Ցեղասպան պետության պատասխանատվության խնդրի առաջադրումը մնում է բաց
Որքան մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախորդող մեկ տարվա սկիզբը հանդիսացող 2014-ի ապրիլի 24-ը, այնքան մեծանում է անհանգստությունը 2015-ի ապրիլի 24-ին մեր ազգի ու պետության նախապատրաստվածության բավարար մակարդակի ապահովման հարցի շուրջ։
Անհանգստության լուրջ նշաններ են նշմարվում նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցների շրջանում, որոնք նույնպես մատնանշում են ազգային ու պետական մակարդակով մեզ մոտ դեռեւս պահպանվող մեծ թվով անորոշություններն ու նմանակումային-իմիտացիոն միջոցառումների շարունակման իրողությունը։
Հավաքվում են տարբեր միջոցառումներում, որպեսզի քննարկեն հերթական ծեծված թեմաները, կամ էլ հանրությանը ներկայացնեն հերթական կոմպիլյատիվ աշխատությունները՝ ավելի քան ակնհայտ ու ապացուցված պատմական իրողության շուրջ։ Այնուհետեւ անպայմա՛ն միջոցառմանը հրավիրվող հեռուստալրագրողների առջեւ մտահոգ հայրենասերի կեցվածք են ընդունում եւ մի քանի բառեր արտասանում՝ Թուրքիային պատասխանատվության կանչելու անհրաժեշության մասին։
Բայց այդ պատասխանատվության հիմքերն ամփոփող իրավական փաթեթի եւ այն կյանքի կոչելու մեխանիզմների հարցերը մնում են օդում կախված՝ ընդհանուր ճշմարտությունների ու բարի ցանկությունների մակարդակին։
2015-ին գործնական գետնի վրա կտեղափոխվի՞ Թուրքիային միջազգային-իրավական պատասխանատվության կանչելու հարցը, թե՞ հերթական անգամ ստիպված կլինենք արձանագրել, որ դրա համար անհրաժեշտ պայմանները դեռեւս չեն հասունացել՝ այդպես էլ մոռանալով հստակեցնել նրանց հիմնական չափորոշիչները։
Բավական մտահոգիչ է նաեւ այն իրողությունը, որ Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը դարձել է բացահայտորեն անձնական նպատակներ հետապնդող զանազան խաչագողերի ակտիվացման առիթը։ Ի՛նչ ասես որ չի նախատեսվում տպագրել 2015-ին ընդառաջ՝ գրքերի, բուկլետների, ամսագրերի ու ժողովածուների տեսքով, որոնք բեմականացումներին զուգահեռ, նաեւ փող աշխատելու հրաշալի առիթ են դառնում ոմանց համար։
Եվ այս ամենը ծավալվում է ուկրաինական իրադարձություններով պայմանավորված հիմնավոր փոփոխություններ կրող միջազգային կացության ու որպես դրա հետեւանք Հայաստան-Արեւմուտք հարաբերություններում որոշակի տեղաշարժերի ցավագին սպասումների մթնոլորտում, որոնք եթե ոչ այսօր, ապա մոտ ապագայում կարող են լրացուցիչ կռվան դառնալ Թուրքիայի համար՝ պատասխանատվությունից խուսափելու ճանապարհին։
Զուգահեռաբար Թուրքիայի պետական մեքենան մեծ հետեւողականությամբ աշխատում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը բարեհաջող շրջանցելու նպատակ հետապնդող միջոցառումների մի ամբողջ համալիրի վրա, որոնց ապահովման բյուջետային կողմը բազմակի գերազանցելու է Հայաստանի ու հայության հնարավորությունները։
Բայց խնդիրը հակառակորդի տնտեսական կամ քաղաքական հզորությունը չէ, այլ մեր սեփական նպատակների անորոշությունը։ Ի վերջո՝ ի՞նչ ենք ակնկալում 100-րդ տարելիցի հետ կապված՝ անկախ ներկա հնարավորություններից։
Կարծում ենք, առաջիկա ապրիլի 24-ին սպասվող պաշտոնական հայտարարություններից շատ բան է կախված։ Հանրապետության նախագահի վերջին ելույթը պաշտպանության նախարարությունում եւ դրան հետեւած՝ նրա մամլո խոսնակի հայտարարությունը հուշում են, որ պաշտոնական Երեւանը նույնպես պատրաստվում է որոշակի հստակեցումներ մտցնել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրի շուրջ։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախորդող մեկ տարվա սկիզբը հանդիսացող 2014-ի ապրիլի 24-ի թերեւս ամենահուսադրող իրողությունները Արեւմուտքի երկու առաջատար տերությունների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կողմից սպասվող լուրջ քաղաքական մեսիջներն են, որոնք ուղղվելու են Թուրքիային՝ համապատասխանաբար Բ.Օբամայի եւ Ֆ.Օլանդի կողմից։ Երեւում է, որ գոնե առայժմ, Հայաստանի աշխարհառազմավարական կացության փոփոխությունը չի ազդել միջազգային հանրության դիրքորոշման վրա, որն առաջիկա օրերին, բարեբախտաբար, է՛լ ավելի է հստակեցվելու։
Ուրախալի է նաեւ Եվրոպայի հակառասիստական շարժման ակտիվիստների ջանքերով Թուրքիայում լայնածավալ հանրային միջոցառումների իրականացումը ապրիլի 21-25-ը։
Այս ամենը, անշուշտ, արժանի է դրվատանքի, սակայն գլխավոր հարցը՝ ցեղասպան պետության պատասխանատվության խնդրի առաջադրումը, մնում է բաց։ Եթե առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված, այս հարցում մենք ազգովին չկողմնորոշվենք, ապա մնացած ամեն ինչ կվերածվի ողբի ու անզորության հերթական դրսեւորման։
Արդյունքում պայքարի ու պահանջատիրության հիմնանպատակը կփոխակերպվի Հայոց ցեղասպանության վաղուց հաստատված փաստի շուրջ աննպատակ դատարկաբանություններով զբաղվող մի խումբ «գիտնականների» ու հրատարակիչների «պարապ վախտի խաղալիքի»։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












