Ուորլիքի հայտարարությունը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ նոր տարր ներառելու փորձ է. Դավիթ Բաբայան
Ադրբեջանը նյարդայնորեն է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարած ճշմարտությանը, թե Արցախը նույնպես պետք է մասնակցի հակամարտության կարգավորման գործընթացին: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով պաշտոնական Բաքվի արտահայտած դժգոհությունը Ուորլիքից, թե իբր՝ վերջինս հայամետ դիվանագիտություն է վարում:
Նշենք, որ ադրբեջանական APA լրատվական գործակալությունն օրեր առաջ հրապարակել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հարցազրույցը, որում ադրբեջանցի պաշտոնյան հնչեցրել է պաշտոնական Բաքվի դժգոհությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններից եւ գործողություններից:
Բաբայանի խոսքով՝ հաշվի առնելով Ուորլիքի փորձը, ով ճանաչված դիվանագետ է և տարբեր տեղեր զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, սա չի կարող լինել նրա ինքնակոչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների հետ չհամաձայնեցված հայտարարությունը:
«Հետևաբար՝ մենք տեսնում ենք, որ իրենք փորձում են նոր տարր մցնել հակամարտության կարգավորման մեջ, և այս իրավիճակում, փաստորեն, Ադրբեջանը նյարդայնանում է, բայց սրա հետ մեկտեղ կան նաև մի շարք այլ հանգամանքներ. մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում է իր ներքին քաղաքական իրավիճակում նույնպես օգտագործել Ուորլիքի հայտարարությունը՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը Ուորլիքի հայտարարությունը դարձրել է շոու:
Եվրոպան որոշել է օլիմպիական խաղեր անցկացնել Ադրբեջանում, և Դավիթ Բաբայանը շեշտեց, որ դրանից ելնելով էլ՝ Ադրբեջանը սևեռվել է Ուորլիքի հայտարարության վրա և փորձում է դիվիդենտներ շահել:
«Ադրբեջանը մտահոգված է մարդու իրավունքների զարգացման գործընթացներից, վախենում է, որ իր երկրում էլ կակտիվանա հասարակական սեկտորը, որ իշխող վարչակազմից փոքր- ինչ տարբեր կարծիքներ կձևավորվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկա դրությամբ Ադրբեջանում բավականին հետաքրքիր գործընթացներ են ծավալվում:
Ըստ Դավիթ Բաբայանի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը որս է սկսել, փորձում է ճնշել մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպություններին և հասարակական հատվածին, փորձում է մաքրել այդ դաշտը:
tert.am












