ՄԱՅԻՍՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԵՐԻ 100-ԱՄՅԱԿԻՑ ԱՌԱՋ
Այսօր պետականորեն նշվող 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը պարունակում է հայոց պետականության պահպանման ու զարգացման համար անհրաժեշտ գաղափարաբարոյական արժեքների մի ամբողջ գանձարան, որի հանդեպ մեր սերնդի վերաբերմունքը պետք է ճշտել՝ ելնելով Հայաստանի ու հայության առջեւ ներկայումս ծառացած մարտահրավերների բնույթից եւ ուղղվածությունից։
Մենք Մայիսյան հերոսամարտերի կազմակերպական առանձնահատկությունների եւ դրանց նյութատեխնիկական ապահովման մեխանիզմների նորովի ընկալման կարիքը չունենք, որովհետեւ անցած տասնամյակներում հայոց պետականությունը հասել է զարգացման այն մակարդակին, երբ նման խնդիրները լուծվում են շատ ավելի արդիական միջոցներով։
Հայաստանն ու Արցախն ունեն այնպիսի պաշտպանական կառույցներ, որոնք հնարավորություն են տալիս շատ կարճ ժամանակամիջոցում հասնել զինտեխնիկայի ու մարդկային ներուժի կենտրոնացման ամենաբարձր աստիճանի։
Խնդիրն այն է, որ նման ռազմատեխնիկական հնարավորությունների բացակայության դարաշրջանում անհավասար գոյամարտերի մթնոլորտում ?եւավորված գաղափարաբարոյական բարձր որակները նույնպես չանտեսվեն եւ հնարավորինս տեղափոխվեն 21-րդ դարում մեզ բաժին ընկած բարդ ու հակասական իրողությունների հարթություն։
Մենք հզոր կայսրություն չենք, որը կարող է իրեն թույլ տալ մի կողմ դնել ու արհամարհել հակառակորդի հանդեպ որակական առավելությունների ձեռքբերման ու պահպանման խնդիրը։ Հայաստանը փոքր երկիր է, որի հանդեպ ցանկացած սպառնալիքի առարկայացումը հավասարազոր է լինելու ֆիզիկական գոյության համար կենաց-մահու կռիվ մղելու հրամայականին։
Ուստի 1918թ. Մայիսյան հերոսամարտերի, հետագայում նաեւ Ղարաբաղյան պատերազմում առարկայորեն դրսեւորված անհավասար կռվում հաղթելու կամքն ու վճռականությունը չի կարող փոխարինվել անգամ ամենաարդիական զենքի եւ նյութական այլ միջոցների ծանրակշիռ ներկայությամբ։ Անշուշտ առանց արդիական զինտեխնիկայի եւ նրան տիրապետելու հմտության ժամանակակից պատերազմը հնարավոր չէ պատկերացնել։ Բայց չպետք է մոռանալ, որ որքան էլ առաջադիմեն տեխնիկական միջոցները, միեւնույն է, ապագա պատերազմներում հաղթելու համար նույնպես դրանք բավարար չեն լինելու։
Մայիսյան հերոսամարտերից մոտ 100 տարի հետո էլ մեզ հարկավոր են ոգու զինվորներ, որոնք գիտակցում են ճակատագրով հայերիս բաժին ընկած աշխարհառազմավարական դժվարին իրողությունները։ Մեր փոքրիկ հողակտորի յուրաքանչյուր թիզը ապագա պատերազմներում լինելու է ե՛ւ ճակատ, ե՛ւ թիկունք։ Սարդարապատի եւ Բաշ-Ապարանի հերոսների նման պետք է պատրաստ լինենք մեր հայրենի հողի ցանկացած մետրը դարձնել պաշտպանության վերջին բնագիծ։
Վճռականության ու հաղթելու կամքի առկայությունը ապագայում եւս հաճախ ավելի կարեւոր է լինելու սպառազինման աստիճանից եւ զինվորական հմտություններից։
Եվ նրանցում նույնպես 1918-ին Արամ Մանուկյանի կողմից ժամանակին գիտակցված մենակի գոյավիճակը ու դրանից ծնունդ առած վճռական մենակի հոգեբանությունը ձեռք է բերելու կարեւորագույն նշանակություն։ Այս՝ ժամանակ չճանաչող հետեւությունը մեզ համար իր նշանակությունը պահպանելու է այնքան, քանի դեռ չունենք հակառակորդից պաշտպանվելու համար անհրաժեշտ ռազմավարական խորություն ունեցող թիկունք, այսինքն՝ սեփական տարածքով փոքր ենք փաստորեն մեր բոլոր հակառակորդներից։
Այսօր էլ մեր պետությունը արեւմուտքից ու արեւելքից բխող ռազմաքաղաքական սպառնալիքների եւ հյուսիսից ու հարավ-արեւելքից մեզ արտաքին աշխարհի հետ կապող կոմունիկացիաների ցածր հուսալիության իրողությունների առջեւ է։ Իսկ դրանց վիճակի հետագա բարդացման հեռանկարը ամենեւին էլ տեսական հնարավորություն չէ։
Հետխորհրդային տարածքում ծավալվող վերջին զարգացումների, մանավանդ ուկրաինական իրադարձությունների հետեւանքով նման սպառնալիքներն առաջիկայում կարող են է՛լ ավելի հստակ կերպարանք ստանալ՝ մեզ կրկին կանգնեցնելով մենակ մնալու փաստի առաջ։
Պատրա՞ստ ենք նման իրողությունը գիտակցել մեր ազգային հոգեբանության ներկա պրիզմայի միջով, որը չափից ավելի նյութականացած է ու առօրեական։ Ժամանակն իր անխուսափելի ազդեցությունն է թողել մեր ընկալումների վրա եւ գումարվելով մեծ ու փոքր տնտեսական խնդիրներին եւ արդարության բացակայության մասին համընդհանուր համոզմունքին, է՛լ ավելի է խորացրել պետությունից ու հասարակությունից օտարման զգացողությունը։
Եվ որքան էլ այն հասկանալի լինի իբրեւ մեր բազմաթիվ սխալների ու սայթաքումների անխուսափելի հետեւանք, առաջիկայում այլեւս չի կարելի հաշտվել նման իրավիճակի կոնսերվացման հետ, որովհետեւ ժամանակը թելադրում է բոլորովին այլ առաջնահերթություններ։
Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նախորդող առաջիկա 3-4 տարիները վճռորոշ քննության շրջան են լինելու մեր պետության ու ժողովրդի կյանքում։ Նոր իրավիճակը պահանջում է խորությամբ գիտակցել այն իրողությունը, որ նման «խառը ժամանակներում» վճռահատվում է հետագա տասնամյակների պատմությունը, ջնջվում են հին քարտեզների սահմանագծերն ու ձեւավորվում են նորերը։
Պետական կեցության պայմաններում նույնպես մեզ առաջիկայում անպայման անհրաժեշտ է լինելու վերականգնել վճռական մենակի հոգեբանությունը՝ հաղթահարելով Հայաստանի ներսում տիրող հոռետեսական տրամադրությունները, արտագաղթի միտումները, հասարակությունից անհատի խորացող օտարվածությունը, որպեսզի մեզ նորից զգանք այն երկրի լիարժեք տերը, որը մեզ են կտակել Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները։
Հաշվի առնելով Հայաստանի ներքին ու մանավանդ արտաքին կացությամբ պայմանավորվող նման սպառնալիքների բնույթն ու ուղղվածությունը, Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների թոռներից ու ծոռներից կազմված մեր սերունդը առաջիկա տարիներին պետք է ներքնապես պատրաստ լինի նոր փորձություններին դիմակայելու գործին, որպեսզի այս անգամ կարողանա կանխել վտանգների հասունացումը իրենց սաղմնավորման հանգրվանում։












