Անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը որևէ ձևով՝ նույնիսկ դիվանագիտորեն չպատասխանեց.Հ.Իգիթյան
ՀՀՇ կուսակցության վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադառնալով Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը, ասաց, թե անընդունելի է, որ այսպիսի ստորացուցիչ վիճակի մեջ են դնում Հայաստանին, և անընդունելի է, որ Սերժ Սարգսյանը որևէ ձևով՝ նույնիսկ դիվանագիտորեն, չի պատասխանում:
«Նա պետք է ասեր, որ մեր ու Ղարաբաղի մեջ չի կարող տնտեսական սահման լինել, քանի որ Ղարաբաղը պորտալարով է կապված Հայաստանին»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հարցը հենց սկզբից այս կամ այն ձևով դրված է եղել, և սեպտեմբերի 3-ից հետո շշուկով խոսվում էր, թե Սերժ Սարգսյանը Մաքսային միության անդամակցության հարցն ընդունեց, քանի որ դրվում է նաև ԼՂՀ-ի անվտանգության հարցը:
Բանախոսն ասաց, թե բոլոր դեպքերում Հայաստանը պետք է մի ճկուն ու հասկանալի բանաձև ունենար: «Օրինակ՝ Ադրբեջանը շարունակ ինչ-որ դեմագոգիկ հայտարարություններ է սերտում, թեկուզ մենք միշտ ժխտում ենք, բայց դա աշխատող մեխանիզմ է: Հայաստանն էլ պետք է մի բանաձև ունենա, թե ինչ ենք մենք ուզում կամ պատկերացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցի վերաբերյալ»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
Եզրափակելով իր խոսքը, բանախոսն ասաց, թե ցանկացած պահի կարելի է գիծ քաշել և նայել, թե ինչպես կարելի է իրավիճակից անկորուստ դուրս գալ: «Եթե Եվրասիական տնտեսական միության անդամները խոչընդոտ են համարում Արցախի հարցը, ապա Հայաստանն առնվազն պետք է վերանայի իր դիրքորոշումը: Հայաստանը պետք է ասի, թե՝ դուք ձեր միությունը ստեղծեք և աշխատեք, մենք կհաշվարկենք մի շարք հարցեր և մեր դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:
tert.am












