Ղազախստանի ու Բելառուսի ցանկությունն է Հայաստանից խոստումներ կորզել Արցախի մասին
Երեկ Աստանայում տեղի ունեցավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, և Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստորագրեցին Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու վերաբերյալ պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015թ.-ի հունվարի 1-ից։ Հայաստանը տեղ չգտավ հիմնադիր պետությունների կազմում, չնայած նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց մինչև հունիսի 15-ը ստորագրել պայմանագիրը, նշելով այս կառույցին Հայաստանի անդամակցման շահագրգռվածության մասին:
Իսկ այն, ինչ տեղի ունեցավ Աստանայում, դեռ խորքային վերլուծության, հետևաբար, հստակ գնահատականներիարտահայտման անհրաժեշտություն ունի: Քաղաքագետները սակայն չեն շտապում, ավելին, անգամ ձեռնպահ են այս պահին տեղի ունեցածի մասին սեփական դիրքորոշումները ներկայացնելուց: Այնուհանդերձ, ՙՀայոց Աշխարհ՚-ին իր նախնական գնահատականները ներկացրեց Արցախի նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ:
-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ստորագրել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը: Սարգսյանի այս քայլը, արդյո՞ք, պայմանավորված չէր այն հանգամանքով, որ կան Հայաստանի համար առանցքային, լրջագույն հարցեր, որոնք դեռևս մնում են չհամաձայնեցված:
-Նախ նշեմ, որ նորաստեղծ դաշինքի անդամներից ոմանք ԵՏՄ-ն զուտ տնտեսական կառույց են համարում, մինչդեռ Ռուսաստանի ու Հայաստանի համար՝ վերջինիս անդամագրումը, կարծես, առավելապես քաղաքական համատեքստ ունի: Ինչը կարող է Հայաստանի Հանրապետության անդամության հետ կապված հարցեր առաջացնել: Մի բան ակնհայտ է, որ Ղազախստանն ու Բելառուսը օրինաչափորեն ձգտելու են խուսափել իրենց համար ավելորդ գլխացավանք առաջացնող քաղաքական խնդիրներից:
-Ի դեպ, նախագահ Սարգսյանն իր ելույթում նշեց, թե. ՙ2-3 օրվա ընթացքում կկարողանանք գտնել փոխընդունելի որոշումներ, որոնք բավարարեն մեզ և մեր գործընկերներին՚: Սրանով նկատելով, թե կան հարցեր, որոնց շուրջ դեռևս չեն կայացվել փոխընդունելի որոշումներ: Իսկ Ադրբեջանի նախագահ Ալիևի դիմումն ուղղված եռյակին ու դրա ընթերցումը Նազարբաևի կողմից հաստատեց, որ հարցերի հարցը Ղարաբաղն է:
-Թերևս Ղազախստանն ու Բելառուսը ցանկանում են, որ Հայաստանը անհրաժեշտ խոստումներ ու հավաստիացումներ տա Արցախի մասով առ այն, որ հայկական երկրորդ պետությունն այս միության հետ որևէ առնչություն չի ունենալու և դա կատարի հրապարակայնորեն: Այո, Ադրբեջանի նախագահ Ալիևը այս կապակցությամբ գրավոր դիմել է երեք հիմնադիր պետությունների ղեկավարներին ու հորդորել, որ Հայաստանը ԵՏՄ անդամ դառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում, այսինքն՝ այն նույն պայմանով, ինչպես անդամագրվել է Առևտրի միջազգային կազմակերպությանը(ԱՄԿ):
Հայաստանն արդեն տևական ժամանակ է, ինչ ԱՄԿ լիիրավ անդամ է, սակայն այդ հանգամանքը Հայաստան-Արցախ փաստացի հարաբերությունների բովանդակության ու որակի վրա բացասական ազդեցություն, կարծես, չի գործել: Այս հարցի քննարկումն ինքնին հետաքրքրական է: Բանն այն է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կարող է լինել միայն իր իսկ կողմից ճանաչված սահմաններում, իսկ դրանք այն սահմաններն են, որոնց շրջանակում անցկացվեց մեր անկախության հանրաքվեն: Այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքի մասին է խոսքը: Հայաստանը չի կարող պահանջել, որ անկախ պետություն հանդիսացող Արցախը դառնա վերոհիշյալ միության անդամ միայն այն պատճառով, որ Հայաստանն է դրան անդամագրվել: Մենք պետք է ելնենք առկա իրողություններից՝ մի կողմից անկախ Արցախի Հանրապետությունն անուրանալի իրողություն է, իսկ մյուս կողմից՝ այն այլոց համար իրավական առումով գոյություն չունի: Սա նշանակում է, որ Հայաստանն ազատ է Արցախի հետ կառուցել իր ուզած երկկողմ հարաբերություններն առանց դրանք միջազգային մակարդակում պաշտոնականացնելու: Եվրասիական տնտեսական միության սահմանային ու մաքսային ռեժիմները միանգամայն համադրելի կլինեն Հայաստան-Արցախ անկաշկանդ տնտեսական հարաբերությունների հետ:
-Հայտարարվեց , թե Եվրասիական տնտեսական միությունը կստեղծվի 2015-ի հունվարի 1-ին Մաքսային միության երեք անդամների` Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելոռուսի բազայի վրա: Սա արդեն իսկ թափանցիկ ակնարկ չէ՞ր, որ ՄՄ անդամ չդարձած Հայաստանը չի կարող հավակնել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ լինելուն:
– Հայաստանի համար հիմնադիր անդամ լինելը կարևոր կլինի միայն այն դեպքում, եթե հստակորեն տարբեր լինեն հիմնադիր անդամների ու ավելի ուշ անդամագրվածների իրավունքները և որոշումների կայացմանն ունենալիք մասնակցության չափը: Այդպիսի տարբերակման բացակայության պարագայում հիմնադիր անդամ լինել-չլինելու խնդիրը կարևոր չի լինի:
–Տեղեկատվություն կա, թե մինչ Աստանան Բելոռուսն ու Ղազախստանը հանդես են եկել ամբիցիոզ դիրքերից, Ռուսաստանի առաջ հարց դնելով, թե ինչպե՞ս կարող է տնտեսապես զարգացած, ռեսուրսներ ունեցող իրենց երկրների կողքին ԵՏՄ-ում որպես հիմնադիր անդամ ներգրավվի Հայաստանի նման փոքր երկիրը: Եթե սա իրականություն է կնշանակի մեզ չի հաջողվել արդյունավետորեն խաղարկել աշխարհաքաղաքական գործոնը:
-Կարծում եմ այժմ այլ խնդիր է լուծվում. Մաքսային միությունը անդամ երկրների մաքսային տարածքն ու տնտեսական շահերը պաշտպանելու գործիք էր, մինչդեռ ԵՏՄ-ն կոչված է տնտեսական համագործակցության ավելի ընդգրկուն ձևաչափ առաջարկել, որին կմասնակցեն ոչ միայն ԱՊՀ անդամ երկրները: Այսինքն՝ եթե առաջինը պաշտպանական բնույթ ունեցող միություն է, ապա երկրորդն ավելի հարձակվողական, ակտիվ բնույթ ունենալու հավակնությունը ունի: Սա, հավանաբար, տնտեսական քաղաքականության փոփոխության վկայություն է, այլ ոչ թե խտրականության դրսևորման միջոց: Հայաստանն այդ երկրների կողքին իսկապես տնտեսական գաճաճ է այսօր և, որպես այդպիսին, կարող է վիճելի հարցերում նեցուկ դառնալ Ռուսաստանի համար, ունենալով մյուսների ձայնի հավասար իրավունք: Այսինքն՝ Հայաստանի շնորհիվ Ռուսաստանը կունենա երաշխավորված երկու ձայն Բելառուսի և Ղազախստանի երկու ձայնի դիմաց: Իսկ շատ բան կախված կլինի կազմակերպության աշխատանքային կանոնակարգի պայմաններից:
–Մինչ Աստանայից հասնող լուրերը բավական հիասթափեցնող են, Արևմուտքից հնչում են կարծիք-առաջարկներ, թե Հայաստանին պետք է հնարավորություն տալ բացառության կարգով ասոցացվել ԵՄ- ին։ Ի դեպ այդ մասին հայտարարեց նաև երկու շաբաթ առաջ Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, նկատելով, թե պետք է գտնել մի այլ բանաձևը: Ինչ կասեք այս առնչությամբ:
-Չգիտեմ ինչն է հիմք տալիս կարծելու, որ մեզանում Ձեր նշած խնդիրը հիասթափության առիթ է դարձել՝ ինքս դրա նշանները չեմ տեսնում: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա, կարծում եմ, որ ուկրաինական ճգնաժամի համատեքստում այն կարող է վերանայել Հայաստանի հանդեպ վարած իր քաղաքականությունը: Լավ կլիներ, որ Հայաստանն ինքը ունակ լիներ նոր քաղաքական օրակարգ առաջարկել եվրոպացիներին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












