Կուտակայինը կդառնա գործադիրի աքիլեսյան գարշապարը
Մեր քայլերը ձեր քայլերից են կախված
Խորհրդարանի վերջին քառօրյային գործադիրը ներկայացավ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքին վերաբերող մի նախագծով. ակնկալվում էր, որ այն պետք է տար վիճահարույց հարցերի պատասխանը, մասնավորաբար, կուտակային պարտադիր բաղադրիչի վերաբերյալ: Մինչդեռ, ներկայացված ամենևին չէր նախատեսում պարտադիր բաղադրիչից հրաժարում, ավելին, գործադիրը հասկացրեց՝ պարտադիրից հրաժարումն այսօր իր օրակարգում չկա: Բայց որպեսզի չարաբաստիկ կուտակայինը հանկարծ չդառնա նորակազմ գործադիրի ՙաքիլլեսյան գարշապարը՚ կառավարությունը, պարզվեց, փնտրել-գտել էր իր ՙհենման կետը՚, ինչը պատգամավոր Հակոբ Հակոբյանի .թեթև սրբագրմամբ՚ մատուցվեց իբիև ՙելման կետ՚ ու ձևակերպվեց այսպես.<<Մենք էլ չգիտենք, թե ինչ անենք, բայց պետք է ունենանք ելման կետ, և դա հետևյալն է` կուտակային վճարներ չկատարելու համար անձինք ազատվում են պատասխանատվությունից տույժ ու տուգնանքներից>>: Ընդամենը: Հասկանալի դարձավ, որ նորընտիր կառավարությանն այսօր օդ ու ջրի պես հարկավոր է նախ տաք իրավիճակը սառեցնել ու հարցը ձգել մինչև սեպտեմբերի 30-ը, մինչև նոր օրենքի նախագծի մշակում: Փաստորեն, իր նախագծով գործադիրը փորձեց ժամանակ շահել:
Ոչ իշխանական քառյակին, իհարկե, սպասում էր խորը հիասթափություն. հասկացան, որ ի չիք են դարձել նախնական պայմանավորվածությունները, համաձայն որի կառավարությունը պետք է խորհրդարան բերեր նախագծի այնպիսի տարբերակ, որով քաղաքացին հնարավորություն կունենար իր դիմումի համաձայն հրաժարվել պարտադիր համակարգից, ու դադարեցվեին պահումները: Ի՞նչը ստիպել նոր կառավարությանը հրաժարվել իր խոստումից, այդ մասին նորանշանակ վարչապետը խորհրդարանում հրապարակավ ակնակեց, իսկ ավելի վաղ` քառյակի հետ հանդիպման ժամանակ պարզորոշ ասել էր` <<դրսի հետ կապված խնդիրներ կան>>: Ենթադրվեց, որ նորընտիր կառավարության ձեռքերը կապող հանգամանքներ կան, և որ ամենայն հավանականությամբ առչվում է ֆոնդերի ֆինանսական կառավարիչների հետ, որոնց նախկին վարչապետը կոնկրետ խոստումներ է տվել, իսկ այսօր նոր կառավարությունը կանգնած է այդ խոստման կատարման պարտադրանքի առաջ: Սակայն քառյակում, կարծես թե, սա առանձնապես չդիտվեց որպես ՙմեղմացուցիչ հանգամանք՚:
Ավելին, ոչ իշխանականները շտապեցին անհասկանալի որակել վարչապետի կիսաքայլը` պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցված է: Իսկ ո՞ւր մնաց ՙդե յուրե՚-ն, ուրեմն, բարի եղեք ՙդե ֆակտո՚-ն ամրագրել որպես ՙդե յուրե՚, այսինքն օրենքով, հակառակ դեպքում կստացվի, որ կառավարությունը նպաստում է այս չարաբաստիկ օրենքի շուրջ անորոշության պահպանմանը:
Այս ամենից հետո քառյակին մնում էր մի դռնփակ նիստ էլ հրավիրել, սեփական առաջարկները մեկ անգամ ևս աչքի անցկացնելու և վերամշակված տարբերակը վերստին վարչապետ Աբրահամյանի սեղանին դնելու համար: Բայց մինչ այդ, նախօրեին հրավիրված դռանփակում պարզվեց, որ այս հարցում քառյակի ներսում ջրերն այնքան էլ զուլալ չեն` կան տարակարծություններ: ՙԱրմատականի՚ դիրքերից հանդես եկողը ՀԱԿ-ն էր, որ պնդեց՝ պետք է վերադարձվեն նաև մինչ օրս պարտադիր բաղադրիչի արդյունքում ապօրինի գանձված և ֆոնդերում գտնվող ողջ գումարները։ Առաջարկի շուրջ ՀԱԿ-ի ու ՀՅԴ ներկայացուցիչները երկար բանակցեցին, բայց չեկան համաձայնության: Փաստաթղթում ՀԱԿ-ի պահանջը չներառվեց, չնայած դրան, վերջինս ընկրկեց ու միացավ փաթեթին, և քառյակի այլընտրանքային նախագիծը հասավ կառավարություն: Ինչպես ասում են ` <<գնդակն>> այժմ կառավարության դաշտում է, թե այս անգամ պատասխան ՙհարվածը՚ ի՞նչ բնույթ կունենա` ձեռնպահ մնանք կանխատեսումներից: Փոխարենը, քառյակից կառավարությանն զգուշացնում են` մեր քայլերը ձեր քայլերից են կախված լինելու:
ՙԴեմ եմ՚-ը կտրուկ է ու նույնքան անզիջում
Մինչ <<քառյակ>>- կառավարություն հարաբերություններում շարունակվում է <<կուտակային տուրուառը>>, <Դեմ եմ>-ը նորընտիր կառավարությանը հորդորում է`լինել խելամիտ, չկրկնել նախորդի գործելաոճը, թույլ տված սխալներն ու չգործել ժողովրդի կամքին դեմ: ՙԻնձ` որպես քաղաքացի, չի հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում քառյակի ներսում կամ ինչպիսին են քառյակի ու կառավարության հարաբերությունները, մենք ունենք 5 հստակ պահանջ ու սպասում ենք դրանց կատարմանը՚, մեզ հետ զրույցում ասաց <Դեմ եմ>-ի անդամ Դավիթ Մանուկյանը, ընդգծելով`գումարները վերադարձնելու գործընթացը ևս 5 պահանջների շարքում են:
ՙԿառավարությունը պահելով այդ գումարները, արդեն իսկ խախտել է մեր սեփականության իրավունքը, ուրեմն, թող բարի լինի հետ վերադարձնել մեր փողերը՚: Ընդունելով, որ գումարների վերադարձը 1-2 օրվա գործ չէ, որ դրա համար կա իրավական մեխանիզմի մշակման անհրաժեշտություն, սակայն Դավիթ Մկրտչյանի համոզմունքն է` Հայաստանի քաղաքացիներին չի հետաքրքրում այդ մեխանիզմի մշակումը հեշտ է, թե դժվար, ու հիշեցնում` ՙԵրբ կառավարությունը մեզանից գումարներ էր պահում, մեզ չհարցրեց՝ ձեզ համար դժվար չի՞ լինելու, ուրեմն, մեզ էլ այսօր չի հետաքրքրում իրենց դժվարությունը՚:
Ինչ վերաբերում է նոր կառավարության <<ձեռքերը դրսով կապված>> լինելուն, <<Դեմ եմ>>-ի ակտիվիստը այսպես է դատում.<<Ստացվում է, դրսի պարտադրանք- պահանջները բավարարելու համար պետք է Հայաստանի քաղաքացուն կեղեքե՞ն, ո'չ մի դեպքում, դա թույլ չեն տալ, ոնց մտել են այդ գործարքի մեջ, այդպես էլ թող տակից դուրս գան, դա իրենց գործն է: Թե ինչպես կխոսեն դրսի ֆոնդերի կառավարիչների հետ, իրենց խնդիրն է, քաղաքացուն դա չի հուզում, գնացեք ու լուծեք: Թող կառավարությունը զոհի դերում չներկայանա, ու չակնկալի մեր ներողամտությունը, որովհետև իրենք Հայաստանի քաղաքացու հանդեպ պատրաստակամություն չեն ցուցաբերել: Ավելին, նախկին կառավարությանը խնդրում էինք` հրավիրել արտահերթ նիստ, քննարկել, բայց անտեսեց մեր առաջարկները, ուրեմն, մենք ինչու պետք է մենք այս պահին դառնանք այդչափ ներող: Չի կարելի ներել սեփական իրավունքդ ոտնահարողին>>. Փոխարենը, <Դեմ եմ>-ի ակտիվիստը հայրենի կառավարությանը հիշեցնում է` սրտացավ կառավարության համար առաջին հորիզոնականում պետք է լինի իր քաղաքացու իրավունքը և ոչ թե դրսի հետ հարաբերությունները:
<Դեմ եմ>-ն իր արդարացի պահանջներում կտրուկ է ու նույնքան անզիջում. բա’վ է այլևս չենք ուզում լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք, այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված հստակ գործողություններ, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար: Եթե կառավարությունը չգնա ներկայացված 5 պահանջներին ընդառաջ, քաղաքացիական սեկտորը զգուշացնում է` մեր նպատակին կհասնենք հասարակական ճնշման տակ, սակայն ոչ ամենևին ապօրինի քայլերով.<Մենք գործելու ենք միմիայն օրենքի շրջանակներում ու կստիպենք կառավարությանը ենթարկվել մեր կամքին>: Իսկ իր քայլերի մասին <Դեմ եմ>-ը կհայտնի այսօր տեղի ունենալիք պահանջի երթում:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












