Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Եվրոպայի ժողովուրդները մերժում են եվրակոմիսարների քաղաքականությունը

Մայիս 27, 2014թ. 23:51

արամԵվրախորհրդարանի ընտրությունների շուրջ զրուցեցինք Դեմոկրատական կուսակցության առաջնորդ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթեցին եվրոսկեպտիցիզմի կողմնակիները, ովքեր դեմ են եվրոպական ինտեգրացիայի գաղափարին, դեմ են որոշումներն իրենց երկրներից դուրս կայացվելուն, և կողմնակիցներն են պետությունների ինքնիշխանության: Նման զարգացումը կանխատեսելի՞ էր:

-Ընտրությունների արդյունքներով Արևմտյան Եվրոպայի երկրները հստակ ամրագրեցին այն միտումը, որ հին Եվրոպան հակված է պաշտպանելու իր ավանդույթները. սա ամենակարևոր հետևությունն էր: Մյուս կողմից, այնպես չէ, որ այս երկրները դեմ են եվրոպական ինտեգրացմանը, բայց նրանք ասում են` այդ ֆոնի վրա մենք կորցնում ենք մեր մեծագույն արժեքը` ազգային ինքնությունը: Արժեհամակարգային փոփոխությունները պետք է արթնացնեին ավանդական Եվրոպային ու, արթնացրին: Ես կարծում եմ, որ արթնացման վերջին կաթիլը եղավ նաև ՙԵվրոտեսիլ՚ կոչվող մրցույթը:

Ակնարկում եք համասեռամոլ Կոնչիտայի հաղթանա՞կը: Եթե սա իր ազդեցությունն է ունեցել Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների վրա, կնշանակի ավանդական Եվրոպան կորսված չէ, և բարեբախտաբար, դեռ պահպանվում է եվրոպական իրական արժեհամակարգը, դա, իրոք, մեծ հույս է ներշնչում:

-Իհարկե: Ընդամենը մեկ շաբաթ առաջ եմ վերադարձել Բեռլինից, ուր մասնակցում էի ՙԲալկանյան երկխոսություն՚ խորագրով կլոր սեղանին, և վստահաբար կարող եմ փաստել, որ նման երևույթները իրենց համար ևս խորթ են, գերմանացիները ավանդապաշտ, ընտանիք սիրող ժողովուրդ են ու մեզ պես չեն պատկերացնում, թե ի՞նչ է նշանակում չունենալ սեփական երեխա, չկազմել նորմալ` կին-տղամարդու սիրո վրա հիմնված ընտանիք: Ի դեպ, “Քաղաքակրթությունների երկխոսություն” համաշխարհային հասարակական ֆորումի նախագահ Վլադիմիր Յակունինը կլոր սեղանի ժամանակ հետևյալ միտքն արտահայտեց, թե վերջապես դուք մեզանից ի՞նչ եք ուզում, պահանջում եք, որ համակերպվե՞նք ու ճի՞շտ համարենք մուրքավոր “կնոջ” գոյությունը: Ու հայտարարեց` մենք դա չենք կարող ընդունել: Ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ այս ամբողջ լգտբ-ական շարժումը բոլորովին այլ տեղից է ուղղորդվում, որ այն ոչ մի կապ չունի եվրոպայի ժողովրդի պատկերացումների, մտածելակերպի, ավանդույթների հետ:

-Փաստորեն, այս ընտրությունները լակմուսի թղթի դեր կատարեցին ցույց տալով, որ եվրոպական ժողովրդների համոզմունքները չեն համընկնում եվրակոմիսարների քաղաքականության հետ, ավելին` հակադրվում են:

-Դա միանշանակ է: Ես առաջին անգամ գերմանացի լուրջ քաղաքագետներից լսեցի այսպիսի հայտարարություն, որ իրենք պետք է դուրս գան ԱՄՆ պարտադրանքի տակից, իրենց խոսքով` ԱՄՆ ՙդիկտատի՚ տակից:

-Վերջապես ավանդական Եվրոպան ընդվզեց ԱՄՆ ազդեցության դեմ:

-Այո, Եվրոպայում կատարվածը ի ցույց դրեց ամերիկյան քաղաքականության ձախողումը: Մինչև ե՞րբ կարող է Գերմանիան համակերպվել ԱՄՆ-ը թելադրանքներին:

Սա նաև ընդվզում է միջազգային այն կառույցների դեմ, որոնք դարձյալ ուղորդվում են Միացյալ նահանգների կողմից:

-Այո, կառույցներ, որոնք տարիներ շարունակ ապազգային քաղաքականություն վարեցին և փորձեցին արժեհամակարգ փոխել: Պատահական չէ, որ Ֆրանսիայում միլիոնավոր ֆրանսիացիներ դուրս եկան փողոց բողոքելու միասեռականների ամուսնության դեմ: Մինչդեռ այդ երկրի իշխանությունը օրինականացրեց դրանց ամուսնությանը, իր այդ քայլով փաստելով, որ ենթարկվում է այլև կենտրոնի պարտադրանքներին: Ի դեպ, Վլադիմիր Յակունինն այս առնչությամբ բացահայտորեն ասաց հետևյալը, թե նրանք, ովքեր պահպանում ու իրականացնում են այս կամ այն երկրի իշխանությունը, ցավոք, այդ երկրների ընտրված ղեկավարները չեն, որ ընտրված նախագահները իրականացնում են ոչ թե սեփական ժողովրդի կամքը, այլ գտնվում են ուրիշ կենտրոնի հրահանգների տակ: Ահա սրա դեմ ըմբոստացավ ավանդական Եվրոպան: Ես համոզված եմ, որ Արևմտյան Եվրոպայի` Ֆրանսիայի, Անգլիայի , Ավստրիայի, Գերմանիայի ղեկավարները ստիպված են վերանայել իրենց քաղաքական գիծը: Իսկ եթե չանեն, ապա կպարտվեն առաջիկա տեղական ընտրություններում:

-Թերևս պետք է արձանագրել, որ ավանդական Եվրոպայի արթնացմանը խթանեցին երեք հիմնական պատճառներ, որոնք անմիջականորեն առնչվում են Եվրամիության քաղաքականության հետ. նախ, ԵՄ կողմից ներգաղթյալների հարցում իրականացվող քաղաքականությունը, երկրորդ, տնտեսական ճգնաժամերը, և երրորդ` ԵՄ երկակի ստանդարտների կիրառումը Ուկրաինայի հարցում:

-Այո , նախ ներգաղթյալների հետ կապված այդ քաոսը վաղ թե ուշ պետք է իր արձագանք ունենար: Մարի Լե Պենը հայտարարեց` մենք պետք է ունենանք ֆրանսիացիներ, որոնք լոյալ քաղաքացիներ են, ու շեշտեց, որ նկատի չունի ազգությունը, այլ այն, որ անձը լինելով ֆրանսիացի պետք է կրի Ֆրանսիայի արժեհամակարգը: Մինչդեռ ներգաղթյալները չինտեգրվելով մնում են օտար մարմիններ ու խանգարում են երկրի բնականոն զարգացմանը: Տնտեսական քաղաքականության առնչությամբ բերեմ կոնկրետ օրինակ: Բելգրադում մտերմիկ զրույց ունեցա Բուլղարիայի ՙԱտակա՚ կուսակցության ղեկավարի հետ, նա փաստերով ներկայացրեց, թե ինչ վիճակում է հայտնվել իր երկրի տնտեսությունը ԵՄ անդամ դառնալուց հետո: Այսօր բուլղարացիները չեն կրողանում արտադրել գյուղատնտեսական ապրանքներ և ստիպված են դրանք ներկրել, որովհետև ԵՄ անդամ դառնալուց հետո եվրոպական խոշոր ֆիրմաները ձևավորել են այնպիսի պայմաններ, որ Բուլղարիայի արտադրողները չեն կարող մրցունակ լինել: Նման ահավոր վիճակում են նաև Ռումինիան, Մերձբալթյան հանրապետությունները: Եվրոասոցացման դեպքում նույնը սպառնում էր Հայաստանին: Ինձ հարց ուղղվեց, թե ինչո՞ւ Հայաստանը չստորագրեց ԵՄ հետ ասոցացման պայմանագրիը, ելույթ ունենալով ես բերեցի կոնկրետ օրինակ. ՆԱՏՕ-ի ներկացուցիչները մեր առաջ երեք կոշտ պայման դրեցին, նախ, ԵՄ ճանապարհը անցնում է միայն ՆԱՏՕ-ով, երկրորդ, մենք պետք է անվերապահորեն ընդունենք իրենց կողմից մշակված բոլոր ստանդարտները, երրորդ, հետո գործը հասավ նրան, որ ասացին` ինչու եք դուք օրենքներ գրում, մենք դրանք կմշակենք ձեր համար, դուք էլ դրանցով կառաջնորդվեք: Այս տոտալիտար մոտեցումն էր, որ վանեց շատ երկրներին, այդ թվում և Հայաստանին: Անդարադառնամ Ուկրաինային: Եվրոպացիները բացահայտորեն ասում էին, որ իրենց զլմ-ը միակողմանիորեն են ներկայացնում ուկրաինական դեպքերը, ու նկատում, որ դա երկակի ստանդարտների կիրառման հետևանք է: ԵՄ նպատակը Ուկրաինան ժողովրդավարական պետություն դարձնելը չէ, այլ ՆԱՏՕ-ն բերել ու Ռուսաստանի սահմաններին հասցնելն է: ԱՄՆ-ը իրեն համարում է աշխարհի տերն ու տիրակալը ու դրա հետ չհամակերպվող երկրներին պատժում, դրա համար էլ այսօր խիստ վրդովվել է, որ Ռուսաստանը չոքած վիճակից ոտքի է կանգնում: ԱՄՆ այս կեցվածքը մերժելի է նաև Եվրոպայի մտածող գործիչների կողմից: Սա է պատճառը, որ մեր փաստարկված ելույթները նրանք լիովին ընդունեցին:

-Մի դիտարկում. Ֆրանսիայում հաղթեց ՙԱզգային ճակատ՚ կուսակցությունը, որի առաջնորդ Մարի Լե Պենին եվրոպական բյուրակրատիան չի սիրում, որովհետև դեմ է եվրաինտեգրմանը, նա էր, որ մուսուլմանների զանգվածային աղոթքները համեմատեց ֆաշիստական օկուպացիայի հետ, իսկ Ուկրաինայի պարագայում հայտարարեց` ԵՄ-ն իրավունք չունի Ուկրաինային Եվրոասոցացում մղելու: Փաստորեն, ֆրանսիացիները ձայն տվեցին այնպիսի գաղափարներ կրող գործիչի, որին հայաստանյան արևմտապաշտները պուտինիստ կամ ԿԳԲ-ի ագենտ կկոչեն: Հիմա, այս ընտրությունները ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի համար, տրամադրությունների ինչ ալիքը կհասնի մեր երկի
ր:

-Նրանք, ովքեր ուզում են կուրորեն կրկնօրինակել մեզ դրսից ներկայացվող պարտադրանքը, ապա այս ամենից պետք է հետևության հանգեն: Չնայած չեմ կարծում, որ այսուհետ կդադարեն նրանց ուղղվող ֆինանսական հոսքերը, ավելին` հակառակի մասին են խոսում, ուրեմն, 5-րդ շարասյունը դեռ շարունակվելու է մեզանում ձևավորվել: Այլ բան է, թե նման քայլերն ի՞նչ հաջողություն կունենան երկրի ներսում, որքոնո՞վ դրանց կարձագանքի մեր ժողովրդը: Համոզված եմ, ոչ մի հաջողություն չեն ունենալու, որովհետև նրանք այլևս չեն կարող ասել, թե գիտե~ք, եվրոպական ինտեգրացիան բոլորի կողմից ընդունելի գործընթաց է, թե բոլորը ձգտում են դրան ու միայն Հայաստանն է դուրս մնում այդ ուղուց: Նման պնդումներ անելու իրավունք նրանք, պարզապես, չեն ունենա, քանի որ փաստարկներն այլ բան են ապացուցում: Հենց սա էլ մեզանում կբերի իրավիճակի փոփոխության:

– Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը հայտարարեց ԵՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին, նույն կարծիքին է Հունաստանի ձախ արմատական դաշինքը, Մարի Լե Պենը ԵՄ-ն համեմատեց ԽՍՀՄ-ի հետ, որը չի կարողանում զարգանալ, ուրեմն պետք է փլուզվի, որպեսզի դրանից հետո կառուցվի ազատ և ինքնիշխան ազգերի լիգա: Իսկ Եվրախորհրդանի նախկին նախագահ Մարտին Շուլցի խոսքերով այլևս դժվար է գտնել հարցի պատասխանը` ո՞ւր է գնում Եվրամիությունը: Այսքանից հետո կարո՞ղ ենք ասել, որ ԵՄ փլուզման գործընթացն սկսված է:

-Փաստորեն, հենց իրենք եվրոպացիները հանգեցին այն հետևության, որ Բրյուսելի քաղբյուրոն չարդարացրեց իրեն: Նրանք ասում են` ուզում ենք դուրս գալ Բրյուսելի պարտադրանքի տակից, որի որոշումները միշտ չէ, որ բերում են ցանկալի արդյունքների: Եվ ուրեմն, եթե առաջիկա տեղական համապետական ընտրություններում Ֆրանսիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում իշխանության գան այն ուժերը, որոնք մերժում են ներկայիս քաղաքական գիծը, միանշանակ է, որ ԵՄ-ն այլևս այս տեսքով գոյություն չի ունենա:

-Այս գործընթացները ևս հուշում են, որ հայաստանյան արտաքին քաղաքական գծում նոր սրբագրումներ են անհրաժեշտ, թեպետ սեպտեմբերի 3-ով այն ազդարարվեց, սակայն չե՞ք կարծում, որ Եվրոխորհրդարանի ընտրություններից հետո վերնայման կարիք կա:

-ՄՄ-ին ու Եվրասիական միությանը անդամակցելու որոշում կայացնելուց հետո այսօր նորից խոսել ԵՄ հետ, քաղաքական մասով, ասոցացման պայմանագրի կնքելու մասին, համարում եմ ոչ խելամիտ քայլ: Տեսնում ենք, թե ինչ գործընթացներ են կատարվում Եվրոպայում, ու եթե մենք դեռ շարունակելու ենք հին գիծը վարել, դա կլինի անհեռատեսություն:
Մյուս կողմից Հայաստանը դեմ չէ ինտեգրման գործընթացներին, հարցն այն է, թե ի՞նչ պայմաններով ու նպատակով է դա արվում: Եվրոպացիները մեզ ասում էին, որ պետք է սկսել նոր երկխոսություն ու մտածել այն մասին, որ Լիսաբոնից Վլոդիվոստոկ, այս ահռելի տարածքում լինի ոչ թե հակամարտություն, այլ համագործակցություն: Սա նշանակում է, որ եվրոպացին ևս հակամարտության կողմնակից չէ, պարզապես, նա էլ մեզ պես չընկալեց ինտեգրացիոն գործընթացների ծայրահեղականությունը: Ուրեմն, պետք է հանգեն ողջամիտ հետևության, իսկ դա համահավասար գործընկերությունն է:
Նաև թող տպավորություն չստեղծվի, թե մերժելով եվրոասոցացումը, մենք կուրորեն ջատագովն ենք մյուս ուղղության, ամենևին: Այս առումով, նշեմ, որ ես կողմ չեմ, որ մենք անվերապահորեն ընդունեք այն պայմանները, որ այսօր դրվում է մեր առաջ նաև Մաքսային միությանն անդամակցման գործընթացում: Տեսնում ենք, թե ինչպես են Բելոռուսն ու Ղազախստանը առաջ մղում սեփական շահերը: Հայաստանը ևս պետք է նույն ձեռագրով գործի ու հանդես գալով սեփական պետական շահերի դիրքերից:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն