Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Ադրբեջանի քայլերը պետք է մտահոգեն քաղաքակիրթ աշխարհին

Մայիս 7, 2014թ. 22:48

դավիթ Բաբայան Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

-Ադրբեջանամետ հայացքներով հայտնի ամերիկացի փորձագետ Բրենդա Շաֆեն իր օրերս հրապարակած` ՙԼեռնային Ղարաբաղը Ղրիմից հետո՚ հոդվածում ՙկանխատեսում՚ է, թե մայիսի սկզբին Օբամայի վարչակազմը նոր փորձ կձեռնարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ ՙնոր փորձի՚ նշաններն Արցախում նկատվո՞ւմ են:

-Էական տեղաշարժեր նկատելի չեն, փոխարենը կա Արցախի նկատմամբ հետաքրքրության մեծացում: Օրինակ, վերջերս տեղի ունեցավ ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների նախագահի հանդիպումը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Սակայն հակամարտության կարգավորմանն ուղղված ՙտարօրինակ՚ զարգացումներ, ինչպիսիք փորձում է կանխատեսել սույն հեղինակը, մենք այսօր չենք տեսնում:

-Ակնհայտ է, որ ԱՄՆ քայլերն այսօր նպատակաուղղված են Հարավային Կովկասում Ռուսաստանի դերի թուլացմանը, և այս փորձագետը ևս ընդգծում է, որ ուկրաինական դեպքերից հետո ԱՄՆ-ի նպատակն է ՙշուտափույթ լուծել Ղարաբաղյան ձգձգվող հակամարտությունը՚ և դրանով իսկ թույլ չտալ Ռուսաստանին այն օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում պահպանելու համար: Եթե սա ԱՄՆ-ի այսօրվա սցենարն է, ապա այդ ՙշուտափույթը՚ որքանո՞վ կարող է բխել հայկական շահերից:

– <<Ամերիկյան սցենար>> կոչվածն ընդամենը ոմանց կարծիքն է և իրականության հետ որևէ առնչություն չունի: Հեղինակը խնդրին զուտ տեսականորեն է մոտեցել, ինչ- որ գաղափարների հնչեցումը դեռևս չի նշանակում դրանց իրականացում: Իսկ ինչպե՞ս է ԱՄՆ-ը պատրաստվում շուտափույթ կարգավորել հիմնախնդիրը, ի՞նչ տարբերակով, կգործի՞ փոխզիջումային տարբերակը. սրանք այն կարևոր հարցերն են, որոնք որևէ մեկը չի կարողանում պատասխանել: Առաջին հերթին պետք է գիտակցեն, որ կողմերի միջև կա անհամաձայնություն, հետևաբար, շուտափույթ որոշումներով այստեղ հարցեր լուծել հնարավոր չէ: Ադրբեջանը մի երկիր է, որն իր ներսում ոչնչացնում է արդարությունը, պայքարում ժողովրդավարության դեմ, երկիր է, ուր հարցերը լուծվում են միայն կոպիտ ուժի գործադրմամբ, ուրեմն ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը: Ալիևյան վարչախումբը չի ուզում հակամարտության լուծում, չի ուզում փոխզիջում, նրա նպատակն է ամեն ինչ զավթելը` թե’ ներսում, թե’ դրսում:
Իսկ ի՞նչ է նշանակում ՙշուտափույթ լուծում՚, կա’մ պատերազմի վերսկսում, կամ ինչ-որ ուժի կողմից այնպիսի ճնշման բանեցում, ինչը կարող է կողմերին բերել ընդհանուր հայտարարի: Բայց սա ևս այսօր անհնարին է: Ուրեմն, Շաֆեի ՙշուտափույթ լուծում՚-ը իրականության հետ կապ չունեցող քաղաքագիտական վերլուծություն է և ոչ ավելի: Գուցե ԱՄՆ տեսլականն է հակամարտությունը տեսնել լուծվա՞ծ, ինչն, իհարկե, ողջունելի է, բայց դա չի կարող լինել ինչ-ինչ նպատակներ հետապնդող նման ՙգիտա-տեսական՚ մոտեցումներով: Ի դեպ, սա նաև ԱՄՆ սցենար չի կարող համարվել, քանի որ ԱՄՆ-ը կարողանում է իր մեսիջները համանախագահների միջոցով ուղղարկել:

-Այնուհանդերձ, ակնհայտ է դառնում, որ ԼՂ հիմնախնդիրն առավել քան երբևէ հայտնվում է ԱՄՆ-Ռուսաստան հակասությունների կիզակետում, իսկ նրանցից ամեն մեկը կփորձի այդ ՙպատառը՚ ծառայեցնել սեփական շահերին: Սա է, որ պետք է լինի հայկական կողմերի ուշադրության կենտրոնում:

-Նախ, քանի որ տարածաշրջանում , կողմերի միջև պահպանվում է թե’ ռազմական, թե’ աշխարհաքաղաքական հ հավասարակշռությունը, գերտերությունների կողմից մրցակցության, պայքարի մեջ մտնելըդառնում է քիչ հավանական: Մանավանդ, որ մի նոր թաթերաբեմ է երևան եկել, ուր կա շահերի սուր բախում ու լուրջ մրցակցություն, դա Ուկրաինան է:
Հարավային Կովկասը, կարծես, հետին պլան է մղվել, կամ գերտերությունների պլաներում գոնե առաջնային հարց չէ: Նաև այս առումով, ես չեմ կարծում, որ Ղարաբաղի համար կարող է մտահոգիչ իրավիճակներ ստեղծվել:

-Մինչդեռ Արևմուտքն ու իր գաղափարների քարոզիչ քաղաքական գուշակները չեն դադարում պնդել, թե Ուկրաինայից հետո Ռուսաստանի հաջորդ թիրախը կդառնա Ղարաբաղը:

-Բայց ինչո՞ւ պետք է ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսումը ձեռնտու լինի Ռուսաստանին, կամ էլ մեկ այլ գերտերության: Այդ պատերազմը կլինի շատ վտանգավոր, որովհետև նրանում ուզած, թե չուզած կներագրավվեն տարբեր պետություններ, ուզած, թե չուզած կմիջամտեն, ինչը, բնականաբար, չի կարող ձեռնտու լինել հենց իրենց: Տեսեք, եթե հանկարծ Ադրբեջանը որոշի Արցախի դեմ սանձազերծել լայնածավալ ագրեսիա, դա կարող է լավ առիթ հանդիսանալ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների` լեզգիների, ավարների, թալիշների համար վերականգնելու իրենց կորցրած պետականությունը: Նրանք այսօր բնակվում են տարբեր երկրներում` Ռուսաստանում, Իրանում և հնարավոր պատերազմի դեպքում շատ արագ կներգրավվեն դրանում` ադրբեջանաբնակ իրենց հայրենակիցներին պաշտպանելու համար: Իսկ սա կնշանակի, որ գործընթացներին մասնակից կդառնան նաև այդ պետությունները: Թուրքիան ևս կարող է միջամտել, սա էլ ԱՄՆ դաշնակից երկիր է, այնպես որ, այդ վտանգավոր շղթան կձգվի տարբեր ուղղություններով` ստեղծելով անկանխատեսելի խառը իրավիճակ, մի բան որն այսօր որևէ մեկին ձեռնտու չէ:

-Ասացիք` ԱՄՆ-ը իր մեսիջներն ուղղարկում է համանախագահների միջոցով, այս առումով, ի՞նչ կասեք Ուորլիքի հայտարարության մասին, ուր նշում է խեղաթյուրված ձեւաչափի վերականգնման անհրաժեշտության մասին, նաև ընդգծում` հակամարտությունը Ադրբեջանի եւ Արցախի միջեւ է եւ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա: Եթե նկատի ունենանք, որ Ուորլիքը անհայտ դեմք չէ, հետևաբար, ասվածը կարո՞ղ է ենթադրել նոր փուլի սկիզբ կարգավորման գործընթացում:

– Ջեյմս Ուորլիքը փորձառու դիվանագետ է, ու, բնականաբար, հենց այնպես` առանց պետդեպարտամենտի, մյուս համանախագահների հետ համաձայնության նման հայտարություն չէր անի: Բոլորի համար պարզ է, որ խեղաթյուրված ձևաչափով անհնարին է հասնել խնդրի վերջնական, համապարփակ կարգավորման: Այո, կամաց-կամաց սկսում են նշմարվել այն քայլերը, որոնք միտված են վերականգնելու մինչև 1998 թ. առկա ձևաչափը: Իհարկե, Ուորլիքի խոսքը չի նշանակում, որ հենց վաղն իսկ այդ ձևաչափը կվերականգնվի, քանի որ մեր կողքին կա Ադրբեջանի պես երկիր, և տեսանք, թե Ուորլիքի խոսքին ինչպիսի վայնասուն հաջորդեց: Բայց էական այն է, որ կա խեղաթյուրված ձևաչափի վերականգման գործընթաց սկսելու գիտակցումը:

-Իսկ ի՞նչ կասեք Ադրբեջանի ներսում կատարվող զարգացումների մասին. ճնշում են քաղաքացիական սեկտորին, խախտում է մարդու իրավունքները, ձերբակալում սեփական քաղաքացիներին նրա համար, որ դեմ են վարչակազմի պատերազմատենչ ռազմավարությա՞նը:

-Նախ, մի շատ կարևոր բան պետք է հստակեցնել: Ես դեմ եմ այն մարդկանց, ովքեր Ռաուֆ Միրկադիրովին, Լեյլա Յունուսին ներկայացնում են որպես խաղաղության աղավնիներ, կամ հայերի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մարդիկ: Ամենևին այդպես չէ: Նրանց անձամբ ճանաչում եմ. Միրկադիրովը պանթուրքիստական գաղափարների կրող է, մենք նաև չենք մոռացել Լեյլա Յունուսի սադրիչ գործողությունները Սումգայիթի, Բաքվի ջարդերի ժամանակ, նա հրահրում էր Ադրբեջանի ազգային ճակատին հայերի դեմ հանցագործություններ կատարելու: Լեյլա Յունուսի ամուսնու` Արիֆ Յունուսի մայրը չնայած հայ է, սակայն նա ամենամեծ հակահայ գործիչներից մեկն է Ադրբեջանում: Նման ոճրագործները չեն կարող չարժանանալ Աստծո պատժին: Եվ այսօր Ադրբեջանի ներկայիս ֆաշիստական վարչախումբը, որին Յունուսը ժամանակին կոչ էր անում կոտորել հայերին, իր դեմ է գործում:

Մենք պետք է հասկանանք, թե ինչ է այդ երկրում տեղի ունենում, ինչո՞ւ է ալիևյան վարչակարգը հաշվեհարդար տեսնում նրանց հանդեպ: Ամենևին ոչ նրա համար, որ Միրկադիրովը, Յունուսները սիրում են հայերին կամ դեմ են պանթուրքիզմին, ճիշտ հակառակը, կրկնում եմ, նրանք ֆաշիստական գաղափարաների տեր, հայատյաց մարդիկ են: Ռեժիմը նրանց ճնշում է սեփական իշխանությունն ամրապնդելու համար, Ալիևը փորձում է ազատվել իր քաղաքական հակառակորդներից, քանի որ նրանք դեմ լինելով ներկայիս վարչակարգին, իրենք են ուզում գալ իշխանության: Սա է ողջ իրողությունը, նրանց պայքարի նպատակը: Վարչախումբը նկատում է, որ երկրում հասունանում են, այսպես կոչված, ՙգունավոր գարնան՚ տրամադրություններ, դրա համար գնում է նման քայլերի:

Իսկ միրկադիրովները, յունուսները Ալիևի վաչախմբից տարբերվում են միայն նրանով, որ այսօր դեռ դեմ են պատերազմի վերսկսմանը, և դարձյալ ոչ թե նրա համար, որ հայամետ են, այլ որովհետև գիտեն, որ դա կարող է կործանարար լինել Ադրբեջանի համար:
Ադրբեջանական վարչախմվի քայլերը առաջին հերթին պետք է մտահոգի քաղաքակիրթ աշխարհին, որը դժբախտաբար, ամեն ինչ անում է, որ այդ ռեժիմն էլ ավելի ուժեղանա: Այսօր Արևմուտքը նպատակ ունի Ադրբեջանի նման ֆաշիստական պետությունում անցկացնել առաջին եվրոպական խաղերը: Ինչպե՞ս կարելի է գնալ նման քայլի, ի՞նչ բարոյական իրավունքով: Սրանով Եվրոպան ոտնահարում է սեփական արժեքները, դեմ գնում իր իսկ փիլիսոփայությանը: Այդ ո՞ր պետությանն է Եվրոպան ուզում տեսնել իր կազմում, Ադրբեջանի՞ն, որի իշխանությունը քարոզում է ֆաշիզմ, ռազամտենչություն, և նման երկրում ուզում է անցկացնել օլիմպիական խաղե՞րը, որը խորհրդանիշն է խաղաղության, արդար մրցակցության: Սա աններելի քայլ է:
Ուրեմն, ամեն ինչ չէ, որ միայն կախված է գերտերությունների շահերից, քանզի գործ ունենք նաև քաղաքակրթական լրջագույն հարցերի հետ: Այս մասին է պետք լրջորեն մտածել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն