Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն արձագանքել է Թուրքիայի վարչապետի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը

Ապրիլ 23, 2014թ. 23:45

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի նախօրեին արված հայտարարությունը «1915-ի դեպքերի» վերաբերյալ:

«Միջազգային մակարդակով մեծացող մեկուսացման պարագայում Անկարան մի շարք ձևակերպումներով շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը: Այսօրվա իր ելույթում վարչապետ Էրդողանը զուր է փորձել խուսափել Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` ինչ-որ կերպ հավասարեցնելով այս անպատիժ միջազգային հանցագործությունը հասարակ երկկողմ հակամարտության: Ո´չ փաստերը, ո´չ միջազգային մակարդակով ընդունված օրենքները չեն աջակցում Թուրքիայի՝ այս տարօրինակ դիրքորոշմանը:

Փաստը մնում է փաստ, որ Թուրքիայի այս անսիրտ և ցինիկ դիրքորոշումը ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան այսօր հերքում ճշմարտությունը և խոչընդոտում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», – նշել է Արամ Համբարյանը:

Հիշեցնենք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել, ինչն այլ բան չէ, քան թուրքական հայտնի քարոզչություն: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, հայտարարությունը տեղադրված է Թուրքիայի կառավարության կայքում և թարգմանված է 9 լեզուներով, այդ թվում՝ արևելահայերեն և արևմտահայերեն։

Իր խոսքում Էրդողանը 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն է մաղթել, իսկ նրանց թոռներին էլ ցավակցություն է հայտնել։

Հայտարարության մեջ նշվում է, որ հայ քաղաքացիների և աշխարհի բոլոր հայերի համար կարևոր նշանակություն ունի ապրիլի 24-ը։

Նա նշել է, որ այդ ժամանակաշրջանն Օսմանյան կայսրության տարածքում ապրած թուրք, քուրդ, արաբ, հայ միլիոնավոր բնակիչների համար՝ անկախ կրոնից և էթնիկ ծագումից, ցավերով լի դժվարին շրջան է եղել։

«Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած դեպքերը մեր բոլորի ընդհանուր ցավն է»,- ասել է Էրդողանը։

Էրդողանի հայտարարությանն արձագանքել են մի շարք արտասահմանյան հեղինակավոր պարբերականներ:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն