«Դադարեցնել բնակավայրերի գնդակոծումները, այլապես կհետևի առավել հուժկու և ցավոտ հարված».Սեյրան Օհանյանի խորհուրդը Հասանովին
Նախքան սահմանին հերթական լարվածության վերաբերյալ հանձնարարություն տալը, գնահատել իրադրությունն ու սթափ որոշումներ կայացնել:
Այսօր ՀՀ հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված հենակետեր այցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին նման խորհուրդ տվեց ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Հանձնարարությունը կարող է ձնագնդի էֆեկտ ունենալ և հակառակ կողմից եռապատկվել ու բումերանգի պես հարվածել իրենց դիրքերին»,-զգուշացրեց նախարարը:
Սրան հետևեցին նախարար Օհանյանի առավել առարկայական զգուշացումները՝ եթե Ադրբեջանը մեծացնի դիպուկահարների կրակոցների թիվը, ապա կհետևի առավել ցավոտ և հուժկու հարված, որը հակառակորդը սեփական մաշկի վրա կզգա: Նույն ուժգնությամբ պատասխան կլինի նաև հայկական սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումների շարունակման դեպքում.
«Պատասխանը պետք է անսպասելի և պատժիչ լինի: Հրամանը ուժի մեջ է: Մենք չենք կրակի բնակավայրերի վրա, բայց կտուժեն նրանց զինծառայողները: Եթե ադրբեջանական ղեկավարության համար իրենց զինվորի կյանքն արժեք չունի, և նրանք իրենց կաբինետներում նստած շարիկ են գլորում, ապա մեզ համար յուրաքանչյուր զինվորի կյանք բացառիկ արժեք է»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը՝ հիշեցնելով, որ անկանոն կրակոցներին հայկական կողմը չի պատասխանում:












