Ռուս-թուրքական ջերմ հարաբերությունները կարո՞ղ են նպաստել հայ-թուրքականին. տեսականորեն այո, գործնականորեն՝ ոչ,
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ
-Երևան ժամանած ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ուղղված ռուս լրագրողի հարցը, թե ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունների ֆոնին ՌԴ-ն կարո՞ղ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, ՌԴ նախարարին հնարավորություն տվեց խոսելու այդ հարաբերություններում Ռուսաստանի շահագրգռվածության մասին՝ շեշտելով, թե դեռ արձանագրությունների ստորագրման փուլից Ռուսաստանն արտահայտել է իր պատրաստակամությունը: Եվ ուրեմն, ըստ ձեզ, Հայաստանը կարո՞ղ է ի շահ օգտագործել ռուս-թուրքական ներկայիս ջերմ հարաբերությունները, թե՞ ընդունելի են հակառակ պնդումները՝ այդ ջերմացումից մեզ օգուտ չկա:
-Ռուս-թուրքական ջերմացող համաբերությունները մեզ համար կարող էին դրական ազդեցություն ունենալ Թուրքիայի հետ հարաբերություններում: Սակայն դա տեղի չունեցավ, և ահա թե ինչու: 2008-ի ռուս-վրացական պատերազմի շրջանում, Ռուսաստանն, իրոք, շահագրգռված էր հայ-թուրքական հարբերությունների կարգավորմամբ և սահմանի բացմամբ: Այդ ուղղությամբ ջանքեր չէր խնայում նաև Արևմուտքում: Եվ ահա թե ինչ կատարվեց մեզանում. Ռուսաստան-Արևմուտք այդ շահագրգռվածությունը խաբկանքի մեջ գցեց Հայաստանին, մեզ թվաց, թե Ռուսաստանն ու Արևմուտքը, շահագրգռված լինելով այս հարցում, ճնշումներ կգործադրեն Թուրքիայի վրա ու վերջինս կգնա զիջումների՝ բարելավելով հարաբերությունները Հայաստանի հետ: Սա մեր հասարակության մեջ առկա սխալ պատկերացման հետևանք է, թե Թուրքիան կախվածություն ունի ԱՄՆ-ից, բայց Թուրքիան այն երկիրն է, որը ցանկացած իրողության մեջ մշտապես իր շահն է առաջ մղում: Մի հիշեցում. Իրաքի պատերազմի ժամանակ Էրդողանը պաշտոնապես խոստացավ ամերիկյան զորքերին թույլ տալ ներխուժել Իրաք նաև Թուրքիայի տարածքով, բայց իրականում Էրդողանը ԱՄՆ-ին խաբեց: Ամերիկային խաբող երկիրը Հայաստանի չի խաբի՞: Ուրեմն, պետք է նկատի ունենանք, որ գործ ունենք անվստահելի երկրի հետ ու չխաբվենք: Թուրքիային չի կարելի վստահել, սա անկայուն երկիր է, և այդ առումով էլ թուրքական դիվանագիտության հետ բարդ է հարաբերվելը:
Ու կատարվեց հակառակը, մենք չօգտվեցինք հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը միտված Ռուսաստանի ու Արևմուտքի շահագրգռվածությունից, փաստորենը մեծ օգուտներ քաղեց Թուրքիան՝ մեկ այլ հարթություն մղելով հայ-թուրքական հարաբերությունները: Սկսեց նախապայմաններ դնել Արևմուտքի ու Ռուսաստանի առաջ, թե այդ հարաբերությունները պայմանավորված են հայ-ադրբեջանական հարաբերություններով, հետևաբար, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացով: Չլինելով Մինսկի խմբի համանախագահող երկիր Թուրքիան ստացավ լեգիտիմ իրավունք Ռուսաստանի ու Արևմուտքի հետ բարձրացնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Նաև ստացավ ակտիվ լոբբիստի կարգավիճակ: Եթե նախկինում Թուրքիան համարվում էր ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող պետություն, ապա այսօր փորձում է ներկայանալ Հայաստանի հետ հարաբեություններ կարգավորող երկիր, նկատել տալով, թե դրան խանգարում է այդ չար Ադրբեջանը: Ապա հասկացնում՝ որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի Հայաստանը պետք է ընդառաջ գնա Ադրբեջանի պահանջներին: Սա էլ հանգեցրեց նրան, որ այսօր Ռուսաստանն ու Արևմուտքը օբյեկտիվորեն շահագրգռված են հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմամբ: Ահա թե ինչու երկուստեք բանաձևեցին, որ այլևս անթույլատերելի է ստատուս քվոյի պահպանումը: Սա էլ իր հերթին հանգեցրեց նրան, որ ավելի շատ ճնշումներ ուղղվեն Հայաստանի վրա:
Այս իրողությունից Ադրբեջանն այսօր առավել լկտիացել է, ինչը դրսևորվում է նրա պահանջներում: Նպատակ ունի փոխել բանակցային գործընթացի սկզբունքները, փաստորեն, մերժում է մադրիդյան սկզբոնքների ամբողջ համակարգը և պահանջում դուրս մղել ԼՂՀ ինքնորոշման իրավունքի գաղափարը: Եվ այսպես, այն որ ռուս-թուրքական ներկայիս ջերմ հարաբերությունները կարող են նպաստել հայ-թուրքական հարաբեությունների կարգավորմանը՝ տեսականորեն հնարավոր են, բայց գործնականորեն՝ ոչ, քանի որ Հայաստանը մտել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ: Իսկ Թուրքիան կգնա զիջումների միայն այն դեպքում, եթե Հայաստանը վարի կոշտ քաղաքականություն: Իրականում Թուրքիան վախենում է Հայոց ցեղասպանության գործընթացից, այս հարցում նա կարող էր հաշվի չառնել նաև Ադրբեջանի շահերը: Բայց այսօր Թուրքիան այլևս լուրջ վտանգ չի տեսնում նաև ցեղասպանության գործընթացից, քանի որ հայտարարվում է, թե կա հայ- թուրքական երկխոսություն, մի բան ինչն իրականում չկա:
-Եվ՛ Արեւմուտքն է փորձում Փարիզում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում ու նրանց համոզել համաձայնության գալ ԱՄՆ համանախագահ Ջ.Ուորլիքի առաջարկած կարգավորման սկզբունքների շուրջ, և՛ Ռուսաստանն է կարևորում սեփական դերն այդ հարցում. Լավրովը հայտարարեց՝ ՌԴ-ն փորձելու է նպաստել նախագահների ուղիղ երկխոսությանը: Նաև ընդգծեց.<Կա կարգավորման բազան, դրանք արձանագրված են նախագահների հայտարարություններում>: Կարո՞ղ ենք ասել, որ Արևմուտքի ու Ռուսաստանի մոտեցումները ԼՂ հարցում շարունակում են մնալ նույնը, այսինքն, Ուորլիքի առաջարկներն ու Լավրովի ակնարկած <բազան>՝ նո՞ւյնն են:
-Այո, մեծ հաշվով, երկուսն էլ նույնն են առաջարկում: Բայց կա մեկ խնդիր, ցավով պետք է արձանագրենք, որ այսօր պայքար է գնում Արևմուտքի ու Ռուսաստանի միջև՝ Ադրբեջանի համար: Այն, որ և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը ջանքեր են գործադրում կազմակերպոլու երկու նախահագահների հանդիպումը, միտված է մեկ բանի՝ ամեն կերպ սիրաշահել Ադրբեջանին: Սեպտեմբերի 3-ից հետո դե ֆակտո Հայաստանը հրաժարվեց կոմպլեմենտար քաղաքականությունից, քանի որ բոլորի համար պարզ դարձավ, որ Հայաստանը ձգտում է ԵՏՄ անդամակցման, Ռուսաստանը համարում է, որ այդ քայլով Հայաստանը հեռացել է Արևմուտքից: Այս համոզմունքը հանգեցրել է նրան, որ այսօր Հայաստանի համար պայքար չկա: Փոխարենը, այդ պայքարը Ադրբեջանի համար է, որը շարունակում է իր կոմպլեմենտար քաղաքականությունը: Բաքուն պաշտոնապես հայտարարել է՝ չի ինտեգրվելու ո՛չ արևմտյան, ո՛չ էլ ռուսական որևէ կառույցի: Ու իր այդ քայլով կողմերից սպասում է, թե նրանցից ո՞րն ավելի շահավետ առաջարկ կանի իրեն: Կրկնում եմ, սա պայքար է Ադրբեջանի համար, կողմերը սիրաշահում են նրան:
–Այն պահին, երբ Լավրովը Երևանում ասուլիս էր տալիս, Եվրախորհրդարանի փոխնախագահ Յացեկ Պրոտասևիչը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց՝ <ԼՂ խնդիրը պետք է լուծվի այնպիսի տարբերակով, որն ընդունելի կլինի ժողովրդի համար: Սա է ժողովրդավարության սկզբունքը>: Սրանով էլ Պրոտասևիչը Ղարաբաղի ժողովրդին սիրաշահե՞ց :
-Այո, նման պաշտոնյաները գնում են Բաքու և այնտեղից Ադրբեջանի համար հաճելի հայտարարություններ հնչեցնում, հետո գալիս ԼՂՀ ու ասում մի բան, որը կհանգստացնի Ղարաբաղի ժողովրդին: Բանն այն է, որ նման մեսիջներն արտաքուստ կրում են վերացական բնույթ, իսկ հիմնականը տողատակերում է, պետք է հասկանալ, թե շեշտադրումներն ո՞ւր են տանում: Այդ շեշտադրումներն ակնհայտորեն երևում են Ուրոլիքի հայտարարության մեջ: Վերջինս ևս չի հերքում, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի ժողովրդին ընդունելի տարբերակով, բայց նաև շեշտում՝ դա պետք է թողնել մշուշոտ ապագային, ու փոխարենը, կոնկրետ խնդիր է դնում՝ զորքերի դուրս բերում: Ահա սա է հիմնական մեսիջը: Եվ այսօր Ադրբեջանի նպատակն է նույն դիրքորոշումը կորզել նաև ռուսներից: Այս պահին մեզ համար նպաստավոր է այն իրավիճակը, որ Ռուսաստանն ու Արևմուտքը չգան ընդհանուր հայտարարի: Ուկրաինական ճգնաժամի պատճառով կողմերի հարաբերություններում այսօր կա լարվածություն, Ռուսաստանն ու Արևմուտքը իրար չեն վստահում, և դա ինչ- որ իմաստով մեզ համար փրկօղակ է: Բայց այն չի կարող երկարաժամկետ փրկօղակի դեր խաղալ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












