Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն

ՈՉ ԹԵ ԵՂԱԾԸ «ՌԵՏՈՒՇԻ» ԵՆԹԱՐԿԵԼ, ԱՅԼ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ՆԵՐԴՆԵԼ

Ապրիլ 8, 2014թ. 15:03

Ինչ ճակատագիր է սպասվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին։ Մեր հարցերին պատասխանում է իրավապաշտպան ԱՐՏԱԿ ԶԵՆՅԱԼՅԱՆԸ

-Հրաժարական տվեց այն պաշտոնյան, որի համար կենսաթոշակային համակարգի ներդրումը երկրում սկզբունքային հարց էր։ Ի՞նչ է լինելու համակարգի ճակատագիրը, նոր մոդե՞լ է ներդրվելու, թե՞ նոր կառավարությունը կընթանա օրենքում առկա հակասահմանադրական նորմերի վերափոխման ճանապարհով:
-Կարծում եմ, պետք է համատեղել բաշխողական եւ կուտակային համակարգերը, ու այդ ամենը իրականացնել այնպես, որ ապահովված լինի սահմանադրության առաջին գլխում նախատեսված սկզբունքը, այն է` Հայաստանի Հանրապետությունը սոցիալական պետություն է, նաեւ նախաբանում արտահայտված այն նորմ-սկզբունքը, ըստ որի, պետք է ապահովել սերունդների բարեկեցությունն ու համերաշխությունը: Այս ամենի համատեքստում էլ պետք է իրականացվեն սպասվելիք բարեփոխումները:
Կա 5 մայր օրենք, որ պետք է փոփոխվեն, դրա հետ միաժամանակ պետք է փոփոխվի եկամտահարկի մասին օրենքն ու վերացվի եկամտահարկի եւ սոցվճարների մեխանիկական միավորումը: Այսինքն՝ գործ ունենք օրենքների լուրջ փոփոխության հետ: Այս հսկայածավալ աշխատանքները թույլ են տալիս ասելու, որ ոչ թե եղածը «ռետուշի» կենթարկվի, այլ նոր համակարգ կներդրվի:
-Տիգրան Սարգսյանի կառավարությունը գործում էր այն տրամաբանությամբ, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ոչ թե հակասահմանադրական դրույթներ կան, այլ ընդամենը թերություններ, հետեւաբար մինչ իր հրաժարականը հրահանգել էր ձեւավորել թերությունները շտկող աշխատանքային խումբ: Փոփոխված իրավիճակում կա՞ խմբի ստեղծման անհրաժեշտություն, եւ հարկ եղած դեպքում պատրա՞ստ եք համագործակցել նոր կառավարության հետ:
-Այն, որ աշխատանքային խումբ պետք է ստեղծվի` դրանում ոչ մի խոսք չկա, այս անգամ խմբում պետք է ներգրավվեն նաեւ սահմանադրական իրավունքի մասնագետներ:
Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա դա վաղուց է սկսվել, այն, ինչ արվեց Սահմանադրական դատարանում վկայում է հենց համագործակցության մասին: Մեր ներկայացրած նյութերը, ելույթները համագործակցության ակցիա էին, որն իրականացվեց կառուցողականության լույսի ներքո: Դա լուրջ օգնություն էր իշխանություններին:
Ինչ վերաբերում է համագործակցության շարունակականությանը, եթե կլինի դրա անհրաժեշտությունը, ապա հետայսու եւս ցանկացած համագործակցության անձամբ ես պատրաստ եմ, եթե դրա հիմքում ընկած է մարդու իրավունքի հարգումը:
-Տիգրան Սարգսյանը մինչ հեռանալը հայտարարեց` օրենքը մինչեւ սեպտեմբերի 30-ը կգործի այն տեսքով, ինչպես հաստատվել է Ազգային ժողովի կողմից: Մինչդեռ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը անմտություն համարեց հակասահմանադրական դրույթների կիրառումը: Այս տարակարծությունները դեռ շարունակվո՞ւմ են:
-Այստեղ ամեն ինչ շատ հստակ է: Կան մարդիկ, որոնք սկզբից եւեթ դեմ են եղել այս համակարգին, ու նրանցից 5 տոկոսի վարձավճարները գանձվել են պարտադրանքով, բայց կան նաեւ մարդիկ, որոնք կամավորության սկզբունքով են ներգրավվել այս համակարգի մեջ, կամավոր սկզբունքով ընտրել պարտադիր բաղադրիչը: Ուրեմն հարկ է հարգել թե՛ մեկի, թե՛ մյուսի իրավունքը:
Այսպիսով կամավոր սկզբունքով պարտադիր բաղադրիչը ընտրածները կշարունակեն իրենց վճարումները կա՛մ մինչեւ սեպտեմբերի 30-ը, կա՛մ մինչեւ օրենքները կփոփոխվեն, իսկ առաջին խմբի մարդկանց վրա հակասահմանադրական ճանաչված դրույթները չեն կարող տարածվել: Սեփականության իրավունքը անմիջականորեն գործող իրավունք է, ինչպե՞ս կարելի է խախտել մարդու իրավունքը:
Նրանք, ովքեր այսօր ինչ-ինչ պատճառներով ստիպված շարունակում են վճարել, կոչ եմ անում` պաշտպանեք սեփական իրավունքները: Գիտակցե՛ք, դա ձեր սեփականությունն է, առանց ձեր համաձայնության ոչ ոք իրավունք չունի պահումներ անելու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն