Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԵԽ ԽՎ-ում հոխորտացող Ալիևը բացահայտեց իր երկրի իրական դեմքը

Հունիս 24, 2014թ. 23:59

դավիթ բաբայանՀարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

Մեկը մյուսի հետևից Բաքու են այցելում ռուս բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ ադրբեջանցիները գոհունակությամբ արձանագրում են այդ այցերի դրական արդյունքները, մասնավորաբար, Ազիմովը, ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի այցի առնչությամբ, ասել է՝ Ադրբեջանը ակնկալում է ՌԴ-ի օգնությունը ԼՂ հակամարտության հարցում և այս այցը ցույց տվեց, որ Ռուսաստանը վերանայել է ԼՂ-ի հարցի նկատմամբ իր վերաբերմունքը, որն այսօր բխում է Ադրբեջանի շահերից: Արցախում մտահոգություններ չկա՞ն ռուս-ադրբեջանական ջերամացումից:

-Ոչ, որովհետև Ռուսաստանը վարում է հավասարակշռված քաղաքականություն, ու գիտակցում, որ ցանկացած խախտում հղի է անկանխատեսելի հետևանքներով ոչ միայն տարածաշրջանի, այլև հենց Ռուսաստանի համար: Իսկ ընդհանրապես, մենք կարող ենք միայն ողջունել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են արդյունավետորեն: Սա նշանակում է, որ կայուն հիմքեր է ստղծվելու խաղաղության պահպանման համար, քանի որ Ռուսաստանը նաև հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Ինչ վերաբերում է ազիմովների <գոհունակությանը> , ապա սա ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական գրոհն է, փորձում են հոգեբանորեն ներազդել հայկական երկու պետությունների վրա, ասել, թե Ռուսաստանի հետ իրենց հարաբեությունների զարգացումը ի հաշիվ Հայաստանի ու Արցախի է: Բայց ի՞նչ կապ ունեն ռուս-ադրբեջանական բարեկամական հարաբերությունները ադրեբաջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ի վերջո, այդ փոխգործակցությունը միայն ԼՂ խնդրի կարգավորման վրա չի խարսխված: ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, թերևս կանխատեսելով, որ ադրբեջանական կողմից կհնչեն այդպիսի հայտարարություններ, Երևանում հստակ հայտարարեց, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր: Այնպես որ, ի հաշիվ Հայաստանի ու Արցախի բացառվում են ինչ- որ գործընթացներ, որովհետև Հարավային Կովկասում իր շահերից բխող կայուն մթնոլորտի ձևավորման համար Ռուսաստանը չի կարող ապավինել միայն Ադբեջանին: Դեռ մի բան էլ հակառակը, Ադրբեջանը իր վարած նացիստական, ագրեսիվ քաղաքականությամբ համարվում է ամենավտանգավոր երկիրը:

Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովը մեկնաբանելով օրերս կայացած Պուտին-Ալիև հեռախոսազրույցը՝ գրել է.<Ես չեմ բացառում, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս հանդես կգա հակամարտության կարգավորման նոր նախաձեռնությամբ>. Ըստ ձեզ, կա՞ն նորի իհայտ գալու նախանշաններ:

-Ժամանակը ցույց կտա, բայց ներկայումս հակամարտության կարգավորման նոր նախաձեռնության հնարավորություն մենք չենք տեսնում, քանի որ չկա այնպիսի մոտեցում, որը ձեռնտու կլինի բոլոր կողմերին: Այսօր ստատուս քվոյի պահպանումն է միայն ձեռնտու, քանի որ կանխատեսելի է: Գործ ունենք բարդ հիմնախնդրի հետ, հետևաբար, ցանկացած սխալ քայլ տարածաշրջանում այնպիսի պայթյուն կառաջացնի, ինչը կարող է դառնալ գլոբալ տեղաշարժերի առաջացման պատճառ: Եվ ես չեմ կարծում, որ որևէ գերտերություն պատրաստ կլինի դիմակայել նման անկանխատեսելի մարտահարվերների: Ուրեմն, ինչ-որ տարբերակների շրջանառումը ես իրատեսական չեմ համարում:

<Կա կարգավորման բազա, դրանք արձանագրված են նախագահների հայտարարություններում>. այս մասին Երևանում ասաց Սերգեյ Լավրովը. ձեր մեկնաբանությունը թե՛ այս մտքի, թե՛ առհասարակ Բաքվից ու Երևանից հնճած լավրովյան մեսիջների մասին:

-Նախ, Լավրովի նշած բազան վաղուց կա, քանի որ կան միջազգային նորմեր, որոնցով պետք է առաջնորդվեն հակամարտող կողմեը, պարզապես, այդ բազայի դրույթները տարբեր պետությունների կողմից տարբեր կերպ են ընկալվում: Հայաստանն ու Արցախը և՛ տարածքային ամբողջականության կողմանակից են, և՛ ազգերի ինքնորոշման իրավունքի, բայց հայկական երկու պետությունների ու Ադրբեջանի մոտեցումները , պատկերացումները խիստ տարբեր են: Իսկ երբ կողմերը կգան ընդհանուր հայտարարի, այդ ժամանակ կարելի է խոսել առաջընթացի մասին: Ինչ վերաբերում է Լավրովի մեսիջներին, հիմնականն այն է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտում է որպես կարևորագույն տարածաշրջան, որում խաղաղության պահպանումը համարում է իր գերխնդիրներից մեկը: Եվ սա ողջունելի է մեզ համար:

-Դարձյալ հնչել է համանախագահների հերթական լղոզված հայտարարությունը, ուր հակամարտող կողմերին կոչ է արվում խուսափել իրավիճակ սրող հռետորաբանությունից, իսկ Ուորլիքը Trend-ին տված հարցազրույցում փոխարենը խոսի շփման գծից ադրբեջանցի դիպուկահարների հեռացման, դիվերսիաների կանխման մասին, հետևյալ վերացական միտքն է արտահայտել. <Դիվերսիաները շփման գծում արգելակում են հակամարտության կարգավորմանը>: Համանախագահողները չե՞ն համոզվում, որ նման անդեմ հայտարարություններով չեն նպաստում իրավիճակի մեղմանը, այլ հակառակը:

-Բանն այն է, որ Մինսկի խումբը որդեգրել է հավասարակշռող մոտեցում, փորձում է ամեն ինչ անել, որ գոնե չբարդացնի առանց այն էլ բարդ իրավիճակը: Իսկ Ուորլիքի հայտարարությունը չպետք է դիտարկել հայկական կողմերի դեմ, մեր իրավունքները ոտնահարող խոսք կամ իրականությունը չտեսնելու միտում: Իրականում համանախագահները շատ լավ են պատկերացնում իրավիճակը: Ինչ վերաբերում է մեզ, ապա առավել ակտիվորեն պետք է շարունակենք ճշմատությունը ներկայացնել աշխարհին, ասելով, թե իրականում ո՞ր երկիրն է խանգարում հակամարտության կարգավորմանը:

-Իսկ այս պահին Ադրբեջանը շարունակում է իր ցինիկ պահվածքը միջազգային հարթակում. ԵԽ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ, Ալիևը Եվրոպային ներկայացել է իր ողջ <հմայքով>: Ելույթ ունենալով նա ուղղակի մատ է թափահարել եվրոպացիների վրա ու նեղսրտել, որ խոսել են իր երկրում առկա քաղբանտարկյալներից, խոսքի ազատության բացակայությունից: Եվ չնայած նրան, որ ԵԽԽՎ նախագահը ասել է՝ ԼՂ խնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի շրջանակներում, բայց դա չի խանգարել, որ Ալիևն իր հայտնի երգը երգի՝ <օկուպացված տարածքների> ու <ադրբեջանական փախստականների> մասին:

-Երբ ինչ-որ մեկը մի արտառոց քայլ է անում, ադրբեջանցիներն այդպիսինների հասցեին ասում են՝ <մաշալլա>, ու ես հիմա Ալիևին իր մայրենի լեզվով պիտի ասեմ՝ <մաշալլա>: Նա իր պահվածքով ցույց է տալիս իր երկրի իրական դեմքը: Շատ կարևոր է, որ Եվրոպան անի համապատասխան հետևություն, թե ինչպիսի <գործընկերոջ> հետ է առնչվում:

-Հետևության փոխարեն ԵԽ ԽՎ 58 պատգամավորներ ստորագրել են հակահայկական բանաձևի նախագծի տակ:

-Դա հետևանք է Ադրբեջանի խավիրական քաղաքականության, որպես կաշառք բաժանում է և՛ խավիար, և՛ ոսկի, ու առաջնորդվելով հայտնի ասացվածքով, ուզում է, որ ԵԽ ԽՎ-ում հնչի այն երաժշտությունը, որի համար ինքը վճարել է: Բայց կարծում եմ, որ Ալիևի նման հոխորտանքներից հետո, ի վերջո, քաղաքակիրթ աշխարհը կգա ճշմարիտ եզրակացության: Իսկ <օկուպացված> տարածքների մասին Ալիևը ունի պատրաստի մի քաղաքական ֆոնոգրամա, որն ամեն տեղ հնչեցնում է, եթե երգիչներին կարելի է արգելել ֆոնոգրամայով ելույթ ունենալ, ապա Ալիևի պարագայում հնարավոր չէ: Դե, նա էլ անվերջ այդ դիսկը պտտեցնում է: Կարող է նույնիսկ իրական ելույթ չուենենալ, միևնույն է բոլորին է հայտնի այդ <դիսկի> բովանդակությունը:

-Ինչ կասեք մեր պատվիրակ Նաիրա Զոհրաբյանի ԵԽ ԽՎ-ում արած այն հայտարության մասին, որ եթե Ադրբեջանը կրկին մերժի Սարսանգի ջրամբարի փոխշահավետ օգտագործման ԼՂՀ իշխանության առաջարկը, ապա ԼՂՀ-ն ունի խնդրի իր լուծումը՝ Ադրբեջանի հետ երկխոսության անհրաժեշտություն այլեւս չի լինի:

-Այո, մենք ուղղակի բարի կամք ենք դրսևորել, կարծելով, որ այն կարող է լինել փոխվստահության միջոց, չէ՞ որ հակամարտության կարգավորման համար շատ կարևոր է փոխշահավետ համագործակցությունը որևէ հարցի շուրջ: Իսկ եթե Ադրբեջանը համաձայն չէ ու այսօր չի գնահատում ԼՂՀ մարդասիրական մոտեցումը, ապա կգա ժամանակը, երբ ստիպված կլինի շա՜տ թանկ վճարել ջուր ունենալու համար: Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ ԼՂՀ-ն կվերակառուցի իր ոռոգման համակարգն ու ջուրը կհասցնի անջրդի շրջաններին: Չէ՞ որ ջուրը թանկ ապրանք է, իսկ Սարսանգի ջրամբարը՝ 600 միլիոն խմ մետր ջուր պարունակող հսկայական կառույց:

-Մինչ Ադրբեջան են այցելում ռուս պաշտոնյաներ, ոչ պակաս ակտիվությամբ ԼՂՀ են գալիս եվրոպական միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Օրերս ԼՂՀ-ում էր Եվրախորհրդարանի նախագահի տեղակալ Յացեկ Պրոկաշևիչը: Ո՞րն է նման այցերի քաղաքական նշանակությունը:

-Մեր արտաքին քաղաքականության հիմնաքարը փոխլրացման սկզբունքն է և մենք նորմալ հարաբերություններ ենք հաստատում տարբեր պետությունների հետ: Այս համատեքստում ԼՂՀ իշխանություները շատ են կարևորում նման այցերը, սա գնհատելի է թե երկկողմ հարաբությունների հաստատման, թե՛ Արցախի անկախությունը ճանաչելի դարձնելու առումով: Եվ վերջապես, նման բարձրաստիճան այցերը փաստում են այն մասին, որ Եվրոպան կարևորում է ժողովրդավարական Արցախի Հանրապետության գոյությունը: Համոզված եմ, այցելություններն առավել հաճախակիանալու են:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն