Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Ամերիկացի կոնգրեսականի հավաստիացումը Թուրքիայում. “Հայերին վերաբերող խնդիրները ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս, բայց անհանգստանալու որևէ կարիք չկա”

Ապրիլ 17, 2014թ. 00:26

«1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրությամբ պետք է զբաղվեն պատմաբանները», – երեքշաբթի երեկոյան Անկարայում Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումների ավարտին հայտարարել է Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները:

Նշենք, որ բարձրաստիճան կոնգրեսականի այցը Թուրքիա նախապես ծրագրված չէր: Բեյների օդանավը Թուրքիայի մայրաքաղաքում վայրէջք կատարեց խոսնակի` Աֆղանստանից Միացյալ Նահանգներ վերադարձի ճանապարհին:

«Անկարայում անցկացրած մի քանի ժամերի ընթացքում Բեյները հանդիպել է Թուրքիայի բոլոր բարձրաստիճան ղեկավարների` նախագահ Աբդուլա Գյուլի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի և Ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ», – գրում է այսօր Zaman օրաթերթը:

Այս երեք հանդիպումների ընթացքում էլ Ներկայացուցիչների տան խոսնակը հանդես է եկել հստակ երաշխիքներով՝ «Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից անցած շաբաթ հաստատված թիվ 410 բանաձևը Կոնգրեսի օրակարգում չի ընդգրկվի», – Hurriyet-ի տեղեկություններով՝ ասել է կոնգրեսականը:

Թուրքիայի պաշտոնական լրատվական գործակալության` Anadolu-ի տեղեկություններով, Բեյների հետ հանդիպման ընթացքում վարչապետ Էրդողանը հատուկ ընդգծել է․ – «Հայկական այս վերջին բանաձևը չպետք է խաթարի երկկողմ թուրք – ամերիկյան հարաբերությունները»:

Ամերիկացի կոնգրեսականը, իր հերթին, շտապել է հավաստիացնել թուրք գործընկերներին, թե թիվ 410 բանաձևի հաստատումով որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: «Հայերին վերաբերող խնդիրները ժամանակ առ ժամանակ ի հայտ են գալիս, բայց անհանգստանալու որևէ կարիք չկա: Կոնգրեսը չի պատրաստվում ներգրավվել այս ամենում: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբաններ չենք», – Hurriyet-ի փոխանցմամբ՝ ասել է Բեյները:

Նույն աղբյուրի պնդմամբ՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակը Անկարայում համոզմունք է հայտնել, թե թիվ 410 բանաձևի շուրջ վերջին զարգացումները բացասաբար չեն ազդի նաև թուրք – ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի վրա:

«Մենք երախտապարտ ենք Թուրքիային` Աֆղանստանում, Սիրիայում, Իրաքում ցուցաբերած աջակցության համար: Մենք նաև լուրջ ակնկալիքներ ունենք, որ առաջիկայում հնարավոր կլինի մեծացնել երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները», – նշել է Բեյները թուրքական խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ հանդիպման ավարտին:

Ինքը Ազգային մեծ ժողովի նախագահը ամերիկացի պաշտոնակցի հետ հանդիպման ավարտին նկատել է․ – «Հայկական հարցը ծանր բեռ է թուրք – ամերիկյան հարաբերությունների համար: Անցյալը պետք է դառնա պատմաբանների ոսումնասիրության առարկա: Իմ համոզմամբ՝ խորհրդարանները պետք է զբաղվեն ներկան և ապագան կառուցելով»:

«Մեր երկիրը պատրաստ է առերեսվել իր պատմությանը: Դրա հետ մեկտեղ՝ մենք խիստ հիասթափված էինք վերջին բանաձևի ընդունման փաստից», – հայտարարել է թուրքական խորհրդարանի խոսնակը:

Չիչեքը, միաժամանակ, ակնարկել է, որ հայկական հերթական բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել նաև Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական ու միջխորհրդարանական կապերի անբավարար մակարդակի պատճառով:

«Թուրքիան և Միացյալ Նահանգները վերջին շրջանում չկարողացան փոխադարձ շփում հաստատել [հայկական] հարցի շուրջ: Հետագայում, սակայն, մենք կլրացնենք այդ բացը», – վստահեցրել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակը:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն