Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

ԳՐԱՆՏԱԿԵՐՆԵՐԸ ՆՈՐԻՑ «ԳԵՆԴԵՐ» ԵՆ ՔԱՐՈԶՈՒՄ, ՔԱՅՔԱՅԵԼՈՎ ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ

Ապրիլ 15, 2014թ. 23:33

«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպությունը երեկ քննարկում էր կազմակերպել, որի ժամանակ հարց բարձրացվեց չարաբաստիկ գենդերային բաղադրիչը դպրոցներում հասարակագիտություն առարկայի ծրագրում ներառելու մասին։ Կազմակերպությունը դասագրքերի վերլուծությունից հետո դրանցում փոփոխություն կատարելու մասին առաջարկների փաթեթ է կազմել, որը պատրաստվում է ներկայացնել կառավարությանը։

Քննարկմանը ներկայացել էր նաեւ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը` այն մտահոգությամբ, որ հասարակական կազմակերպությունը դավադիր նպատակներ ունի իր այդ ծրագրով` դեռ դպրոցական տարիքից երեխաներին վարժեցնել սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականության, որն էլ մեր հասարակության մեջ արատավոր երեւույթների սերմանման պատճառ կդառնա: Թեեւ հայտարարվեց, թե քննարկումը լինելու է բաց ու թափանցիկ, այդուհանդերձ կազմակերպության անդամներն ամեն գնով խոչընդոտեցին Ստամբոլցյանի մուտքը քննարկման սրահ` թույլ չտալով նրան մասնակցել այդ միջոցառմանը։

Այդ դեպքից հետո արդեն իսկ հասարակական կազմակերպության ազնիվ նպատակների ու մղումների հանդեպ ձեւավորված անվստահության մթնոլորտում էլ կազմակերպության անդամները ներկայացրին դասագրքերում փոփոխություններ կատարելու իրենց գենդերապաշտ ծրագիրը:
Հասարակական կազմակերպությունը «խորամուխ» է եղել այն խնդրում, որ մեր հանրակրթական դպրոցներում ներդրվող ուսումնամեթոդական գրքերում գենդերային վերլուծություն չի կատարվում։ Հաճախ այդ ձեռնարկների, դասագրքերի բովանդակությունը, նկարները գենդերային կարծրատիպեր են քարոզում, որոնք հակասում են գենդերային մշակույթի ձեւավորմանը, հաշվի չի առնվում դրանց ազդեցությունը սովորողների անհատականության ձեւավորման վրա:

Որպես օրինակ՝ կազմակերպության անդամները ներկայացնում են գոգնոցով տատիկի ու բազմոցին նստած պապիկի նկարը, որը իբրեւ թե մատաղ սերնդի մեջ սերմանում է ավանդական ու հնացած կարծրատիպեր, թե տատիկը պետք է խոհանոցում գործ անի, իսկ պապիկը բազմոցին նստած հանգստանա: Իհարկե, նկարի բովանդակությունը երեխային կարող է մատուցվել այն ձեւակերպմամբ, որ տատիկը կին է, եւ նա ընտանիքում պետք է հոգա սննդի պատրաստման հարցերը, իսկ պապիկը սննդի հայթայթման հարցերով զբաղվելուց հետո հոգնել է եւ հանգստանում է: Սա ամուր ընտանիքի լավագույն մոդելն է, քան եթե տատիկն ու պապիկը նստած լինեին բազմոցին, հանգստանային, իսկ ընտանիքը մնար անոթի կամ գուցե եվրոպաներում հարգված արագ սննդի հույսին:
Իսկ սնունդ պատրաստելն ամենեւին ընտանիքում կնոջ դերի նվաստացում չէ, ոչ էլ այդ պարտականությունը կնոջը զրկում է իր համար այլ հետաքրքիր գործերով զբաղվելու հնարավորությունից:
Ի վերջո փորձը ցույց է տվել, որ հայ կինը ընտանեկան «պարտականությունները» կատարելուց բացի մեծ հաջողությամբ կարողանում է օգտվել նաեւ տղամարդկանց եւ կանանց ընձեռված հավասար իրավունքներից, մանավանդ այսօրվա իրականության մեջ, ինչի մասին է վկայում քաղաքական, իրավական եւ հասարակական հարթակներում կանանց ներկայությունը։

Գենդերային քաոզչամեքենայի մեկ այլ վնասատու կողմերից է հայ ընտանիքներում ծնվող երեխաների դեմ պայքարը: Գենդերը հայ կնոջը քարոզում է` ժամանակ մի կորցրու երեխա ունենալու, նրան դաստիարակելու համար, զբաղվիր քեզանով ու հասարակական բարձր դիրք գրավիր` ձգտելով օգտվել տղամարդկանց հետ հավասար իրավունքներից: Արդյոք սա հակազգային քարոզչություն չէ՞: Չէ՞ որ մեզ ճիշտ հակառակն է հարկավոր` կնոջը խրախուսել, ոգեւորել հնարավորինս շատ զավակներ ունենալու, նրանցից ճիշտ քաղաքացիներ, լավ մարդ դաստիարակելու համար:
Մենք ծնելիության ավելացման խնդիր ունենք, ժողովրդագրական խնդրի առաջ ենք ու փոխանակ այս ուղղությամբ մտածելու` Հայաստան են փորձում ներմուծել ծնելիության նվազմանը միտված ծրագրեր: Եվ այդ ամենը կատարվում է էմանսիպացիայի, կնոջ նկատմամբ բռնության վերացման քարոզի քողի ներքո: Մինչդեռ փորձը ցույց է տվել, որ հաճախ այդ բռնություններն իրականացվում են այն ընտանիքներում, որտեղ մուտք է գործել քայքայիչ գենդերը:
Ո՞ւր է երաշխիքը, որ հետագայում գենդերային` առաջին հայացքից անմեղ թվացող օրենքների ընդունումից հետո ջրի երես դուրս չեն գա նաեւ այլ պարտադրանքներ, ինչպիսին սեռական փոքրամասնությունների հանդեպ հանդուրժողականությունն է, նրանց քաջալերելը: Այսօր արդեն կնոջ եւ տղամարդու իրավահավասարություն քարոզող գենդերը ենթադրել է տալիս, որ այդ իրավահավասարությունը նաեւ սեռական հարաբերություններում է պարտադրվելու:

Բարեբախտաբար հասարակական կազմակերպության կլոր սեղանին ներկաներից միայն հատուկենտ մարդիկ էին, որոնց համար գենդերային գաղափարախոսությունն ընդունելի էր: Հասարակագիտություն դասավանդող տղամարդ ուսուցիչներից մեկը շատ ճիշտ նկատեց, որ բոլորովին հարկ չկա այդ առարկայի դասագրքերում գենդեր հասկացությունը ներմուծելու, դրա սահմանումը տալու։ Փոխարենը ավելի լավ է ընտանեկան արժեքների դաստիարակության վրա շեշտադրում արվի, երեխաներին դեռ դպրոցական նստարանից ուսուցանվի, որ ընտանիքի անդամների ու հակառակ սեռի հանդեպ ինքը պետք է հարգանք ունենա: Այդպես ավելի շատ հավանական է, որ կբացառվեն ընտանեկան բռնությունների դեպքերը:

Ի վերջո, ինչպես նկատեց ուսուցիչը, հայ կնոջ կերպարը մեր գրականության մեջ, նաեւ մեր հասարակության մեջ ամենեւին նվաստացած չէ, հակառակը, հայ կնոջ մասին մեծարանքով է խոսվում։ Այդ մեծարանքն ու հարգանքը պետք է սերմանել երեխայի մեջ, ինչը եվրոպական արժեքների ներխուժման հետ պակասել է: Իսկ եթե եվրոպական հասարակությունը մեր ընտանեկան արժեքները ավելորդ կարծրատիպեր է համարում` դա չի նշանակում, որ մենք նույնպես պետք է մերժենք դրանք: Եթե արեւմտյան գրանտներով սնվող հասարակական կազմակերպությունները մի քիչ էլ ժամանակ հատկացնեն այդ արժեքները ուսումնասիրելու համար` կտեսնեն, որ այդ չափորոշիչներն ավելի բարձր են, քան նրանք, որոնցով ուզում են փոխարինել մերը:
Ամեն անգամ, երբ որեւէ հասարակական կազմակերպություն հայ ընտանիքի գաղափարը վերաձեւելու պատասխանատվություն է ստանձնում, իմ մեջ կասկած է առաջանում, որ այդ կազմակերպության անդամները հավանաբար իրենց ընտանիքներում լուրջ խնդիրներ են ունեցել, որ այդքան թշնամաբար են տրամադրված հայ ընտանիքի արժեքների հանդեպ:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն