Ադրբեջանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիային խորհուրդ է տվել սեփական խնդիրներով զբաղվել
Ադրբեջանի ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիային երկրի ներքին գործերին միջամտելու փորձի մեջ է մեղադրել:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, դժգոհության առիթն ընդդիմադիր ակտիվիստների, մասնավորապես` Անար Մամեդլիի, Բաշիր Սուլեյմանլըի եւ Էլնուր Մամեդովի նկատմամբ ներկայացված մեղադրանքների շուրջ Մեծ Բրիտանիայի արձագանքն է եղել:
«Դա անկախ դատական համակարգի աշխատանքին միջամտության եւ բացարձակապես անընդունելի ճնշման փորձ է: Հիշյալ անձինք հարկերից խուսափելու եւ անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար են դատապարտվել, այդ հանցագործություններն ապացուցվել են դատարանում: Դատարանի վճիռն այդ անձանց քաղաքական գործունեության հետ ոչ մի առնչություն չունի, եւ ընդհանրապես, Ադրբեջանում քաղաքական հայացքների եւ գործունեության համար չեն դատապարտում», – ասվում է արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հայտարարության տեքստում: Այդ առթիվ ԱԳՆ-ն Մեծ Բրիտանիայի արտաքին գործերով գրասենյակին խորհուրդ է տալիս «ձեռնպահ մնալ այլ երկրի ներքին գործերին միջամտությունից եւ ուշադրությունը սեփական երկրում մարդու իրավունքների ոլորտի խնդիրներին դարձնել»:












