ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
Այսօր ԵԽ ԽՎ լիագումար նիստում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ԵԽ ԽՎ-ում ժողովրդավարության գործընկերոջ կարգավիճակ տալու հարցը: Հայ պատգամավորն անընդունելի է համարել, որ չճանաչված մեկ այլ պետություն` Պաղեստինը, կարող է ստանալ նման կարգավիճակ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` ոչ:
Ավելին՝ Ն.Զոհրաբյանն առաջարկել է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ ԽՎ-ում քննարկվի Ղարաբաղին առնչվող որեւէ հարց, Արցախի խորհրդարանի պատգամավորները հնարավորություն ունենան ներկա լինելու ԵԽ ԽՎ նիստին եւ ներկայացնելու իրենց տեսակետը, ինչպես դա արվում է Կոսովոյի դեպքում: «Չկարգավորված հակամարտությունը չպիտի պատճառ դառնա ոտնահարելու Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները։ Երկակի ստանդարտների կիրառումը կարող է բերել համաեվրոպական արժեքների ճգնաժամի»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը։












