Ղարաբաղի հարցի լուծումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում չէ
Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղը գտնվում են մեկ միասնական տնտեսական տարածքում եւ այդպես էլ կլինեն. սա անհերքելի է: Այդ մասին երեկ հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, փաստ է, որ միության խորհրդի նիստում Հայաստանը պայմանավորվածություն է ձեռք բերել Եվրասիական միության անդամ երկրների հետ մինչեւ հունիսի վերջ անդամակցել ԵՏՄ-ին.
«Մնացել են մի քանի հարցեր, որոնք տեխնիկական ոլորտից են եւ վերաբերում են ներմուծմանն ու արտահանմանը: Դրանց շարքում սահմանային որեւէ հարց չկա: Չկա, որովհետեւ Եվրասիական միությունը այն կազմակերպությունը չէ, որը դրել է սահմանների խնդիր: Մենք անդամակցում ենք Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը եւ անդամակցելու ենք Եվրասիական տնտեսական միությանը, եւ Ղարաբաղի հարցի լուծումը դրա շրջանակում չէ:
Ղարաբաղի հարցի լուծման համար կա Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափ, որը զբաղվում է այդ հարցով, եւ այդ կազմակերպությունները որեւէ կապ չունեն սահմանային հարցերի ճշգրտման հետ»:












