Մեր երկրի քաղաքական կյանքում այնքան էլ շատ չեն Անդրանիկ Մարգարյանի կարգի գործիչները։ Ու նաեւ այդ պատճառով անհնար է չափսոսալ նրա կորստի համար։
Արդեն ավելի քան յոթ տարի է անցել այն ժամանակվանից, երբ ընդհատվեց Անդրանիկ Մարգարյանի երկրային ուղին։ Ուղի, որը նա անցավ իր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ նվիրվածությամբ ու պատասխանատվությամբ տոգորված։ Անցավ ու կարողացավ հետք թողնել, քար դնել քարի վրա ու իր անվան բարի հիշատակը մնաց նրան ճանաչող շատ-շատերի հոգում։
Մեր երկրի քաղաքական կյանքում այնքան էլ շատ չեն Անդրանիկ Մարգարյանի կարգի գործիչները։ Ու նաեւ այդ պատճառով անհնար է չափսոսալ նրա կորստի համար։
Անդրանիկ Մարգարյանն իսկապես այն եզակի պետական եւ քաղաքական գործիչներից էր, որ համակ ուշադրությամբ ոչ միայն լսում էր իրեն դիմած հայրենակցի բողոքն ու հարցը, այլեւ խորամուխ էր լինում նրա հոգս ու ցավի մեջ ու ամենակարեւորը՝ կոնկրետ լուծում էր տալիս։
Նույն համբերատար եւ հանդարտ կեցվածքն ուներ նաեւ քաղաքականության մեջ։ Բավական է հիշել թեկուզ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկությունն ու դրան հաջորդած օրերը, երբ այն ժամանակ խորհրդարանական մեծամասնության՝ «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը լուրջ դերակատարում ունեցավ երկրի խարխլված կայունությունը վերականգնելու հարցում։
Մի իրավիճակում, երբ թվում էր, թե ներքաղաքական հակադրությունը հասել է լարվածության վերին շեմին, երբ թվում էր, որ տնտեսությունն ուղղակի ձեռքից գնում է, Անդրանիկ Մարգարյանը չվարանեց ստանձնել վարչապետի պաշտոնը։
Չի կարելի չնկատել ակնհայտը. Հայաստանի բեւեռացված քաղաքական դաշտը, ի դեմս Անդրանիկ Մարգարյանի, ուներ մի հավասարակշռող, դիմացինի հանդեպ չարություն չտածող, հանդուրժողաբար տրամադրված ու այդ հատկանիշներով առանձնացող գործիչ։ Գործիչ, որի կարիքը դեռ երկար է զգացվելու։
…Նա բարի էր, հոգատար, անմիջական, ուշադիր իր հայրենիքի, իր հարեւանի, համաքաղաքացու հոգսերի նկատմամբ։ Շատ կարեւոր է, թե ինչն է մարդուն ստիպում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Առավելագույն դրական արդյունքի հնարավոր է հասնել միայն այն դեպքում, երբ մարդը քաղաքական ասպարեզ է մտնում իր ժողովրդի ու հայրենիքի հանդեպ սիրուց դրդված։ Երբ գալիս է տալու։
Եվ վստահաբար կարելի է ասել, որ Անդրանիկ Մարգարյանը հենց այդ մղումներով էր զբաղվում քաղաքական գործունեությամբ։












