Գլխավոր » Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը կարո՞ղ է անցնել կոնկրետ գործողության

Հունիս 15, 2014թ. 21:08

վաղարշակ Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար,գեներալ-լեյտենանտՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

-Նախիջեւանի սահմանագծին տեղի ունեցած ողբերգական միջադեպը արդյո՞ք վկայում է նոր զարգացումների մասին, այն է՝ ԼՂ հիմնախնդրին զուգահեռ փորձ է արվում ստեղծել «նախիջեւանյան թնջուկը», որի թիկունքում Թուրքիան է:

– Նախ, բոլորս պետք է գիտակցենք, որ պատերազմը չի ավարտվել, հաստատված է ընդամենը զինադադար: Իսկ թուրքական գործոնը արցախյան պատերազմում մշտապես եղել է, դեռևս 90 թվականից, ու կա առ այսօր: Ադրբեջանական բանակի սպաները սովորում են Թուրքիայում, թուրք խորհրդատուներն են պլանավորում նրանց գործողությունները, սահմանային դիվերսիոն խմբերը հենց Թուրքիայում են պատրաստվում: Սա նոր երևույթ չէ ու խոսք չի կարող լինել նոր զարգացումների մասին: Պարզապես, Թուրքիայի նպատակն է թուլացնել Հայաստանը, ինչն էլ անում է Ադրբեջանի միջոցով:

-Ադրբեջանի կողմից սահմանային միջադեպերի հաճախակիացումը կարո՞ղ է հանգեցնել լայնածավալ պատերազմական գործողությունների, պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները զուտ տեղակատվական քարոզչություն ե՞ն, թե՞ իրական վտանգ:

-Պատերազմի սկսման վտանգ այսօր չկա, Ադրբեջանը չունի նման հնարավորություն: Ինչպե՞ս կարող է Ադրբեջանը պատերազմ սկսել, երբ Գյումրիում տեղակայված ռուսական բազայի հրամանատարը հրապարակավ հայտարարեց, որ եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, այդ բազան կմիջամտի: Իսկ Ադրբեջանը սա լավ է հասկանում: Սա նաև փաստում է այն մասին, որ Ռուսաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանում կայունության պահպանման գործում:
Իսկ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում, նաև հայ-ադրբեջանական սահմանին՝ Նախիջևանի ուղղությամբ սահմանային միջադեպերի հաճախակիացումը մեկ նպատակ է հետապնդում: Տեսեք, շրջանառվում է այն միտքը, թե ստատուս քվոն անընդունելի է, բնական է, արցախյան հիմնախնդիրը պետք է վերջնական լուծում ստանա ու տարածաշրջանում հաստատավի խաղաղություն: Բայց ամենակարևոր հարցն այն է՝ ի՞նչ գնով: Զուգահեռաբար խոսվում է Հայաստանին ու Ղարաբաղին զիջումներ պարտադրելու մասին, փաստորեն, որոշ ուժերի համար սա է գինը, ինչը մերժելի է հայկական կողմերի համար: Հետևաբար, Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը միտված են հայկական կողմերի վրա ճնշում գործադրելուն, Հայաստանին ստիպելուն, որ գնա ոչ հայանպաստ զիջումների:
Իսկ որոշ լրատվամիջոցներ, տուրք տալով ադրբեջանական քարոզչությանը, խուճապ են տարածում մեր հանրության շրջանում: Ադրբեջանը դիվերսիոն խմբերի միջոցով կազմակերպելով հարձակումներ նպատակ ունի նաև վախի մթնոլորտ ստեղծել, մեր բանակը կազմալուծել, նպաստել սահմանամերձ գոտու բնակչության արտագաղթին: Մենք չպետք է տուրք տանք քարոզչական սադրիչ հնարքներին:

-Ռուսական լրատվամիջոցները մի քանի օր շարունակ ակտիվորեն շրջանառեցին այն կեղծ տեղեկատվությունը, թե Նախիջևանի մի քանի շրջանների վրա «հայկական զորքեր են հարձակվել»: Որոշ վերլուծաբաններ էլ շտապեցին եզրահանգել, թե նման լրահոսի տարածումը փաստում է այն մասին, որ Ռուսաստանին ձեռնտու է լարվածության ստեղծումը հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես կմեկնաբանեք:

-Նման բան մտածելն անգամ ծիծաղելի է, մի պարզ տրամաբանությամբ՝ Ռուսաստանի շահերից չի բխում պատերազմական գործողությունների ծավալումն իր սահմաններին մոտ գտնվող տարածաշրջանում: Ռուսաստանն այն երկիրն է, որը շահագրգռված է այստեղ խաղաղության հաստատմամբ: Հարց եմ ուղղում նման կարծիք հայտնող վերլուծաբաններին, բացի Ռուսաստանից ու ՀԱՊԿ-ից այդ ո՞ր կառույցն է ունակ օգնելու Հայաստանին անվտանգության հաստատման հարցում: ՆԱՏՕ՞-ն, որի հետ մեր համագործակցության արդյունքում դարձանք տարբեր պատերազմների մասնակից՝ Աֆղանստանի, Կոսովոյի, Իրաքի: Իսկ այդ նույն ՆԱՏՕ-ն երբևէ պատրաստակամություն հայտնե՞լ է ապահովել մեր անվտանգությունը: Ամենևին:
Ինչ վերաբերում է ռուսական լրահոսին, ապա պետք է գիտակցենք, որ գործ ունենք տեղեկատվական պատերազմի հետ: Ավելին, չեմ բացառում, որ նման լրատվության հետևում լինի ադրբեջանական հետք: Հիշո՞ւմ եք, թե ինչպես ամիսներ առաջ OPT-ի ազգությամբ ադրբեջանցի լրագրողը եթերով ապատեղեկատվություն տարածեց, իբրև թե ՄՄ անդամ երկրները դեմ են Հայաստանի անդամակցմանը: Այնպես որ, այդ վերլուծաբաններին խորհուրդ կտամ եզրակացություն չանել հիմնվելով թե Regnum-ի, թե մեկ այլ լրատվամիջոցի տարածած տեղեկատվության վրա: Այդ ամենը արվում է իրավիճակը սրելու, հայ –ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության հանդեպ անվստահություն սերմանելու նպատակով: Նկատե՞լ եք, որ այսօր նաև մեր լրատվամիջոցները շատ ավելի մեղմ են խոսում Թուրքիայի մասին, քան Ռուսաստանի: Ամեն ինչ արվում է մեզ համոզելու համար, թե Հայաստանը սխալ որոշում է կայացրել գնալով դեպի ԵՏՄ, որ ՀԱՊԿ-ը հարկ եղած դեպքում չի օգնելու Հայաստանին:

-Ի դեպ, ՀԱՊԿ-ի պայմանագրի մասին, ըստ որի, երրորդ երկրի կողմից ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ ագրեսիայի դեպքում անդամ երկրները պետք է պաշտպանեն գործընկեր երկրին: Այսինքն, Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի դեպքում ավտոմատ կերպով խորհուրդը քննակում է վտանգի չափն ու օգնում Հայաստանին: Մինչդեռ առ այսօր, չնայած սահմանային միջադեպերի, ՀԱՊԿ-ի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության: Ինչո՞ւ

-Եկեք ճշտենք, թե որ դեպքում ՀԱՊԿ-ը կարող է անցնել կոնկրետ գործողության. 4-րդ հոդվածով արձանագրվում է, որ եթե ՀԱՊԿ անդամ որևէ երկրի վրա կատարվում է զինված ագրեսիա, վտանգվում է նրա անվտանգությունը, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Բայց չէ՞ որ առ այսօր նման գործողություններ չեն եղել, ընդամենը գրանցվել են սահմանային միջադեպեր: Ինչ է ստացվում, եթե ադրբեջանի դիպուկահարները երբեմն- երբեմն կրակում են, ՀԱՊԿ-ն իր զորքերով պետք է գա այստե՞ղ: Ասել, թե ՀԱՊԿ-ն ինչո՞ւ չի միջամտում՝ անընդունելի է: Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարը հստակ հայտարարեց, որ այդ միջադեպերի կանխման հարցում Հայաստանի զինուժը լիովին բավարար է, ու նաև սա է պատճառը, որ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին:
Գիտեք, ինձ մոտ երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կան մարդիկ, ովքեր շատ կուզենային, որ Հայաստանը օկուպացվեր թշնամու կողմից և ՀԱՊԿ-ը չգար օգնության: Այդ մարդիկ հստակ խնդիր են լուծում, որ Հայաստանը հրաժարվի այսօրվա իր ընտրած ուղուց ու գնա դեպի ՆԱՏՕ:

ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում հայտնված տեղեկատվության համաձայն, ամենաշատը Ադրբեջանին ծանր սպառազինություն են վաճառում ՀԱՊԿ անդամ երկրները՝ ՌԴ-ն ու Բելառուսը, ու այս խնդիրը դիտարկել բիզնես դաշտում լո՞ւրջ է:Հայաստանը չպե՞տք է իրականացնի հակազդող քայլեր:

-Իհարկե շատ վատ է, որ զենք են վաճառում, բայց դա այն դեպքում կլիներ մտահոգիչ, եթե Ադրբեջանն ի վիճակի չլիներ նույն զենքը այլ երկրներից ձեռք բերել և Ռուսաստանը էժան գնով նրան զենք տար: Ինչու միջազգային կառույցները չեն խոսում նաև այն մասին, որ Ադրբեջանը միլիարդավոր գումարներ է ծախսում ու զենք գնում Իսրայելից, Թուրքիայից, Ուկրաինայից՝ խախտելով բոլոր օրենքները: Ի դեպ, Իսրայելից գնում է հակահրթիռային համակարգ, ինչը շատ վտանգավոր է: Այս իրողության ֆոնին ավելի լավ է Ադրբեջանը զենք գնի Ռուսաստանից, որը շահագրգռված է տարածաշրջանային խաղաղությամբ, քան թվարկածս երկրներից, որոնք դրանում ամենևին շահագրգռված չեն: Չէ՞, որ Ռուսաստանը, որն իր վրա է վերցրել Հայաստանի անվտանգության ապահովման հարցը, զենք վաճառելով Ադրբեջանին ուժեղացնում է իր ազդեցությունը վերջինիս նկատմամբ: Չմոռանանք, որ Ռուսաստանից զենք է գնում նաև Հայաստանը, ու բալանսը պահպանված է:
Ինչ վերաբերում է հակազդող քայլերին, լիովին համաձայն եմ, մենք պետք է բոլոր ուղղություններով աշխատենք՝ և՛ ՄԱԿ-ում, և՛ Վիեննայի` Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի շրջանակներում, և՛ դիվանագիտական ու քաղաքական խողովակներով պետք է ճնշում գործադրենք, որպեսզի հնարավորինս զսպենք Ադրբեջանի սպառազինման մոլուցքը, գոնե բարդացնենք այդ գործընթացը:

Այսօր Արևմուտքի ու Ռուսաստանի միջև պայքար է գնում Ադրբեջանի համար, իսկ գինը` ԼՂՀ-ն է: Ինչ վտանգներով են հղի սպասվող զարգացումները:

– Հասկանալի է, որ գնում է աշխարհաքաղաքական պայքար, մի կողմից այն ծավալվում է Ուկրաինայի շուրջ, այսօր էլ Ադրբեջանի: Սակայն այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում Արցախի հարցում, առավելապես, որ Ռուսաստանը կարող է Ղարաբաղի հաշվին ինչ-որ քայլեր անել, դա բացառված է: Եվ իմ վստահությունը հիմքեր ունի: Այս 25 տարիների ընթացքում ես ականատես եմ եղել շատ պահերի, երբ Ադրբեջանը Ռուսաստանին ներկայացրել է տարբեր առաջարկներ, անգամ իր տարածքում ռուսական բազաների տեղակայում, ու դրա դիմաց Ռուաստանից ակնկալել հոգուտ իրեն ԼՂ հարցի լուծում: Բայց Ռուսաստանը նրա ոչ մի առաջարկին ընդառաջ չի գնացել: Ահա թե ինչու համոզված եմ, որ Ռուսաստանից որևէ վտանգ չի կարող գալ Ղարաբաղին: Վտանգ կլինի միայն այն ժամանակ, երբ մենք վարենք ոչ ճիշտ քաղաքականություն:
Քաղաքականության մեջ գալիս է մի պահ, երբ պետք է հստակ կողմնորոշվել, Հայաստանը ճիշտ կողմնորոշվեց՝ գիտակցեց իր շահն ու արեց ճիշտ քայլը, ինչը չհաջողվեց Ուկրաինային: Հայաստանը հստակ բանաձևեց՝ այսօր ունի ռազմավարական դաշնակից՝ հանձին Ռուսաստանի, և ունի գոծընկերներ՝ ի դեմս եվրոպական երկրների: Սա հավասարակշռված արտաքին քաղաքականության հետևանք է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

strong


Դիտել Regions, Ադրբեջան, Զինված ուժեր, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն