Համանախագահները խոսում են միայն Ադրբեջանի շահերից
Ինչն ամենևին չի բխում համակամարտության էությունից
Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ հետ
– ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջ. Ուորլիքը իր հայտնի ելույթում շեշտեց, թե չի խոսում համանախագահների անունից և իր ուղերձը ներկայացնում է միայն ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը. հույս կար, թե Ադրբեջանի հանդեպ ռեվերանս հիշեցնող Ուրլիքի դրույթները չեն արժանանա մյուս երկուսի համաձայնությանը: Մինչդեռ, երեկ համանախագահների տարածած հայտարարությունը հակառակն ապացուցեց: Ի?նչ կասեք այս առնչությամբ:
-Նախ, երբ ԱՄՆ համանախագահը ներկայացրեց ԼՂ հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին դրույթները, բնականաբար, սպասվում էր, որ մյուս երկու համանախագահները ևս կանդրադառնան խնդրին: Մյուս կողմից, պետք չէր հույսեր փայփայել, թե հիմնախնդրի շուրջ տարակարծություններ կան համանախագահողների միջև ու ակնկալել, որ մյուս երկուսի մոտեցումները կարող են տարբերվել: Ամենևին` ոչ, թե’ Ուորլիքի դրույթները, թե’ համանախագահների համատեղ հայտարարությունը նույն տրամաբանության շարունակություն են, և համատեղ հայտարարությամբ դարձյալ ընդգծեցին, որ միևնույն ընթացքի մեջ են ու նույն կերպ են դիտարկում խնդիրները:
-Անդրադառնանք համանախագահների տարածած հայտարարության բովանդակությանը. ի դեպ, նշվում է, թե այն նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակին, այսինքն, սրանով համանախագահները նախ փորձում են ընդգծել հրադադարի կարևորությունը:
-Եվ դա լավ է, որ երեքն էլ արժեվորում են հրադադարը: Բայց, ցավոք, այդ արժեվորումը խիստ թերի արվեց: Նախ, արձանագրենք, որ շնորհիվ հրադադարի այսօր` վատ, թե լավ, սակայն պահպանվում է փխրուն ու հաճախ խախտվող խաղաղությունը, ըստ էության, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է: Համանախագահները նշում են` հրադադարի մասին համաձայնագիրը լուրջ հիմք դրեց բանակցությունների համար, ահա, հե’նց այստեղ էլ թաքնված շան գլուխը, իսկապես, հրադադարը տալիս էր այդ հնարավորությունը` լուրջ բանակցություններ սկսելու: Մի կարևոր փաստ պետք է արձանագրել. 1994-ին Ադրբեջանի կապիտուլյացիայի համաձայնագիրը ստորագրելու փոխարեն, մենք մեծ զիջման գնացինք ստորագրելով հրադադարի համաձայնագիր: Ստեղծվել էր մի իրավիճակ, երբ հաղթողը` հայկական կողմն ուներ կապիտուլյացիայի պահանջ ներկայացնելու իրավունք: Սա իրողություն է, որի մասին պետք է հաճախ բարձրաձայնել և սրանով իսկ լիարժեք գնահատել 1994-ի հրադադարի խորքն ու բովանդակությունը: Սակայն, հետագայում գործընթացներն այդ տրամաբանությամբ չզարգացան ու նսեմացավ հրադադարի նշանակությունը, և այն այլևս չդարձավ բանակցությունների հիմք: Այս առումով համաձայն եմ համանախագահների հետ, որ հրադադարի համաձայնագիրը չլուծեց հակամարտությունը: Իսկ հիմա բացատրեմ, թե ինչո?ւ չլուծեց: Կա երկու կարևոր պատճառ, որոնք այսօր ևս նպաստում են, որպեսզի բանակցությունները շարունակ տեղապտույտ ապրեն: Առաջինն այն է, որ հակամարտության կողմը, որը նաև հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ է, այսօր չի հանդիսանում բանակցային կողմ, խոսքս ԼՂՀ-ի մասին է: Ու չգիտես ինչու համանախագահներն սրա մասին լռում են, չեն ուզում արձանագրել այն փաստը, որ հրադադարի համաձայնագիրը շեղվեց իր տրամաբանությունից այն պահին, երբ ԼՂՀ-ն դուրս մղվեց բանակցություններից: Եվ քանի դեռ գոյություն չունի եռակողմ բանակցություն` ավելորդ է խոսել լիարժեք բանակցությունների մասին: Այդպիսին չկա’, այսօր ընդամենը հանդիպումներ են կազմակերպվում, որոնց ընթացքում նախապատրաստվում են ինչ-ինչ փաստաթղթեր, մինչդեռ դրանք չեն կարող իրավական ուժ ունենալ առանց ԼՂՀ մասնակցության բանակցային գործընթացին: Երկրորդ, հակամարտությունը չի լուծվի, քանի դեռ շրջանցվում է մյուս գլխավոր` ԼՂՀ կարգավիճակի ու անվտանգության հարցերը: Ի վերջո, սրա պատճառով հակամարտությունը մտավ էսկալացիայի փուլ: Հիշենք, ղարաբաղյան շարժումը սկսվեց խաղաղ, սակայն այն վերաճեց պատերազմի, որովհետև հակառակորդը` Ադրբեջանը խուսափում էր ԼՂՀ կարգավիճակի լուծումից ու ամեն ինչ արեց չլուծման համար, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որ հակամարտությունը վերաճի արյունալի պատերազմի: Եվ դրա ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը: Ուրեմն, քանի դեռ ԼՂՀ-ն հանդես չի գալիս որպես բանակցող կողմ, քանի դեռ նրա կարգավիճակի ու անվտանգության հարցերը չեն դիտվում որպես առաջնային լուծում պահանջող սկզբունքներ, քանի դեռ շարունակվում է աղավաղված մնալ հակամարտության էությունը, ամեն պահի կարող է վերսկսվել արյունալի պատերազմը: Այս իմաստով, առավել քան հիասթափեցնող է համանախագահողների հայտարարությունը, որում նշածս սկզբունքներն ամենևին չեն կարևորվում:
-Փոխարենը, հերթական լղոզված ձևակերպումն է տեղ գտել, ուր հավասարաչափ մեղադրվում են կողմեր` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում <քիչ պատրաստակամություն> ցուցաբերելու համար:
-Ամեն ինչ թողնել հակամարտող կողմերի վրա, դա միջնորդության ամենահեշտ ձևն է, բայց չէ? որ միջնորդները պետք է կարողանան տեսնել հակամարտության ծավալման պատճառները, պատերազմի վերսկսման վտանգները և հանդես գան այնպիսի առաջարկներով, որոնք միտված կլինեն հարցերի լուծմանը և ոչ թե կարվեն առաջարկներ, որոնք խնդիրները թողնելով չլուծված` կպահպանեն վտանգը: Իսկ պատրաստակամության, քաղաքական կամքի մասին խոսելիս համանախագահները պարտավոր են ընդգծել, որ Հայաստանն այս ամբողջ գործընթացում եղել է միակ կառուցողական կողմը:
– Ինչպե?ս կմեկնաբանեք հետևյալը. փաստելով, որ հրադադարի համաձայնագիրը չլուծեց ԼՂ հակամարտությունը, համանախագահները ընդգծում են`«Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ և համաձայնագիրը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը>:
– Նման մոտեցումը ևս իր պատճառներն ունի. սկզբում միջնորդներն առաջնորդվում էին <տարածքներ խաղաղության դիմաց> տրամաբանությամբ, բայց պարզ դարձավ, որ դա բացարձակապես անիրատեսական է, որովհետև խաղաղությունը բոլորինն է ու ոչ ոք խաղաղության հաստատման դիմաց միակողմանի զիջման չի գնա: Այս սխալ մոտեցումը, սակայն, հանգեցրեց նրան, որ Ադրբեջանին թվաց, թե ինքը մեծ պարգև է մատուցում Հայաստանին ու միջազգային հանրությանը` պատերազմ չսկսելով: Համանախագահները շտապեցին կիրառության մեջ դնել մյուսը` <տարածքներ կարգավիճակի դիմաց> սկզբունքը: Եվ այժմ համանախագահները խոսում են հե’նց այդ սկզբունքի մասին, բայց դարձյալ կա անորոշություն, չի ամրագրվում, որ <տարածքներ կարգավիճակի դիմացը> պետք է լիովին համահունչ լինի միջազգային կարգավիճակին: Այսինքն, դա չի կարող նշանակել, սկզբից տվեք տարածքները, հետո կխոսենք կարգավիճակի մասին: Ճիշտ հակառակը պետք է լինի` սկզբից կարգավիճակը պետք է որոշվի: Ինչպե?ս կարող ենք մեր հույսը դնել Ադրբեջանի բարի կամքի դրսևորման վրա ու տարածքները զիջել նրան, դա անլուրջ է ու անիրատեսական, համոզվել ենք չէ?, երբ առիթ են գտել` ցեղասապանություն են իրականացրել, վկան Սումգայիթը, որտեղից սկսվեց հասել արյունը և հակամարտությունը տեղափոխվեց պատերազմական փուլ:
-Մինչդեռ, լիովին մոռացվել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ օկուպացված տարածքների մասին:
-Անշուշտ` Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը և այլն, ԼՂՀ-ի տարածքների 25 %-ից ավելին այսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից , իսկ իրենք խոսում են ինչ-որ 20 % օկուպացիայի մասին: Այսպիսով, արձանագրենք, որ <տարածքներ կարգավիճակի դիմաց> սկզբունքը ոչ միայն լիովին չի իրականացվել, այլև ամբողջությամբ ձևախեղվել է, օգտագործվել միակողմանիորեն` հոգուտ Ադրբեջանի, վերջինիս հնարավորություն տալով անվերջ պնդելու, թե` մեր ուզածը տվեք, հետո կխոսենք կարգավիճակից:
-Տպավորությունն այնպիսին է, որ համանախագահների հայտարարության մեջ անտեսված է ինքնորոշման իրավունքի կարևորագույն սկզբունքը և հիմնականում այն խարսխված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա:
-Եվ սա շատ մտահոգիչ է, նրանք ինքնորոշման իրավունքի մասին խոսում են դեկլարատիվ, բայց դրա իրացման մասին ոչ մի խոսք չկա: Ավելին, համանախագահների բոլոր հայտարարություններում, երբ խոսվում է <գրավյալ տարածքների> մասին, ենթատեքստում միայն Ադրբեջանի պահանջների բավարարումն է, ինչն ամենևին չի բխում հակամարտության էությունից: Համանախագահները նշում են նաև,թե որոշ շրջանակների մոտ կա <մոլորությունը, թե ստատուս քվոն կարող է պահպանվել անորոշ ժամանակով>, սրանով, փաստորեն, շեշտում ստատուս քվոյի պահպանման անթույլատրելիության մասին: Բայց եթե այդպես է, ուրեմն, նաև պետք է խոսել մինչ պատերազմը առաջ եղած ստատուս քվոյին վերադառնալու անհնարինության մասին, հակառակ դեպքում, տպավորություն է ստեղծվում, թե կարելի է վերադառնալ ԽՍՀՄ-ի օրոք եղած ստատուս քվոյին: Միջնորդները, իրենց նման մոտեցմամբ, փորձում են թացն ու չորը իրար խառնել ու գործընթացը շեղել դեպի ադրբեջանական պահանջների բավարաման դաշտ:Կարծում եմ, որ այստեղ մենք ևս ունենք մեր մեղքի բաժինը, քանի որ շատ ենք շտապում հայտարարելու, թե բանակցային գործընթացի հիմք ենք ընդունում մադրիդյան սկզբունքները, որոնք անհարիր են ղարաբաղյան շարժման մեր տրամաբանությանը: Դա խիստ վտանգավոր է, ի?նչ ենք անելու, եթե Ադրբեջանը մի օր ևս հայտարարի դրանք ընդունելու մասին: ԼՂՀ-ում երկու հանրաքվե է անցկացվել` 1991-ի Անկախության հանրաքվեն և 15 տարի անց` 2006-ին ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն, որը վերստին արծարծեց ԼՂՀ-ի անկախության եւ ինքնիշխանության հարցը: Հայաստանի ու Ղարաբաղի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս հանրաքվեներով: Մինչդեռ, մադրիդյան սկզբունքները ամենևին չեն բխում այս երկու հանրաքվեների տրամաբանությունից: Այդ սկզբունքներում Ադրբեջանը ունի պահանջներ ներկայացնելու առավելություն, մյուսները `ոչ: Դրա համար էլ ՀՅԴ-ն հայտարարել է, որ դեմ է <մադրիդյան սկզբունքներին>:
-Ադրբեջանում ձերբակալում են քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին հայերի հետ շփումներ ունենալու համար, ադրբեջանցի ոստիկանը հայտարարում է, թե իրավունք ունի բռնություն կիրառել հայ կնոջ նկատմամբ, մինչդեռ նույն ընթացքում համանախագահները երկու կողմերին հավասարաչափ կոչ են անում միջմարդկային ակտիվ շփումներ իրականացնել: Որքա?ն կարելի է այսչափ <անտեղյակ> ձևանալ:
-Ադրբեջանն այն երկիրն է, որն ուզում էր ընդունել մի օրենք, որով հայկական կողմի հետ ցանկացած հարաբերություն կհամարվեր քրեորեն հետապնդելի, միայն Եվրախորհրդի միջամտությամբ դրա ընդունումը կանխվեց: Ինչ վերաբերում է համանախագահներին, այնպիսի կեցվածք են ընդունել, կարծես այդ մասին բոլորովին անտեղյակ են: Հենց սա է երկակի ստանդարտ ասվածը: Մինչդեռ, արդար կլիներ, եթե նրանք ասեին, թե ո?ր կողմը, ի?նչ խնդիր չի լուծել, ո?վ, ի?նչ հարցում է մեղավոր: Եթե որպես միջնորդ ուզում էին 20 տարվա իրավիճակն ամփոփել, ուրեմն, պարտավոր էին իրերն իրենց անուններով կոչել: Ինչպե?ս կարելի է մի կողմ թողնել հակամարտության տրամաբանությունը, պատմությունը և խորհուրդ-խրատներ կարդալ, նման մոտեցումը չի ծառայի իր նպատակին: Դեռ 2012-ին ՀՅԴ-ն հանդես եկավ <Ղարաբաղյան հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու, և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին> հայտարարությամբ, սա հենց իրերն իրենց անունով կոչելուն միտված առաջին փորձն էր:
–Կանխատեսվում է, որ Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ՌԴ սրված հարաբերությունները վերջիններս կփորձեն <մեղմել> ի հաշիվ Ղարաբաղի, այդ իմաստով, իրատեսակա?ն են այն մտահոգությունները, թե պատերազմի վտանգը երբեք այսքան մոտ չի եղել:
-Պատմությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր միջնորդ պետություն ունի իր աշխարհաքաղաքական շահերը, այսօր էլ ականատեսն են, թե աշխարհի տարբեր տեղերում, այդ թվում և Ուկրաինայում, ինչպես են բախվում գերտերությունների շահերը: Ցավալի կլինի, եթե ինչ-որ լուծում փորձ արվի իրացնել ի հաշիվ Ղարաբաղի: Իսկ պատերազմի վերսկսումը միշտ էլ հնարավոր է , քանի դեռ հարցի կարգավորումը լիարժեք ավարտված չէ, պատերազմը կարող է կանխվել միայն մեր ներքին ամրությամբ, մեր պետության հզորությամբ: Մեր անվտանգության երաշխավորը նաև ստեղծված այն անվտանգության գոտին է, որին համանախագահները <գրավյալ տարածքներ> են անվանում: Եթե ուզում են մեզ ավելի ամուր ու կայուն անվտանգություն տալ, ուրեմն պարտավոր են եղածից ավելի լավ հնարավորություններ առաջարկել, մինչդեռ նրանց առաջարկները մեզ համար շատ ավելի վատ են, հետևաբար, մեր կողմից ամբողջությամբ մերժելի:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
սկզբունքը: Եվ այժմ համանախագահները խոսում են հե’նց այդ սկզբունքի մասին, բայց դարձյալ կա անորոշություն, չի ամրագրվում, որ ի հաշիվ Ղարաբաղի, այդ իմաստով, իրատեսակա?ն են այն մտահոգությունները, թե պատերազմի վտանգը երբեք այսքան մոտ չի եղել:












