Գլխավոր » Politics, Լրահոս, Քաղաքականություն

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԿԱՎՈՐ Է ՈՉ ԹԵ ԿՈԱԼԻՑԻՈՆ, ԱՅԼԵՎ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 9, 2014թ. 23:30

քեռյան Կառավարության նոր ղեկավարի անունը դեռ չի հնչեցվել, փոխարենը շրջանառվում են կարծիքներ ստեղծվելիք կառավարության նոր ձևաչափի մասին, որն այս անգամ ստացել է ՙազգային համաձայնության կառավարություն՚ անունը:
Եվ ուրեմն, ազգային համաձայնության վրա խարսխվա՞ծ, թե՞ արհեստավարժների կառավարություն: Մեր զրուցակիցն է քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԸ

-Սովորաբար, ազգային համաձայնության կառավարություններ ձևավորվում են ճգնաժամային իրավիճակներում: Կարծում եք, Հայաստանում այսօր կա՞ նման կառավարության ստեղծման անհրաժետություն:

-Չնայած Հայաստանում կան սոցիալական, տնտեսական դժվարություններ, բարդություններ նաև արտաքին քաղաքական ոլորտում, բայց ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժետություն չկա: Ինչո՞ւ, որովհետև նոր են ավարտվել նախագահական ու խորհրդարանական ընտրությունները և հաղթանակած ուժը` ՀՀԿ-ն ընդամենը մեկ տարի առաջ է ձևավորվել նոր կառավարություն: Նկատենք, որ մեկ տարի առաջ ՀՀԿ-ն այլ կուսակցությունների հետ կոալիցիա ստեղծելու հարցում չեկավ համաձայնության, ինչը շատ բնական էր: Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող ուժը ունի անհրաժեշտ լծակներ միակուսակցական կառավարություն կազմելու և ՀՀԿ-ն որպես մեծամասնություն գնաց իր ընտրական իրավունքի իրացման ճանապարհով: Հետևաբար, ՀՀԿ-ն, որն իր վրա վերցրեց կառավարություն ձևավորելու պատասխանատվությունը, իր սկսած գործը պետք է տանի մինչև վերջ` հաջորդ ընտրություններին հաշվետու լինելով իր արած-չարածի համար: Իսկ եթե իշխող ուժը ընտրություններից մեկ տարի անց որոշում է գնալ կոալիցիա ստեղծելու ճանապարհով, սա նշանակում է` ստանձնած պատասխանատվությունը բաժանել տարբեր ուժերի միջև: Այդ դեպքում հարկ կլինի կազմակերպել ԱԺ արտահերթ ընտրություններ, որպեսզի ընտրողի համար պարզ լինի` այն ուժերը, որոնք մտնում են կոալիցիայի մեջ ի՞նչ ծրագրով են գալիս, ո՞րն է նրանց ու հաղթած ուժի կառավարության ծրագրի տարբերությունը:

-Հիշո՞ւմ եք, պատասխանատվության հարցը դարձավ նախկին կոալիցիայի աքիլեսյան գարշապարը. կոալիցիոն փոքրամասնությունը հայտարարում էր` պատասախանատում ենք միայն մեր պորտֆելների համար: Ու այս մոտեցումը խոցելի դարձրեց նախկին կոալիցիան: Եթե այնուհանդերձ հերթական կոալիցիան ձևավորվի, չե՞ք կարծում, որ նախօրոք պետք է ձեռքբերվի համաձայնություն ողջ պատասխանատվությունը միասին ստանձնելու շուրջ` անկախ պորտֆելների քանակից:

-Սա շատ կարևոր է, այդ դեպքում կոալիցիայի ներսում գզվռտոց չի լինի: Բայց կա մեկ այլ կարևոր հանգամանք: Եթե այս կամ այն ուժը 1-2 տարի վարչական լծակները սեփական շահերին ծառայեցնելուց հետո որոշում է ընտրությունների նախաշեմին ճողոպրել կոալիցիայից, պատասխանատվությունը թողնելով մյուսներին, ապա հարց է առաջանում ընտրողը ո՞ւմից է հաշվետվություն պահանջելու երկրի լավի ու վատի համար: Կստացվի այն, ինչ եղավ 2007-2008-ին: Պատկերացնո՞ւմ եք ինչպիսի անլուրջ իրավիճակում կարող ենք հայտնվել, եթե հանկարծ կառավարությունը մեղքը գցի վարչապետի վրա, նա էլ իր հերթին մեղադրի կոալիցիայի մեջ մտած, բայց հետո փախած քաղաքական ուժերին: Մենք կհայտնվենք կոտրած տաշտակի առաջ, իսկ պատասխանատվության հարցը կմնա օդում, քանզի չի գտնվի մեղավորը: Եվ մի օր էլ երկրի անհաջողությունների համար իրական մեղավոր ուժը անմեղի կերպրանքով կներկայանա ու նորից կհաղթի ընտրություններում:

-Հետևաբար, եթե պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, ապա միմիայն միասնական ծրագրի շուրջ և ոչ թե քաղաքական առևտրի` պորտֆելների սակարկության:

-Այո, եթե քաղաքական ուժերը առաջիկա 4 տարիների համար հանրությանը ներկայացնեն ռեալ ծրագիր, որը էականորեն կտարբերվի գործողից, ու նրանում կներկայացվի քաղաքական ուժերի համախմբման անհրաժեշտությունը, ապա այդ դեպքում կոալիցիայի ստեղծումը արդարացված կլինի: Եթե մեր քաղաքական ուժերը մտածում են Հայաստանի առջև ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մասին, այլ ոչ թե նեղ կուսակցական, հատվածական, անձնական շահերի, ուրեմն պաշտոններ բաժանելը պետք է երկրորդ պլան մղվի:
Մի կարևոր հանգամանքի վրա սևեռեմ ձեր ուշադրությունը: Պետության առաջ ծառացած դժվարությունները հաղթահարելու նպատակով այլ երկրներում քաղաքական ուժերը գիտակցաբար խուսափում են կուսակցականներ ուղղարկել կառավարություն, շեշտը դնելով արհեստավարժների կառավարության ձևավորման վրա: Այդ կառավարությունը , իհարկե, ստանում է քաղաքական ուժերի վստահությունը, բայց չի լինում կուսակցականացված: Մինչդեռ մեր անցած 23 տարիների փորձը ցույց է տվել, որ կառավարության մեջ ընդգրկվում են ըստ կուսակցական պատկանելության, բայց ոչ ըստ մասնագիտական իմացության : Ստացվում է, որ չնայած տվյալ անձը չունի բարձր պորֆեսիոնալիզմ, անհրաժեշտ գիտելիքներ, բայց լինելով ՙ X՚ կուսակցության անդամ` պետք է ՙմինիստրը՚ նշանակվի: Նման մոտեցման հետևանքները բոլորիս են հայտնի: Հետևաբար, կուսակցությունները ոչ թե պետք է գզվռտոց սկսեն հանուն պաշտոնների, այլ պայքարի մեջ մտնեն, թե ով առավել շատ պրոֆեսիոնալ թեկնածուներ կներկայացնի: Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարող ենք երաշխիքներ ունենալ, որ ամենափայլուն ծրագրերը կարող են իրագործվել: Տարբեր երկրների փորձը ցույց է տալիս` արդյունավետ են աշխատում այն կառավարությունները, որոնք արհեստավարժ են ու ապակուսակցականացված: Վարչապետի պաշտոնը կարող է լինել քաղաքականացված, բայց մեզ մոտ քաղաքականացված է անգամ գյուղապետի պաշտոնը: Սա չի կարող լավ բանի հանգեցնել:

-ՀԱԿ նախագահ Լևոն Տեր Պետրոսյանն իր նախօրեին տված հարցազրույցում ասել է, թե ընդդիմությունը ոչ մի պարագայում չպետք է մաս կազմի որեւէ կառավարության, այն մտավախությամբ, որ ՙվարչախմբի բոլոր անհաջողությունները կբարդվեն այդ կառավարության վրա՚, ինչը կվարկաբեկի ընդդիմությանը: Ու չնայած սրան, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կարծես շահագրգիռ են կոալիցիոն կառավարության ստեղծմամբ:

-Եթե այդպես է, կնշանակի ընդդիմության նպատակը ոչ թե երկրի առաջընթացն ապահովող ծրագրերի իրականացումն է, այլ վարչական ռեսուրսներին տիրապետելը: Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքում ես հեռատեսություն եմ տեսնում. հաջորդ ընտրություններին կա 4-5 տարի, իսկ 1-2 տարի լինելով կոալիցիայում ոչ իշխանականները կարող են կորցնել իրենց քաղաքական վարկանիշը և ընտրությունների նախաշեմին հայտնվել քաղաքական լուսանցքում:

-Զուտ նեղ կուսակցական շահերի տեսանկյունից Տեր-Պետրոսյանի մտահոգությունն արդարացված է, բայց արդյո՞ք արդարացված է երկրի շահերի տեսանկյունից: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական լարվածությունը, Հայաստանի տնտեսական վիճակը, կուտակված հարցերի լուծումը գուցե քաղաքական ներուժի համախմբմա՞ն մեջ է:

-Իհարկե համախմբումը մեր նման երկրի համար կլինի շահեկան, քանի որ գտնվում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, իսկ մեր ներքաղաքական անկայունությունից կօգտվեն միայն մեր հակառակորդները: Սա աքսիոմա է: Բայց բոլոր ճգնաժամային երկրներում, նույնիսկ պատերազմի մեջ գտնվող, օրինաչափություն է իշխանության գերկենտրոնացումն ու խիստ անհատական պատասախանատվության հարցը: Կրկնում եմ, կոալիցիոն կառավարությունը նշանակում է պատասխանատվությունը մեկ կենտրոնից ցրել տարբեր կենտրոնների վրա, հարցերի լուծումը վերածել քաղաքական քննակումների, բազարների: Սա նշանակում է Հայաստանի իշխանությանը զրկել երկիրը օպերատիվ ու արագ կառավարելու հնարավորությունից, որովհետև կառավարության մեջ որքան շատ են ՙուժային> կենտրոնները՚ այնքան առաջ է մղվում ու կարևորվում դրանցից ամեն մեկի հետ համաձայնություն ձեռք բերելու հարցը: Սա մեր դեպքում նպատակահարմար չէ, մեզ անհրաժետ է առավել կենտրոնացվածություն ու առավել բարձր պատասխանատվության աստիճան:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն