Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ցեղասպանություն

Հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով.Բակո Սահակյան

Ապրիլ 23, 2014թ. 23:57

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Արդեն 99 տարի է, ինչ այս օրը համայն հայությունը սրտի կսկիծով հիշում է մեր ժողովրդին վրա հասած ամենամեծ ողբերգություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, սգում և ոգեկոչում է անմեղ զոհերին:

1915 թվականին 1,5 միլիոն հայեր սրի քաշվեցին Օսմանյան կայսրությունում, հրաշքով մահից փրկվածները սփռվեցին աշխարհով մեկ` ապաստան գտնելով տարբեր երկրներում: Այսօր նրանց հետնորդները, կորստի ցավն ու պատմական հայրենիքի կարոտը սրտներում, ապրում ու արարում են այդ պետություններում, որոնք օգնության ձեռք են մեկնել թուրքական յաթաղանից մազապուրծ եղած մեր հայրենակիցներին և դարձել նրանց երկրորդ հայրենիքը:

Մեծ եղեռնն իրավամբ դասվում է մարդկության դեմ ուղղված ամենածանր ոճրագործությունների շարքին, որոնք վաղեմության ժամկետ չունեն և չեն էլ կարող ունենալ, քանի որ մոռանալ անցյալը` նշանակում է ճանապարհ բացել նոր բարբարոսությունների ու չարագործությունների համար: Այդ իսկ պատճառով մենք մեր ձայնն ենք բարձրացնում հանուն պատմական արդարության վերականգնման, հանուն մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության:

Մենք վճռական ենք ու վստահ, որ ի վերջո մեր ձայնը լսելի կլինի աշխարհին, և հայ ժողովրդի դարավոր պայքարն անպայման կպսակվի հաղթանակով: Վստահ ենք, որովհետև լավ ենք սերտել պատմության դասը, և օր օրի զորացող Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը դրա վառ առհավատչյան է:


Դիտել Արևմտյան Հայաստան, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն