ԵԽ ԽՎ-Ն Ի ԶՈՐՈՒ ԿԼԻՆԻ՞ ՀԱԿԱԴԱՐՁԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅԱՆԸ
Հունիսի 23-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը: Ստացված լուրերն արդեն իսկ հաստատում են, որ նստաշրջանը զերծ չի մնա ադրբեջանցիների սարքած հերթական ինտրիգից: Բաքվում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի հայտնի սեմինարից հետո հարեւաններն այժմ էլ պատրաստվում են ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանը վերածել հակահայկական քարոզչական հարթակի:
Եվ այսպես. ադրբեջանական պատվիրակությունը ԵԽ ԽՎ քարտուղարությանն է ներկայացրել մի բանաձեւի նախագիծ, որով կոչ է անում պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի:
Նախագծի հեղինակը ԵԽ ԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովն է, որը լրատվամիջոցներին տված հարցազրույցում այսպես է բացատրել իր «հերոսական» քայլը. «Հայաստանը շարունակում է օկուպացված պահել ադրբեջանական տարածքները, դրա համար բանաձեւի նախագիծ եմ պատրաստել` պահանջելով պատժամիջոցներ կիրառել ընդդեմ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության»:
Եթե Ադրբեջանի հակահայկական գործելաոճն ամենեւին անակնկալ չէ, ապա մտահոգիչն այն է, որ եվրոպական այս կառույցում շրջանառության մեջ դրված անհեթեթ բովանդակությամբ հիշյալ նախագիծը ստորագրել է 14 երկրի 58 պատգամավոր:
Այս առնչությամբ իր մտահոգությունը չի թաքցրել ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Դավիթ Հարությունյանը՝ նկատելով, թե ցավոք, ԵԽ ԽՎ-ում այլեւս գործում են ոչ թե եվրոպական արժեքները, այլ շահերը, երբեմն՝ զուտ անձնական, եւ տարեցտարի ավելանում է անսկզբունքային պատգամավորների թիվը:
Մինչդեռ սա այն կառույցն էր, որը, Հարությունյանի հիշեցմամբ, Հայաստանի ու Ադրբեջանի անդամակցման ժամանակ հատուկ որոշում էր կայացրել՝ նշելով, որ Հայաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը, որպեսզի ԼՂ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար, ԵԽ ԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ եւս մտահոգիչ համարեց այն փաստը, որ Ադրբեջանը կարողացել է ԵԽ ԽՎ-ում գտնել 58 մոլորյալ պատգամավորների, որոնք համաձայնել են ստորագրել ադրբեջանական տխմարությունը, իսկ ստորագրած պատգամավորների ցանկն ուսումասիրելով համոզվել է՝ նրանք Ադրբեջանի լոբբիստներն են:
Ի՞նչ ընթացակարգ է այս ամենը ենթադրում, եւ ի՞նչ սպասել հունիսի 23-ին: Հայտնի է, որ յուրաքանչյուր նստաշրջանի մեկնարկին վերահաստատվում են ազգային պատվիրակությունների մանդատները, հետեւաբար, Ն.Զոհրաբյանի կանխատեսմամբ, նիստի սկսվելուն պես ադրբեջանական բանաձեւը ստորագրած 58 պատգամավորից 10-ը ոտքի կկանգնեն ու կհայտարարեն՝ վիճարկում ենք հայկական պատվիրակության մանդատը, որից հետո հարցը կտեղափոխվի ԵԽ ԽՎ կանոնադրական հանձնաժողով, ապա կդառնա ԵԽ ԽՎ նստաշրջանի քննարկման առարկան:
Եվ ուրեմն, ի՞նչ ճակատագիր է սպասվում ադրբեջանցի պատգամավորի նախաձեռնությանը, արդյոք այն կհասնի՞ իր նպատակին, թե՞, այնուհանդերձ, եվրոպական կառույցում կլինեն սկզբունքային պատգամավորներ, որոնք տուրք չեն տա Ադրբեջանի հերթական սադրանքին: Նկատի ունենալով ԵԽ ԽՎ պատվիրակների վերջին տարիների անկանխատեսելի գործելաոճն ու Ադրբեջանի խավիարական քաղաքականության հանդեպ նրանց դրսեւորած ակնհայտ թուլությունը, թերեւս դժվար է կանխատեսել ընթացքը:
Չնայած դրան, պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է. «ԵԽ ԽՎ ղեկավարությունը, պատգամավորների գերակշիռ մասը սթափ ու բանական անձինք են, եւ որեւէ մեկը ադրբեջանական սադրանքին տուրք չի տա: Հայկական պատվիրակությունն էլ պատրաստ է հակազդելու ադրբեջանական այդ տխմարությանը: Համոզված եմ, որ այն կմերժվի»:
Պատվիրակության մեկ այլ անդամ՝ ՀՀԿ պատգամավոր ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւս, համոզված է, որ Ադրբեջանը կդիմի հնարավոր բոլոր սադրանքներին, ամեն ինչ կանի սեփական սուտն ու կեղծիքը ճշմարտության տեղ անցկացնելու համար, բայց «մեր պատվիրակությունը լուրջ քայլեր կձեռնարկի, նրանք չեն հաջողելու»:
Ինչո՞ւ, այնուհանդերձ, ի հայտ եկավ հիշյալ հակահայկական բանաձեւը, պատճառը Զոհրաբյանը համարում է հետեւյալը. Ադրբեջանի իշխանությունները կանխազգալով, որ երկրի ներքին խնդիրները լուրջ մտահոգության առարկա են դառնում միջազգային կառույցներում, փորձում է կեղծ թեզերով հերթական անգամ շահարկել հայկական գործոնը, շրջանառելով անհեթեթ բովանդակությամբ այս նախագիծը, նպատակ ունի շեղել եվրոպացիների ուշադրությունը իրենց երկրում կատարվող բացասական գործընթացներից:
Իսկ Ադրբեջանում տարիներ շարունակ արհամարհվում է ժողովրդավարությունը, ոտնահարհվում են մարդու իրավունքները, անհիմն դատապարտվում են լրագրողները. «43 քաղբանտարկյալ ունի այս երկիրը: Չնայած Ադրբեջանը մշտապես առաջնորդվում է «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով, բայց այս անգամ դա նրան չի հաջողվի»:
Ն.Զոհրաբյանը համոզված է՝ եվրոպացի պատգամավորներն այս անգամ չեն խնայի Ադրբեջանին ու այնտեղ տիրող հակաժողովրդավարական իրավիճակի մասին կհնչեցնեն սուր հարցադրումներ: Չբացառեց նաեւ՝ «ՌԴ-ից հետո ԵԽ ԽՎ-ն լրջագույն սանկցիաներ կկիրառի Ադրբեջանի հանդեպ»:
Հայտնի է, որ ԵԽ ԽՎ-ն արդեն իսկ պատժամիջոցներ կիրառել է Ադրբեջանի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց մուտքի վիզա տրամադրել Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության անդամ, ԵԽ ԽՎ փոխնախագահ Ռընե Ռուկեին՝ այդ կերպ վիժեցնելով նրա մասնակցությունը Ադրբեջանի մայրաքաղաքում տեղի ունենալիք խորհրդակցությանը: Պաշտոնական Բաքուն իր մերժումը պատճառաբանել էր այսպես՝ Ռուկեն նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղ ու փաստորեն դրանով իսկ հայտնվել ադրբեջանական «սեւ ցուցակում»:
Ռընե Ռուկեի հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքը եղավ այն, որ նախ Ստրասբուրգում հանվեցին բոլոր այն պաստառները, որոնք տեղեկացնում են ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության մասին: Մինչդեռ, ընդունված կարգի համաձայն, Ստրասբուրգում մեծարում են այն երկրին, որը Նախարարների կոմիտեում ստանձնում է նախագահությունը, ի պատիվ նրա՝ քաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, Ստրասբուրգի քաղաքապետարանի դիմաց բարձրացվում են նախագահող երկրի դրոշները, փակցվում են զինանշաններ, հանրակառքերը ներկվում այդ երկրի դրոշի գույններով: Սակայն Ադրբեջանի պարագայում Ստրասբուրգը մերժեց նախատեսված այս բոլոր միջոցառումները:
Սանկցիաներից մյուսն էլ այն է, որ ԵԽ ԽՎ բյուրոն կայացրեց որոշում՝ առաջիկա երկու տարիներին կոմիտեների, հանձնաժողովների նիստեր չանցկացնել Ադրբեջանի մայրաքաղաքում:
Նկատենք, որ տարիներ շարունակ Ադրբեջանի խավիարական քաղաքականությանը տուրք տված եվրոպական շատ գործիչներ ուղղակի աչք են փակել այդ երկրում տիրող խայտառակ իրողությունների առաջ: Կարո՞ղ ենք հուսալ, որ եվրոպական կառույցը այս անգամ ի զորու կլինի համարժեք գնահատական տալու Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարումներին, այլեւ հայատյացությունը պետական քաղաքականություն հռչակած երկրի քայլերին, դժվար է ասել, քանի դեռ շրջանառության մեջ կարող են դրվել սուլեյմանովական խայտառակ նախագծեր:
Ու չնայած դրան, շարունակում ենք հուսալ, որ Եվրոպայում այնուհանդերձ կան առողջ ձգտումներով, ադրբեջանական կաշառքն ու շանտաժը արհամարհող քաղաքական գործիչներ:
Ինչ վերաբերում է մեր պատվիրակների տրամադրվածությանը, այն, իրոք, մարտական է. Նաիրա Զոհրաբյանը վստահեցնում է. «Համոզված եղեք, մենք բոլոր հնարավորություններն ունենք եւ հակադարձելու ենք ադրբեջանական ցանկացած անհեթեթության»:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
close












