ՊՆ-ում գնումների գործընթացը դարձել է ավելի թափանցիկ
<<Աշխատելու ենք ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնել, և ամեն ինչ կանենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը օրինակելի լինի գնումների գործընթացի իրականացման գործում»- ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի դեռևս 2012-ին հնչեցրած այս խոսքերը զգոնության կոչ էին ուղղված համակարգի աշխատակիցներին, նաև նախազգուշացում, որ նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացի բոլոր փուլերը` մրցույթների կազմակերպումն ու գնագոյացումը, ձեռքբերված ապրանքների մատակարարումը, ընդունում-հանձնումը առնվելու է խստագույն վերահսկողության տակ: Եվ ահա այսօր արդեն կա արդյունք. մանրամասնենք: Նախկինում ՊՆ գնումներն իրականացվում էին բացառապես փակ մրցույթների միջոցով: Բնականաբար, ոլորտի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ փակ մրցույթով իրականացվող գնումներն անհրաժեշտություն է, որից անհնարին է լիովին հրաժարվել: Սակայն ակնհայտ է նաև, որ գնումների ողջ ծավալը միայն փակ մրցույթներով կատարելը ստեղծում էր լրջագույն կոռուպցիոն ռիսկ, և էապես սահմանափակում մրցույթի մասնակիցների թիվը: Այժմ՝ իրականությունն այլ է: Պաշտպանության նախարարության կարիքների համար իրականացվող գնումների գործընթացում հնարավոր խախտումները բացառելու, գործընթացը հրապարակային դարձնելու նպատակով 2013 թվականին նախարարության կարիքների համար նախատեսվող գնումների 57. 09%-ը ապագաղտնիացվեց: Արդյունքում՝ 2013-ին կատարված գնումների ընդհանուր ծավալի 53.31%-ն իրականացվեց շրջանակային համաձայնագրերի միջոցով, իսկ 3.78%-ը՝ էլեկտրոնային եղանակով: Նման կերպ կատարվող գնումների առանձնահատկությունն այն է, որ նախ՝ հայտերը ներկայացվում են Կառավարությանն առընթեր <<Գնումների աջակցման կենտրոն>> ՊՈԱԿ, իսկ մրցույթին հրավիրվում են շատ ավելի մեծ թվով մասնակիցներ, և ամենակարևորը՝ մրցույթը շահում է ամենացածր գին առաջարկողը:
Այսօր արդեն կարելի է փաստել, որ մրցակցային միջավայրի ձեւավորումն ու մրցույթների թափանցիկության ապահովումը դարձել են ՊՆ գնումների գործընթացի կազմակերպման կարևորագույն նախապայմանը: Ի տարբերություն նախկինի, այսօր մրցույթների մասնակիցների թիվը հաճախ անցնում է 7-ը, ինչն, անշուշտ, դրական ցուցանիշ է: Այսպիսով՝ 2012-ի համեմատությամբ 2013-ին 2,5 անգամ կամ՝ 34,9%-ով աճել է ապագաղտնիացված գնումների ծավալը: Ի վերջո առկա ձեռքբերումներն արտացոլված են նաև վերահսկիչ պալատի զեկույցում՝ որտեղ նշվում է, որ ՊՆ գնումների գործընթացը 2013-ին 87% ով զերծ է եղել կոռուպցիոն ռիսկերից:
2013-ին գնումների գործընթացի թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված կարևոր քայլ է արվել: Փաստ է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տնտեսված գումարների արժեքը մեծացել է 3,5 անգամ: Այս ամենը սակայն թեև կարևոր, հատկանշական, սակայն՝ ընթացիկ արդյունք է: Ոլորտում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ դեռ անելիք կա: Մասնավորապես այժմ՝ պայքարի թիրախը գնումներ կատարելիս միջնորդ կառույցների ներգրավվումը իսպառ բացառելն է՝ այդ կերպ կանխելով արեստականորեն ուռճացված գներով գնումները: Սա, բնականաբար, բարդ գործ է, բարդ է, քանզի անշուշտ կգտնվեն այնպիսիք, ովքեր կփորձեն բանակի հաշվին <<կարողություն>> կուտակել:
Եվ հենց այս առումով էլ կարևոր է նախարար Օհանյանի դիրքորոշումը՝ պետության սուղ միջոցների և զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումներն անթույլատրելի են, իսկ չարաշահումներ իրականացնողների հանդեպ պատիժն՝ անխուսափելի: Հենց այս դիրքորոշումն է եղել և՝ լինելու ոլորտում ձեռքբերումների գրավականը:












