ գործընթաց է սպասվում հետայսու. գործատուն կարող է՞ առանց աշխատողի կամքը հաշվի առնելու նրա աշխատավարձից պահել կենսաթոշակային կուտակային պարտադիր վճարը:
-Իհարկե, ոչ, 5 % վճարները չեն կարող մարդու կամքից անկախ գանձվել և դա բխում է ՍԴ որոշման 6-րդ կետից: Ըստ էության, ՍԴ-ի որոշման տրամաբանությանն այն է, որ օրենքը կամավորության սկզբունքով մնում է շրջանառության մեջ, Գագիկ Հարությունյանը հանգեցրեց դրան` հաշվի առնելով այն, որ գուցե կգտնվեն մարդիկ, ովքեր կամավորության սկզբունքով պատրաստ են մտնել այդ կամավոր համակարգի մեջ, պատրաստ են 43 տարի անց ստանալ այդ գումարը: Սա յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Իսկ ՍԴ որոշման հիմքում Սահմանադրության 3-րդ հոդվածն է` “Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են”, ինչի վրա կառուցվել է ՍԴ կայացրած որոշման ողջ տրամաբանությունը:

-7-րդ հոդվածում նշված է. “… վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները”. այն քաղաքացիները, ովքեր կամավոր չեն ընտրել պարտադիր բաղադրիչը, կարող ե՞ն հիմնվել այս դրույթի վրա և գործատուներից պահանջել վերադարձնել գանձված գումարները:

-Այո, միանշանակորեն, “Դեմ եմ” նախաձեռնության անդամներն այժմ մշակում են դիմումի ձև, որի հիմքում ընկած է ՍԴ որոշման 6-րդ կետը որպես անմիջականորեն գործող նորմ: Աշխատող մարդիկ այդ դիմումի հիման վրա պետք է ծանուցեն իրենց գործատուներին հետևյալի մասին` չկատարել պահումներ: Այս պահանջի հիմքում դարձյալ Սահմանադրության 3-րդ հոդվածն է: Իսկ եթե որոշ պաշտոնյաներ շարունակում են հակառակը պնդել, դա նշանակում է` նրանք ամեն ինչ անում են, որ Հայաստանում ստեղծվի սահմանադրական ճգնաժամ:

Հ.Գ. Հարցազրույցից ժամեր անց, երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց , որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգասյանը ներկայացրել է հրաժարականի դիմում, ինչն ընդունվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն