Գլխավոր » TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. «ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ԱՌ ԱՅՍՕՐ ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԻ ՆԱՀԱՆՋԵԼ»

Հուլիս 9, 2014թ. 22:02

SejranՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելեց ՀՀ ԶՈՒ լավագույն զորամասերից մեկը` տեղակայված հարավարեւմտյան սահամանագոտում: Նախարարին ուղեկցում էին նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները:

Առաջնագծում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի ակտիվությունը` դիվերսիոն հարձակումներ, զինադադարի խախտման դեպքեր, պատերազմի վերսկսման մասին լուրերի պատճառ են դառնում. «Տարածաշրջանում քաղաքական ամենափոքր փոփոխությունն անգամ հակառակորդի քաղաքական վերնախավին առիթ է տալիս դիմելու «համարձակ գործողությունների», սակայն նրանց բոլոր դիվերսիոն գործողությունները տապալվում են, եւ հայ զինվորն առ այսօր ոչ մի քայլ չի նահանջել: Ամեն օր սահմանում հայ զինվորն ու հրամանատարն սխրանքներ են գործում: Զինվորականի մասնագիտությունը հերոսական է, բայց մեր զինվորները համեստ են իրենց կեցվածք-պահվածքով, նրանք իրենց պարտականությունները կատարում են փայլուն եւ անտրտունջ, առանց որեւէ ակնկալիքի, մենք պետք է ուշադիր լինենք եւ կարողանանք տեսնել, ներկայացնել ու ըստ արժանավույն գնահատել նրանց»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ եթե ադրբեջանական կողմը շարունակի նույն ոգով, ապա պատասխան հարվածը լինելու է ցավոտ, անհամաչափ և հուժկու, սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումների պարագայում էլ հայկական կողմը կրակելու է ոչ թե խաղաղ բնակչության ուղղությամբ, այլ` նրանց զինծառայողների. «Պաշտպանության համար պատասխանատու պաշտոնյան հանձնարարություն տալուց առաջ պետք է կարողանա սթափ գնահատել իրադրությունը: Նրանք պետք է հաշվի առնեն, որ հանձնարարությունները կարող են ձնագնդի էֆֆեկտ ունենալ եւ եռապատիկ պատասխանի արժանանալ: Ցանկացած հրաման արձակելուց պետք է նկատի ունենան, որ գործ ունեն զինծառայողի կյանքի հետ: Չգիտեմ` Ադրբեջանի ղեկավարությունը բարոյական ի՞նչ նորմերով է ուղղորդվում, միգուցե նրանք իրենց աշխատասենյակներում նստած համակարգչային խաղ են խաղում հրամաններ արձակելիս, բայց մեզ համար յուրաքանչյուր զինծառայողի կյանք, անվտանգություն բացարձակ արժեքներ են»:

Նախարարը նաեւ պատասխանեց լրագրողների հարցերին: Այս մասին կարդացեք վաղը` http://www.hayzinvor.am/ կայքում:

Շուշան Ստեփանյան


Դիտել TOP, Զինված ուժեր, Լրահոս, Հասարակություն, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն