Գլխավոր » Regions, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՔԵՍԱԲԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՐՎԵՆ

Հունիս 17, 2014թ. 23:57

kessab-6Հունիս 14-ին Հայաստան հասավ ուրախալի լուրը. սիրիական բանակի առաջապահ ստորաբաժանումները մուտք են գործել հայաշատ Քեսաբ ու քաղաքի հրապարակում բարձրացրել սիրիական դրոշը՝ Քեսաբն ազատագրված է։

Թեմայի շուրջ զրուցեցինք արաբագետ ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ

Քեսաբի գրավումից հետո հայտնի դարձավ, որ թուրք-սիրիական սահմանի այդ հատվածը չի եղել սիրական բանակի հսկողության տակ, այլ ընդամենը վերահսկվել է ոստիկանական ստորաբաժանումների կողմից, ինչն էլ հնարավորություն տվեց իսլամիստ գրոհայիններին Թուրքիայի աջակչությամբ հեշտությամբ ներթափանցել Քեսաբ: Ակնհատ է՝ Քեսաբի ազատագրումից հետո Սիրիայի կառավարությունը կատարվածից պետք է, որ լուրջ հետևության հանգի: Հայտնի է՞, թե ինչ քայլեր են արվում սահմանի անվտանգության ամրապնդման ուղղությամբ:

– Այո, Քեսաբի գրավումը Սիրիայի իշխանություններին լուրջ մտորելու տեղիք տվեց, քանի որ ակնհայտ դարձան թուրք- սիրիական սահմանի այս հատվածում առկա բացթողումները: Իրոք, սիրական բանակային ուժերն այստեղ լուրջ ներկայացվածություն չունեին և Քեսաբը ահաբեկիչների համար դարձավ հեշտ խոցելի: Սիրայի իշխանությունը գիտակցում է այդ վտանգը: Հետևաբար, կառավարական ուժերը պետք է ամեն ինչ անեն ապահովելու իրենց ներկայությունն այս տարածքում: Առավել ևս, որ դեռևս Թուրքիայի տարածքից սահմանը խախտելու վտանգը վերացված չէ, սահմանակից շրջանների բարձունքներն առայժմ գտնվում են իսլամիստական զինյալների վերահսկողության տակ, ինչը նպաստավոր դիրք է հարձակվող կողմի համար: Այնպես որ, Քեսաբի ազատագրումից հետո, կարծում եմ, Սիրիայի կառավարական զորքերը Քեսաբի բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ լուրջ միջոցառումներ կիրականացնեն, նաև թուրք-սիրիական սահմանին կհաստատեն ռազմական վերահսկողություն, հույսը չդնելով ոստիկանական ստորաբաժանումների վրա, որոնք չկարողացան դիմակայել ու տեղի տվեցին: Իսկ այսօր այլևս իրողություն է այն, որ Քեսաբը սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ է, որոնք լայնածավալ գործողություններով կարողացան գրավել առանցքային բարձունքներ ու բացել դեպի Քեսաբ տանող ճանապարհը: Փառք ու պատիվ նաև այն քեսաբահայերին, ովքեր կռվեցին ու զոհվեցին հանուն իրենց ծննդավայր Քեսաբի ազատագրման: Մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում այս տարածաշրջանում, ավելորդ չոգևորվել ու սթափ գնահատել իրավիճակը: Կարծում եմ, հայությունն այս ուղղությամբ դեռ անելիք ունի:

Ի՞նչ կասեք հետևյալ տեղեկատվության առնչությամբ, թե թուրքական սահմանապահ ուժերը սահմանը փակել են նահանջող ահաբեկչական զինյալ խմբավորումների առաջ և միայն օտարերկրացի զինյալ ահաբեկիչներին են թույլ տալիս հեռանալ Թուրքիայի տարածքով ։ Իհարկե, դժվար չէ կռահել, թե ո՞ր զինյալների առաջ է բացվել Թուրքիայի ճանապարհը:

-Անշուշտ: Մարտի 21-ին Քեսաբի վրա իրականացված հարձակման օրը հայտնի դարձավ, որ գրոհայինների մեջ կան մեծաթիվ իսլամական խմբավորումներ, որոնց մեջ առանջնակի մեծ թիվ են կազմում կովկասցի իսլամականները, այսինքն՝ չեչենները, ադրբեջանցիները: Այս գործողությունների ընթացքում թուրքական ծագում ունեցող իսլամական այդ խմբավորումներին Թուրքիան շատ կարևոր դեր վերապահեց, նրանց ֆինասավորում էր, տալիս մեծաքանակ զենք, զինամթերք: Վերջին շրջանում Քեսաբի հարակից բարձունքները հիմնականում հենց այդ խմբավորումներն էին վերահսկում և բախումներն էլ տեղի էին ունենում կառավարական ուժերի ու թուրքական ծագում ունեցող իսլամական խմբավորումների միջև: Կարևորելով կովկասցի իսլամականների դերը Թուրքիան նպատակ ուներ նրանց ներկայությամբ տարածքն իր կողմից ամբողջությամբ վերահսկելի դարձնել: Եվ երբ Սիրիայի կառավարական զորքերն ակտիվորեն առաջ շարժվեցին, տարածվեց հենց այդ տեղեկատվությունը, թե Թուրքիան միայն օտարերկրացի զինյալների առաջ է բացել իր սահմանը ու նրանց տվել հեռանալու հնարավորություն: Իսկ <օտարերկրացի զինյալ> ասվածը հենց հիշատակածս կովկացսի իսլամականներններն են՝ չեչենները, ադրբեջանցիները: Այսինքն, այն ուժերը, որոնք հովանավորվում էին Թուրքիայի կողմից: Բայց ասեմ նաև, որ այժմ էլ արդեն զուգահեռաբար տարածվում է տեղեկատվությունը, թե այնուամենայնիվ, թուրքական կողմը նահանջող ահաբեկչական մյուս զինյալ խմբավորումների առաջ բացել է ճանապարը, նրանց ևս թույլ տալով Թուրքիայի տարածքով հեռանալ:

Այսօր, երբ արդեն ազատագրվել է Քեսաբը, Սիրիայի իշխանության համար կարևորագույն խնդիր է ապահովել Քեսաբի բնակչության ապահով վերադարձը սեփական բնակավայրեր, նաև ձեռնարկել ինքնապաշտպանական քայլեր: Ի՞նչ տեղեկություններ ունեք հայության տունդարձի հետ կապված:

-Այո, Քեսաբի բնակչությունը վաղուց էր սպասում այս օրվան: Իհարկե, դեռ նոր է ազատագրվել քաղաքը, բայց մարդիկ անհամբեր են ու պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայրը: Հայտնի է, որ այժմ բանակի կողմից տարվում է աշխատանքներ ահաբեկիչների տեղադրած ականներից, այլ պայթուցիկ սարքերից Քեսաբն ու շրջակա բնակավայրերը ականազերծելու ուղղությամբ: Միայն այդ աշխատանքների ավարտից հետո Սիրիայի իշխանությունը հնարավորություն կտա քեսաբահայությունը կվերադառնալ:

-Տարբեր տեսանյութեր, լուսանկաներ վկայում են այն մասին, որ գրոհայինները Քեսաբից հեռացել են այրելով եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կենտրոններ, թալանվել է հայկական մշակութային արժեքների մեծ մասը,իսկ թալանը տեղափոխվել Թուրքիա վաճառքի նպատակով:

-Գիտեք, հասնում է հակասական տեղեկատվություն: Ճիշտն ասած, ինձ հասած լուրերի համաձայն, տպավորությունս այնպիսին է, որ մեծածավալ ավերածություններ չեն եղել: Թերևս պատճառն այն է, որ զինյալները Քեսաբում քիչ են եղել, և հիմնականում զբաղեցրել են հարակից բարձունքները, ուր և մարտեր էին ընթանում: Եվ այն տեսանյութերը, որոնցում պատկերված են այրված շենքեր, Քեսաբին չեն վերաբերում: Իսկ թալան, այո, եղել է, նույնիսկ տեսանյութերից մեկում պարզ երևում է, թե ինչպես իսլամիստները տարբեր իրերով բարձած մեքենաներով հեռանում են Թուրքիայի ուղղությամբ: Հիշեցնեմ նաև, որ Քեսաբը գրավելուց հետո իսլամականները տարածել էին մի տեսանյութ, ուր խոսում էին այն մասին, թե իրենք ձեռք չեն տվել հայկական եկեղեցիներին, մշակութային կոթողներին, ամեն ինչ իր տեղում է, նույնիսկ ասում էին՝ հայերը կարող են գալ ու աղոթել:

-Բայց զուգահեռաբար նաև տարածվեց տեղեկատվություն, թե դա իրականությանը չէր համապատասխանում:

-Այո, թե որքանո՞վ էր այն իրականություն, կամ կեղծիք, դեռևս հստակ չէ: Սպասենք ևս մի քանի օր, երբ մեր հայրենակիցները կվերադառնան իրենց բնակավայրերը, այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե իրականում ինչ չափերի հասնող թալանի, ավերի մասին է խոսքը: Իսկ այն ինչ կատարվեց Քեսաբի շուրջ իր բնույթով իրոք մոտ է անցած դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված նաև մշակութային ցեղասպանությանը:

-Հունիսի 3-ին Սիրիայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որն իրոք արտահայտեց սիրիացի ժողովրդի կամքը: Հույսեր կա՞ն, որ նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակը կնպաստի երեք տարի շարունակվող արյունալի քաղաքացիական պատերազմի հանգուցալուծմանը:

-Ամենևին այն կարծիքին չեմ, որ անցկացված ընտրությունները վերջ կդնեն պատերազմական գործողություններին, քանի որ կան հարցեր, որոնց պատասխանները շարունակում են մնալ օդում: Հակամարտության մեջ ներգրավված են այնպիսի ուժեր, որոնց ձեռնտու չէ պատերազմի ավարտը: Ընտրություններից հետո ավելի սրվեցին ռազմական գործողությունները: Բախումներն այսօր շարունակվում են Դամոսկոսում, Հալեպում, Դեր Զորում: Տարածաշրջանում վտանգված է քրիստոնեական համայնքը, նախագահական ընտրությունների օրերին ռմբակոծությությունները հիմնականում ուղղված էին քրիստոնեական թաղամասերի ուղղությամբ, այդ թվում և հայկական թաղամասերի: Ես բազմից եմ ասել, որ Քեսաբից հետո հայության ուշադրության կենտրոնում պետք է լինի Հալեպը, ուր ունենք մեծաթիվ հայկական համայնք և որն այսօր վտանգված է: Ամեն օր մենք աշխարհի ուշադրությունը պետք է սևեռենք հալեպահայության վիճակի վրա:
Դառնալով սիրիական արյունալի պատերազմին ասեմ, որ այն չի դադարի քանի դեռ այդպես են ուզում և՛ արտաքին, և՛ ներքին որոշ ուժեր:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Regions, Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն