Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԻ «ՇԱՐԺԻՉԸ» ՊՈՐՏՖԵԼՆԵՐՆ ԵՆ

Ապրիլ 12, 2014թ. 23:07

Հարցազրույց տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ

-Թե ինչպիսին կլինի նոր ձեւավորվելիք կառավարությունը, անցած շաբաթ հանրապետության նախագահը տվեց հակիրճ պատասխան, մասնավորաբար շեշտելով. «Անհրաժեշտություն կա նոր աչքով նայել եղած խնդիրներին ու ոլորտներին»: Որպես տնտեսագետ, ինչի՞ց է սկսվելու այդ նորը:
-Մինչ նոր փոփոխություններ իրականացնելն ու նոր քայլերի դիմելը, նախ անհրաժեշտ է կատարել խորքային վերլուծություն` իրողությունը գնահատելու համար: Փաստն այն է, որ երկրում կուտակված են բազմաթիվ կնճռոտ խնդիրներ. արտագաղթ` ահագնացող տեմպերով, գործազրկություն, աղքատության բարձր մակարդակ, սոցիալական տարբեր խնդիրներ. սրանք պահանջում են անհետաձգելի լուծումներ:
Այս հարցերին կառավարությունը շատ հպանցիկ է վերաբերվել, եւ ահա, խնդրեմ, իմիջիայլոց վերաբերմունքի հետեւանքով խնդիրները գնալով կուտակվել են, լուծումներն էլ չեն եղել արդյունավետ: Հետեւաբար նոր կառավարությունը պետք է դիմի այնպիսի քայլերի, որոնք հնարավորություն կտան հիմնովին լուծելու թվարկածս հարցերը:
Հակված եմ մտածելու, որ հանրապետության նախագահի խոսքը` խնդիրներին «նոր աչքով նայելու» մասին, առաջին հերթին վերաբերում է կուտակված խնդիրների հանդեպ նոր մոտեցման որդեգրմանը:
-Իսկ «կառավարությունում պետք է կատարվեն էական փոփոխություններ» ասվածը ենթադրում է նախարարական պորտֆելների՞, թե՞ տնտեսական կուրսի փոփոխություն: Ի դեպ, այսօր որոշ նախարարներ արդեն իսկ հոգեբանորեն պատրաստվում են հրաժեշտ տալ իրենց պաշտոններին, քանզի համոզված են` տեղ չեն ունենալու նոր կառավարության կազմում:
-Գիտեք, միայն «պորտֆելների» փոփոխությունը, այսինքն՝ մեկ անձին մեկ ուրիշով փոխարինելը, դիտում եմ ընդամենը «ֆիզիկական տեղաշարժ»: Ինչը դեռեւս ոչինչ չի նշանակում, անձը անձով փոխարինելը ոչ մի առնչություն չունի բովանդակային փոփոխության հետ: Այն ընդամենը կոսմետիկ փոփոխություն է, որով խորքային արդյունքների հասնել հնարավոր չէ: Ի վերջո, աշխատանքի արդյունավետության ապահովման համար հարկավոր է, որ «պորտֆելի» հետեւում կանգնած լինի այն անձը, որը ամբողջությամբ հասկանում է տվյալ ոլորտի խնդիրները, միաժամանակ ունի պատրաստակամություն եւ մեծ էներգիա դրանք լուծելու համար:
Հետեւաբար «կառավարությունում էական փոփոխություններ» ասելով՝ նախագահը, համոզված եմ, նկատի է ունեցել համակարգային փոփոխությանները, ինչպեսեւ տնտեսական կուրսի փոփոխությունը: Հնարավորություն պետք է տալ, որ երկիրը սկսի շնչել, իսկ դրա համար կարեւոր նախապայման է աշխատատեղերի ստեղծումը: Բայց աշխատանք ունենալու հետ մեկտեղ մարդը պետք է նաեւ այնքան վաստակի, այնքան եկամուտ ստանա, որը լիովին բավարարի նրա արժանապատիվ ապրելուն: Այս նպատակադրումը պետք է ընկած լինի նոր տնտեսական քաղաքականության հիմքում:
-Նաեւ` «երկիրը պետք է դառնա արտադրող ու արտահանող երկիր» սկզբունքը:
-Լիովին համակարծիք եմ, սա համարում եմ չափազանց կարեւոր հանգամանք: Ընդհանրապես երկիրը ներմուծման քաղաքականություն պետք է իրականացնի միմիայն բացառիկ իրավիճակներում եւ սահմանափակ ապրանքատեսակների դեպքում: Բայց վերջին տարիներին մեր տնտեսական քաղաքականության մեխը եղել է ու կա ներմուծումը:
Այդպիսով, ապրանքների ներմուծման մակարդակը գրեթե չորս անգամ գերազանցում է երկրում արտադրվածին: Այս հարաբերակցությունը պետք է արմատապես փոխել: Այն ապրանքները, որոնք ինքներս կարող ենք ստեղծել մեր երկրում, ինչո՞ւ ձեռնամուխ չլինենք դրանց արտադրության կազմակերպմանը:
-Ե՛վ իշխանությունն է գտնում, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, ե՛ւ ընդդիմությունը: Հնարավո՞ր է, որ պետության շահով թելադրված, երկու կողմերը կարողանան համախմբել սեփական ներուժն ու ձեւավորել ազգային համաձայնության կառավարություն:
-Ընդհանրապես, որքան էլ գործադիրում շեշտադրվեն միակուսակցական երանգները, կարծում եմ, ազգային համաձայնության հենքի վրա կառավարության ձեւավորմամբ հնարավոր է արդյունավետ աշխատանք իրականացնել: Հավատացած եմ` այսօր իրավիճակն այնպիսին է, որ կարող է տեղի ունենալ ծրագրերի շուրջ համախմբում` հանուն արդյունավետ աշխատանքի:
-Բայց քանի որ մեզանում կուսակցությունները հիմնականում առաջնորդվում են նեղ շահերով, ծրագրերի շուրջ համախմբման փոխարեն առաջ է մղվում ընդամենը պորտֆելներ ձեռք գցելու արատավոր սովորույթը…
-Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ դա «արատավոր» երեւույթ է, դրանում վատ բան մի տեսեք. էլ ի՞նչ քաղաքական ուժ, որ չձգտի իշխանության, բնականաբար քաղաքական ուժի «շարժիչն» էլ պորտֆելների առկայությունն է, ու պետք չէ այս ձգտման համար մեղադրել կուսակցություններին:
Գիտեք, մենք իրավունք չունենք անխնա վերաբերվել մեր ներուժի հետ: Ուրեմն ինչո՞ւ չստեղծենք այնպիսի հնարավորություն, որ գիտելիք, ներուժ ունեցող մարդիկ, լինելով տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ կամ անկուսակցականներ, կարողանան ծառայել մեր երկրին:
Իսկ ընդհանրապես այն համոզման եմ, որ կառավարության գործունեության արդյունավետությունը հիմնականում պայմանավորված է ճիշտ կառավարմամբ, այսինքն՝ թե ո՞վ է ստանձնել կառավարության ղեկը: Այս իմաստով, շատ եմ կարեւորում նոր վարչապետի ընտրությունը: Գիտեմ, նաեւ, թե ով կարող է լավագույնս աշխատել այդ պաշտոնում, բայց անուն տալը, կներեք, նպատակահարմար չեմ համարում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն