ԻՆՉՊԻՍԻ՞ ՎԱՐՉԱՊԵՏ Է ԱՅՍՕՐ ՀԱՐԿԱՎՈՐ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ
Քանի դեռ երկրի նախագահը չի ներկայացրել նոր վարչապետի թեկնածությունը, մամուլը չի դադարի շրջանառել հնարավոր ու անհնար թեկնածուների տարբերակները` հղումներ անելով «հավաստի» աղբյուրներին: «Ով կլինի նոր վարչապետը» հարցն այսօր, անշուշտ, ամենաինտրիգայինն է։ Այնուհանդերձ ձեռնպահ մնալով քաղաքական գուշակություններից՝ անդրադառնանք ամենակարեւորին` գործադիրի ինչպիսի ղեկավար է այսօր հարկավոր Հայաստանին:
ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՅՈՒՂ ԱՌ ԳՅՈՒՂ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ
/ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆ «Ազգային միաբանության» նախագահ/
-Ես կնշեմ մի քանի կետեր: Հայաստանի նորանշանակ վարչապետը պետք է նախ խորը մասնագիտական գիտելիքներ ունենա մակրոտնտեսագիտությունից ու բանակային ոլորտից, փայլուն տիրապետի աշխարհաքաղաքական զարգացումներին` առկա եւ սպասվող, խորությամբ ճանաչի Հայաստանի Հանրապետությունը:
Իհարկե, խոսքս այն մասին չէ, որ գերազանց տիրապետի ազգային վիճակագրական ծառայության ամփոփ տեղեկագրերին կամ էլ Կենտրոնական բանկի պարբերականներին, այլ այն, որ ներկայիս Հայաստանը պատկերացնի գյուղ առ գյուղ ու, հանրագումարի բերելով մեր ներուժը, կյանքի կոչի զարգացման հնարավոր ուղիներ:
Պետք է ունենանք վարչապետ, որը մանրազնին կվերլուծի, թե ինչ ապրանքատեսակներ են ներմուծվում Հայաստան եւ կարճ ժամկետում ձեռնամուխ կլինի դրանց արտադրության կազմակերպմանը մեր երկրում: Մինչդեռ այսօր մենք ներմուծում ենք 800 մլն դոլարի ապրանքատեսակներ, բայց կարող ենք, առանց երկարուձիգ մտորումների, դրանց արտադրությունը մեզ մոտ կազմակերպել:
Նոր վարչապետը պետք է քաջատեղյակ լինի երկրի կադրային բանկին ու բարձրորակ մասնագետների ներգրավման հարցում ամենեւին չառաջնորդվի կուսակցական պատկանելությամբ:
ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՊՈՉԵՐԻՑ» ԶԵՐԾ ՎԱՐՉԱՊԵՏ
/ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ Դեմկուսի նախագահ/
-Նախ պետք է հասկանալ, թե երկրի նախագահը ինչ սկզբունքով է առաջնորդվելու վարչապետի ընտրության հարցում: Կա երկու սկզբունք. առաջին՝ նախագահը կարող է անհրաժեշտ համարել կոսմետիկ փոփոխություններով ներկայիս իրավիճակի պահպանումը, մինչեւ կգա վճռական փոփոխությունների ժամանակը: Եվ երկրորդ՝ երբ նախագահը պատրաստվում է նոր վարչապետի հետ իրականացնել համակարգային փոփոխություններ: Թե երկու դեպքերից ո՞րը կնախընտրի նախագահը, ըստ այդմ կառաջարկվեն վարչապետի բոլորովին տարբեր կերպարներ:
Ըստ իս, նոր վարչապետը պետք է ունենա լրջագույն քաղաքական կամք, գիտելիքներ եւ փորձ, որպեսզի կարողանա իրականացնել տնտեսական ու սոցիալական բարեփոխումներ: Նաեւ պետք է ունենա համապատասխան վստահություն` դրսից տնտեսական ներդրումներ երկիր բերելու համար:
-Չե՞ք կարեւորում վարչապետի նաեւ քաղաքական «ֆիգուր» լինելը, որը կվայելի քաղաքական շրջանակների վստահությունը, դրանով իսկ կնպաստի ներքաղաքական լարվածության մեղմացմանը:
-Դա այնքան էլ չեմ կարեւորում, փոխարենը շատ կարեւոր եմ համարում, որ նա չունենա քաղաքական «պոչեր»: Եթե այդ «ֆիգուրը» նախորդ տարիների քաղաքական իր գործունեությամբ արդեն իսկ վարկաբեկված է, ապա դա միմիայն գլխացավանք կլինի նախագահի համար:
-Այսինքն՝ անկուսակցական լինելն այս դեպքում նախընտրելի է:
-Այո: Կուսակցական պատկանելությամբ պետք չէ սահմանափակվել: Չէ՞ որ մեծ փորձ ունեցող, հմուտ հայրենակիցներ ունենք, որոնք միջազգային ասպարեզում լայն ճանաչում ունեն, ինչին հասել են շնորհիվ իրենց ինտելեկտուալ կարողությունների, եւ ոչ երբեք թալանի կամ էլ այլ մեքենայությունների հաշվին: Այդպիսիք կան ե՛ւ դրսում, ե՛ւ ներսում, նրանց կարելի է գտնել:
Ի դեպ, պարտադիր չէ, որ վարչապետը լինի տնտեսագետ, շատ երկրներում այդպես է: Իհարկե, նա պետք է տեղյակ լինի երկրի իրավիճակին, աշխարհաքաղաքական գործընթացներին, բայց դրա հետ մեկտեղ առաջնայինը նրա կազմակերպական ունակություններն են:
Հիշում եմ, երբ Կարեն Դեմիրճյանը ընտրվեց Կենտկոմի առաջին քարտուղար, չզլացավ ու ամեն օր իր մոտ էր հրավիրում տարբեր մասնագետների, որոնք նրան բացատրում էին տարբեր ոլորտների խնդիրները, և դա շատ օգնեց Կարեն Դեմիճյանին` դառնալու իսկական ղեկավար:
–Դուք այնքան տեսանելի նկարագրեցիք վարչապետի ձեր նախընտրելի թեկնածուին, որ տպավորություն ստեղծվեց, թե կոնկրետ անձի նկատի ունեք:
-Իհարկե, նկատի ունեմ, և ոչ թե մեկին, այլ մի քանիսին: Մեր ժողովրդի ներուժը չի սպառվել, որ չծնի նման մարդկանց: Նրանք կան ու շատ են, հայերը դրսում մեծ հաջողությունների են հասնում, այսօր գրեթե բոլոր բնագավառներում մենք մեծություններ ունենք: Ուղղակի նրանց համար պայմաններ պետք է ստեղծվեն հենց մեր հանրապետությունում:
-Ուրեմն, նոր վարչապետի հնարավոր թեկնածուին կարելի է փնտրել նաև դրսում:
-Այո, թող “վերևներում” մտածեն այդ մասին: Անուններ տալ չեմ կարող, բայց նրանք կան: Ժամանակին ես առաջարկել եմ Տիգրան Սարգսյանին, նաև խնդրել նրան առաջարկս ներկայացնել նախագահին` հավաքել դրսի մեր կարող ուժերին ու նախագահին կից ձևավորել փորձագետների խորհուրդ, որոնք և’ ռեալ ծրագրեր կկազմեն, և դրանց իրականացման պատասխանատվությունը կստանձնեն:
Բայց այս ամենի համար նախ հարկավոր է ապամոնտաժել օլիգարխիկ համակարգը, օր առաջ իրականացնել համակարգային փոփոխություններ, որովհետեւ այս համակարգը թույլ չի տալիս երկիրը տանել իրական զարգացման ուղիով: Քանի դեռ այն պահպանվում է, ոչ մի վարչապետ իրական քայլեր անել չի կարող:
ՆՈՐԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆԱՎՈՐ
/ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ «Ժառանգություն»/
-Նոր վարչապետ չպետք է լինի անձը, որը նախկինում իշխանության մեջ է եղել, այսինքն՝ եղել է նախկին նախագահ կամ վարչապետ, նախկին նախարար ու փոխնախարար կամ էլ քաղաքապետ, նրանք բոլորն էլ իրենց ուսերին կրում են փոքր ու մեծ մեղքեր: Նման անձի «վերապաշտոնավարումը» ոչինչ չի կարող տալ երկրին:
-Դուք թվարկեցիք պաշտոններ, կոնկրետ անձի ակնարկ կա՞ ձեր խոսքում:
-Այո, եւ ոչ թե մեկին, այլ մի քանիսին նկատի ունեմ, ու չէի ցանկանա նրանց տեսնել վարչապետի պաշտոնում: Իսկ անուններ տալը չեմ կարեւորում, որովհետեւ խնդիրն անձերի մեջ չեմ տեսնում, այլ համակարգային փոփոխության:
Հայաստանում կան անձինք, որոնք կարող են արժանապատվորեն ստանձնել գործադիրի ղեկավարի պաշտոնը, բայց քանի դեռ երկրում չի եղել իշխանափոխություն, չի փոխվել կառավարման համակարգի տրամաբանությունը, քանի դեռ մարդիկ մտածում են հնարավորինս շատ յուրացնել պետական միջոցները, ազգային հարստությունը, ուստի ով էլ նշանակվի վարչապետ, միեւնույն է, նա ի վերջո չի կարող դրական արդյունքներ գրանցել: Եվ կարճ ժամանակ անց մենք դարձյալ կկանգնենք նույն կոտրած տաշտակի առաջ: Անձը կարող է համակարգում դետալներ շտկել, սակայն չի կարող գործընթացների վրա արմատական ազդեցություն ունենալ:
ՄԵԶ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՊԵՏՔ ՉԷ
/ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ ԱԻՄ նախագահ/
-Հայաստանում վարչապետը որեւէ դեր չունի, հետեւաբար նման խոսակցությունները ժամավաճառություն եմ համարում: Ընդհանրապես, վարչապետի պաշտոնը ավելորդություն եմ համարում:
-Ուրեմն ի՞նչ եք առաջարկում:
-Վաղուց եմ առաջարկել, դեռ Լ.Տեր-Պետրոսյանին եմ ներկայացրել, եւ նա, թեպետ ուշացումով, բայց մի հանդիպման ժամանակ խոստովանեց` «գիտես, դու ճիշտ էիր, որ Հայաստանին նշանակովի վարչապետ հարկավոր չէ», ասաց, որ իր անձնական փորձով է համոզվել:
– Տիգրան Սարգսյանը ճիշտ պահի?ն ներկայացրեց իր հրաժարականը:
-Ոչ, ավելի վաղ պետք է հեռանա: Այն ժամանակ, երբ մերժեց Հայաստանի հիմնադիր կազմակերպության` ԱԻՄ-ի մի քանի առաջարկները, այսինքն, անցում չկատարեց միասնական ուղղագրության, չկիրառեց ժողովրդավարացման կատարյալ մոդելը, միջազգային դիվանագիտական շրջանակներում չշրջանառեց այն դրույթը, համաձայն որի, Հայաստանի տարածքների 80 տոկոսը, բոլշևիկյան Ռուսաստանի օգնությամբ, բռնազավթված են Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չհամաձայնվեց փոխել հիմներգը: Այդ ժամանակ նա պետք է ասեր` ես չեմ կարողանում ճիշտ աշխատել ու հրաժարական տար:
Քաղաքական գործիչների հետ զրուցեց ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ












