ՄԱԿ-Ի ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հարցազրույց «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ
-Անդրադառնալով Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին Նազարբաեւի ընթերցած նամակում առկա պահանջին` մատնացույց եք արել ՄԱԿ-ի կանոնակարգը եւ նշել, որ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ» հասկացություն գոյություն չունի: Ի՞նչ է դա նշանակում։
-Մենք բազմիցս լսում ենք նման արտահայտություններ` միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ։ Դրանք ավելի շատ լրագրողական ձեւակերպումներ են, որոնք, ցավոք, անցել են նաեւ քաղաքական դաշտ:
Իրականում գոյություն չունեն ոչ «միջազգայնորեն ճանաչված սահման», ոչ էլ «ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահման» հասկացությունները: Միջազգայնորեն սահմանները պետք է ինչ-որ միջազգային կառույց ճանաչի, ինչն իրականում չի կարող լինել: Սահմանի ճանաչումը տեղի է ունենում սահմանակից երկրների միջեւ` համապատասխան կնքված փաստաթղթով:
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի կողմից ճանաչմանը` ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ընդհանրապես չի հիշատակվում սահման բառը, հետեւաբար չի կարող որեւէ դրույթ լինել սահմանային ճանաչման մասին:
Եվ հետո` ՄԱԿ-ը ճանաչման գործառույթ չունի: Դեռեւս 1950թ. մարտի 8-ին այն ժամանակվա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համապատասխան բացատրություն-հուշագիր է տվել` «ՄԱԿ-ում ներկայացված լինելու իրավական հարցերի վերաբերյալ» խորագրով, որի մեջ հստակորեն նշված է. ՄԱԿ-ին անդամակցությունը որեւէ կապ չունի ճանաչման գործառույթների հետ: Եվ դրա հաջորդ օրը` մարտի 9-ին, այն ամրագրել է Անվտանգության խորհուրդը:
Նազարբաեւի ընթերցած Ալիեւի նամակում ակնարկ կար նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի` «ՄԱԿ-ի կողմից ճանաչված» սահմաններով անդամակցության մասին: Հիշեցնեմ, որ ինչպես ՄԱԿ-ի կանոնադրության մեջ չկա սահման բառը, այնպես էլ, որքան էլ տարօրինակ է, այն փաստաթղթի, որով Հայաստանն անդամակցել է ԱՀԿ-ին: Ուր մնաց թե՝ «սահմանների ճանաչում» հասկացությունը լինի:
Այնպես որ Ալիեւի նամակում առկա երկու հղումներն էլ որեւէ իրավական հիմք չունեն:
-Կարծում եք՝ Նազարբաեւն այդ ամենին տեղյակ չէ՞ր, թե խաղաքարտը դրել էր ուրիշների` տեղեկացված չլինելու վրա:
-Շատ հավանական է, որ չիմանար, քանի որ դա շատ տարածված սխալ է: Ամեն կազմակերպության իրավասությունն ու գործառույթներն ամրագրված են նրա հիմնարար փաստաթղթում: Տվյալ դեպքում դա ՄԱԿ-ի կանոնադրությունն է: Կարելի է բացել, կարդալ ու համոզվել, որ այնտեղ իսկապես սահմանային տարածքների մասին ակնարկ անգամ չկա: Այնպես որ շատ հավանական է, որ Նազարբաեւն այդ փաստաթղթերն ուսումնասիրած չլինի եւ հենվի տարածված ու բազմիցս քաղաքական հարթակներում շրջանառվող կարծիքի վրա: Սա հարցի մի կողմն է:
Մյուս կողմն այն է, թե ինչու էր Նազարբաեւը շահագրգռված ներկայացնելու մի երկրի շահերը, որը ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ոչ էլ այդ կառույցին անդամակցելու մտադրություն ունի: Նիստին հավաքվել էին այն երկրները, որոնք պետք է համագործակցեն ԵՄ-ի շրջանակներում եւ պետք է քննարկեին իրենց վերաբերող հարցեր: Նազարբաեւի պահվածքն առավել քան տարօրինակ էր:
Եթե Ադրբեջանը լիներ կազմակերպության անդամ` դա հարցին պատասխան կտար: Բայց այս դեպքում նման բան չկա: Թե ինչու է Նազարբաեւը փորձում դատապաշտպանի դեր խաղալ Ադրբեջանի համար, հասկանալի չէ: Ի վերջո, նա մեր դաշնակիցն է:
-Այնուհանդերձ եթե վերլուծենք` ո՞րն է Նազարբաեւի շահը` այս դեպքում Ադրբեջանին սատարելու գործում:
-Պատճառները տարբեր են: Իրոք, նա փորձում էր ճնշում գործադրել Հայաստանի վրա, այդպես թե՛ Հայաստանից, թե՛ Ռուսաստանից ինչ-որ բան պոկել: Ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի անդամակցությամբ։ Հենց դա էլ կարող է Նազարբաեւը շահարկել` հօգուտ իրեն:
Չպետք է բացառել նաեւ անձնական հարաբերությունները Ադրբեջանի հետ, Ադրբեջանի հսկայածավալ ներդրումները Ղազախստանի տնտեսության մեջ, նաեւ ղազախների եւ ադրբեջանցիների որոշակի էթնիկ, լեզվական ընդհանրությունները: Երկուսն էլ թուրքական ժողովուրդներ են, եւ դա իր դերակատարությունն ունի միմյանց սատարելու հարցում:
Նաեւ չմոռանանք, որ Նազարբաեւն ակնհայտորեն ուզում է առաջին ջութակի դեր ստանձնել միությունում։ Պատահական չէր, որ ԵՄ ստեղծման մասին փաստաթուղթը հենց Աստանայում ստորագրվեց: Հաշվի առնելով, որ Եվրասիական միության գաղափարը առաջինը Նազարբաեւն է առաջարկել, կարելի է ենթադրել, որ նա հավակնում է այդ կառույցի կազմում հանդես գալ որպես լիդեր, առաջնորդ եւ հիմիկվանից փորձում է թելադրողի, որոշողի դերում լինել:
Ես չեմ պատկերացնում, որ եթե Հայաստանն անդամակցի այդ միությանը` ինչպես է կարողանալու իր շահերը պաշտպանել: Եթե մենք մտնում ենք մի տեղ, որտեղ ի սկզբանե մեզ դնում են կրտսեր գործընկերոջ տեղ եւ ոչ թե հավասարի, շատ դժվար է լինելու:
-Լեռնային Ղարաբաղի պաշտոնական դիրքորոշումն այնպիսին է, որ Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանի որոշումն է, իսկ Ղարաբաղը, որպես անկախ պետություն, կարող է նաեւ իր կամքով չմասնակցել այդ գործընթացին, որ դա որեւէ վտանգով հղի չէ Հայաստանի ու Ղարաբաղի սահմանային ամբողջականության համար: Համամի՞տ եք այս կարծիքին։
-Համամիտ չեմ, քանի որ այդ դեպքում ոչ թե կլինի Հայաստան-Ղարաբաղ սահման, այլ կլինի արդեն Եվրասիական միություն-Ղարաբաղ սահման: Դրանք տարբեր բաներ են: Եվ թե ինչպիսի՞ ռեժիմ կհաստատվի եվրասիական միության սահմանակետերի վրա, եւ ո՞վ դա կվերահսկի` մենք դեռ չգիտենք:
-Նման պայմաններում Հայաստանն ի՞նչ քաղաքականություն պետք է որդեգրի:
-Երբ առաջին անգամ խոսակցություն գնաց Մաքսային միություն մտնելու մասին, որպես հիմնական շահագրգռիչ կետ կիսապաշտոնական մակարդակում այն էր ներկայացվում, որ Հայաստանը եւ Ղարաբաղը միասին կմտնեն այդ կառույցի մեջ, եւ դրանով Ղարաբաղն անուղղակի ճանաչում կստանա: Բայց հիմա հակառակն է ստացվում: Համենայն դեպս արդեն հասկանալի է ՄՄ անդամ երկրների դիրքորոշումը` Ղարաբաղը Հայաստանի մաս չէ եւ չի կարող ներառվել միության կազմում:
Ես կառաջարկեի ԵՄ կազմում ընդգրկվելուց առաջ ապահովագրության նպատակով պահանջել, որպեսզի Հայաստան-Ղարաբաղ հարաբերություններն առանձին արձանագրվեն, եւ մյուս անդամ երկրները որոշակի երաշխիքներ տան դրանց իրականացման համար: Այսինքն` Հայաստանը պետք է հարց բարձրացնի, օրինակ, թե ինչպես են կարգավորվելու Վրաստան-Հարավային Օսիա, Ռուսաստան-Աբխազիա հարաբերությունները` որպես չճանաչված պետությունների հետ հարաբերություններ, եւ այդ փաթեթում ընդգրկել նաեւ Հայաստան-Ղարաբաղ հարաբերությունները:
Բայց դա պետք է ինչ-որ ձեւով ամրագրվի, քանի որ պատմական փորձը ցույց է տվել, որ հաճախ ամրագրված պարտավորությունները չեն կատարվում, ուր մնաց՝ անորոշ պայմանավորվածությունները:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












