Գլխավոր » Politics, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ռուսաստան, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանը Վաշինգտոնի մանրադիտակի տակ

Հուլիս 10, 2014թ. 22:46

Ամերիկյան «Փոլիսի ֆորում Արմենիա» կազմակերպությունը օրերս Վաշինգտոում ԱՄՆ ազդեցիկ կենտրոններից մեկի՝ Ատլանտյան խորհրդի հետ մեկտեղ կազմակերպել էր մեկօրյա սեմինար՝ <Հայաստանը եւ Արեւմուտքը. Նոր տեսլական Կովկասի համար> թեմայով: Սեմինարին մասնակցել են ԱՄՆ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Քննակումը անցել է փակ դռների հետևում, լրագրողներին արգելվել է ձայնագրել կամ տեսագրել այն, իսկ ներկաներին զգուշացվել է՝ ձեռնպահ մնալ հղումներ անելուց, կոնկրետ անուններ հրապարակելուց:
Ի՞նչ նպատակով են ամերիկյան հետազոտական, փորձագիտական շրջանակները որոշել մանրադիտակի տակ առնել Կովկասը, իսկ մասնավորաբար, Հայաստանի ապագան, ի՞նչ նոր տեսլականներ են փորձում ուրվագծել ամերիկյան հիշյալ շրջանակները մեր տարածաշրջանի հարցում:

Առհասարակ վերջին շրջանում ամերիկյան կողմը սկել է առավել հաճախ անդրադառնալ ղարաբաղյան հիմնախնդրին:
Մի կողմից ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է իր թվիթերյան գրառումներում <ահազանգում> ստատուս-քվոյի պահպանման վտանգավորության մասին, մյուս կողմից լսվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի տարօրինակ հայտարարությունը ազատագրված 7 շրջանները Ադրբեջանին վերադարձնելու մասին: Վերլուծաբանները ամերիկյան նման ակտիվությունը մեկնաբանում են ԱՄՆ-Ռուսասատան օրեցօր սրվող հարաբերություններով ու մասնավորաբար, ուկրաինական դեպքերով, որոնք Արևմուտքի համար ազդակի դեր ունեցան, հուշելով, որ Հարավային Կովկասից ձեռքերը լվանալու, մի կողմ քաշվելու փոխարեն պետք է մշակել հնարավոր տարբեր սցենարներ տարածաշրջանը ռուսական ազդեցությունից ամբողջությամբ դուրսբերելու նպատակով: Ու մինչ պուտինյան Ռուսաստանին թշնամին հայտարարած Արևմուտքը նոր քաղաքականության որոնումների մեջ է, գործի են անցել ԱՄՆ հասարակական, հետազոտական կառույցները՝ մշակելով նորանոր սցենարներ կովկասյան նոր տեսլականի շուրջ:

Հիշյալ սեմինարի կազմակերպումը ևս նույն նպատակադրումն է ունեցել: Ի տարբերություն պաշտոնական հանդիպումների, այն անցել է բաց ու անկաշկանդ: Թե ի՞նչ հարցեր են քննակվել Վաշինգտոնում, մեզ հնարավոր եղավ պարզել Հայաստանից սեմինարին որպես մասնակից հրավիրված Մոդուս Վիվենդի հետազոտական կենտրոնի տնօրեն Արա Պապյանի միջոցով:

Քաղաքագետի փոխանցմամբ՝ հարցերը տարբեր էին, իսկ հիմնական շեշտադրումը հետևյալը՝ Արևմուտքում ինչպե՞ս և ի՞նչ ռեսուրսների հիման վրա են պատկերացնում Հայաստանի ապագան:
Ղարաբաղյան հիմնախնդիրը որպես առանձին հարց չի քննակվել, սակայն այն չի էլ շրջանցվել:

Հետաքրքիրն այն է, որ ամերիկյան փորձագետների կարծիքները և Հայաստանի ապագայի, և՛ Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում տրամագծորեն տարբերվել են: Մի խմբի համոզմամբ, որպեզի Հայաստանը դուրս գա շրջափակումից, ունենա տարածաշրջանային կարևոր դերակատարում, որպեսզի ճանապարհները, գազամուղերն ու նավթամուղերը չշրջանցեն մեր երկիրը, նախ պետք է բացվի հայ-թուրքական սահմանը: Իսկ դրա համար Հայաստանը պետք է ղարաբաղյան հիմնախնդրում գնա զիջումների: Անգամ թափանցիկ ակնարկվել է զիջման հնարավոր շրջանակը, շեշտելով ազատագրված 3 շրջանների վերադարձի մասին:
Սակայն այս անտրամաբանական ու հայկական կողմի համար անընդունելի կարծիքին հակադրվել է ամերիկյան փորձագետների մյուս խումբը, բերելով հետևյալ կարևոր հակափաստարկը. Հայաստանի տնտեսական զարգացումը չի կարող լինել ի հաշիվ երկրի անվտանգության: <Ղարաբաղյան հարցում Հայասատանը որևէ զիջման չի գնալու, որովհետև մենք չենք կարող անվտանգության հարցը փոխարինել ինչ-որ ենթադրյալ բարեկեցությամբ, որևէ զիջումը նշանակում է զիջում մեր անվտանգությունից>: Այս հայտարարությունից հետո Արա Պապյանը հանդես է եկել հստակ առաջարկով. Հայաստանն ունի անվտանգության խնդիր, հետևաբար, Արևմուտքը Հայաստանի իշխանություններին պետք է փաթեթ առաջարկի, որում միաժամանակ ներառված կլինեն և՛ անվտանգության խնդրները, և երկրի բարեկեցության, տնտեսական կայուն զարգացման հարցերը: Հակառակ դեպքում, Հայաստանն այլընտրանք չի ունենա. <Ի տարբերություն շատ երկրների, որոնք լուծում են միայն բարեկեցության հարցեր, Հայաստանը երկիր է, որը պետք է լուծի իր գոյության հարցը: Մենք դեռ ֆիզիկական գոյության խնդիր ունենք լուծելու>:
Պապյանի հիշյալ առաջարկն արժանացել է ներկաների մի մասի հավանությանը, որոնք իրենց հերթին ընդգծել են.<Այո՛, Հայաստանը չի կարող շրջանցել անվտանգության հարցերն ու դիտարկել միայն տնտեսական զարգացման խնդիրներ>:

Հայ քաղաքագետը ԱՄՆ փորձագետների ուշադրությունն է հրավիրել նաև հետևյալ մտքի վրա, թե ցանկացած երկրի համար վտանգավոր է մեկ ուժային կենտրոնից կախված լինելը, որքան էլ ռուսները մեր դաշնակիցներն են ու մեր բարեկամները, միևնույն է մենք չենք կարող մեր ամբողջ անվտանգության համակարգը կապել ընդամենը մեկ կենտրոնի հետ: Ուրեմն, այն պետք է լինի հնարավորինս բալանսավորվածը:<Եվ ես հարց ուղղեցի, դուք ուզում ե՞ք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն ու կայունություն, ինչը ձեր շահերից է բխում: Արձագանքեցին՝ այո: Դե ուրեմն, հիշեք, խաղաղություն կլինի, եթե տարածաշրջանում չխախտվի ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը: Հետևաբար, Հայաստանին պետք է գործնական աջակցություն՝ թե՛ անվտանգության, թե՛ տտեսական առումով>:

Խոսվել է նաև Հայաստան-Իրան հարաբերությունների մասին: ԱՄՆ փորձագետները հատուկ նկատել են, թե իրենց երկիրը երբևէ խնդիր չի հարուցել ու Հայաստանի աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով աչք է փակել Իրան-Հայաստան ջերմ հարաբերությունների վրա՝ անգամ ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության տարիներին: Իսկ այսօր երբ այս երկու երկրների մեջև սառույցը կարծես սկսել է հալվել, իրենք առավել քան շահագրգռված են հայ-իրանական հարաբերությունների ջերմացմանբ: <Ընդգծեցին, ԱՄՆ-ը որևէ խնդիր չի տեսնում այս հարցում, հակառակը, հուսով է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունների մեղմացումը կնպաստի նաև Հայաստանի տնտեսության ակտիվացմանը: Սա կարևոր քաղաքական որոշում է: Մնացածը տեխնիկական խնդիր է: Բայց ԱՄՆ-ը, Արևմուտքը մեր դայակը չեն, մենք ինքներս պետք է ակտիվ աշխատենք այդ ուղղությամբ>:

Հայաստան-Վրաստան հարաբերությունների առնչությամբ հարցեր տվողի դերում եղել են ամերիկացի փորձագետները, նպատակ ունենալով պարզել, թե ինչպե՞ս են Հայաստանում պատկերացնում Վրաստանի՝ ԵՄ հետ ասոցացված այս երկրի միջոցով հարաբեությունների հաստատումը մյուս երկրների հետ, չէ՞ որ հայ-վրացական սահմանն այլևս ԵՏՄ-ԵՄ հետ ասոցացված երկրի սահման է: Բայց քանի որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը շարունակում է ձգձգվել հարցերի պատասխանները օդում են մնացել: Փոխարենը, ուշադրության կենտրոնում են հայտնվել հետևյալ հարցադրումները. արդյոք, Հայաստանը կարո՞ղ է զարգանալ անդամակցելով ԵՏՄ-ին, արդյոք, հնարավոր կլինի՞ իրագործել Հայաստանի իշխանությունների պատրասատակամությունը՝ շարունակել Եվրոպական համագործակցությունը: <Կարծիքները բացասական էին: Նկատում էին՝ հնարավոր չէ երկու աթոռի վրա միաժամանակ նստել, ապա շեշտում, եթե Հայաստանը մտավ ԵՏՄ, ուրեմն, իր առաջ կփակվի Արևմուտքի դուռը>:

Սեմինարի առանցքային հարցը, ինչպես և սպասվում էր, եղել է հայ- թուրքական հարաբերություններն ու արձանագրությունները: ԱՄՆ փորձագետների մեծ մասին զարմացրել է Արա Պապյանի հայտարարությունը, թե ինքը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին: Քաղաքագետը այսպես է հիմավորել իր խոսքը .<Ասացի՝ ես դեմ չեմ սահմանի բացմանը, ես դեմ եմ նախապայմաններին, միակողմանի զիջումներ պարունակող արձանագրությունների հիման վրա սահմանի բացմանը>:
Քաղաքագետը նկատում է, թե ամերիկան շրջանակներում այսօր կա տպավորություն, որ հայերիս միակ երազանքը հայ-թուրքական սահմանի բացումն է ու Ցեղասպանության, ընդամենը, ճանաչումը. <Այն, որ նրանք այդպես են մտածում, մեղավորը մենք ենք, որովհետև այլ հարցեր չենք հնչեցնում: Դրա համար էլ իրենք ասում են, դե, եկեք լուծենք այդ 2 հարցերը ու վերջ: Բայց չէ՞, որ դա չէ մեր ցանկությունը, չէ՞ որ մեր մտքում այլ հարցեր կան, որոնց մասին պետք է բարձրաձայնել>:
Մասնակցել նման ներկայացուցչական սեմինարի ու չխոսել Վիլսոնյան իրավարար վճռից, իհարկե Արա Պապյանը չէր կարող.<Եվ բնականաբար, ես նրանց տվեցի գրքեր ու ասացի՝ չմոռանաք, որ Թուրքիան օկուպացրել է մեր երկրի մի մասը>:

Հարավային Կովկասը ընկալել որպես մեկ ամբողջությո՞ւն, թե՞ բաժանված տարածաշրջան: Ամերիկյան փորձագետների մի թևը արտահայտել է այն համոզմունքը, թե ԱՄՆ-ը տարածաշրջանում իր քաղաքականությունը կարող է իրականացնել հենվելով Ադրբեջանի ու Վրաստանի վրա, իսկ Հայաստանը թող մնա Ռուսաստանին, որպես նրա հավերժ ռազմավարական գործընկեր: <Սա շատ վտանգավոր տեսակետ է մեզ համար: Ու ես հայտարարեցի, որ տարածաշրջանը չի կարող լինել ամբողջական առանց Հայաստանի, շշետադրելով, և՛ որպես պետություն, և որպես քրիստոնյա ազգ հայերը տարածաշրջանում կարևոր դեր ունեն, ու Արևմուտքի շահերից է բխում այս հանգամանքը հաշվի առնելն ու տարածաշրջանը որպես մեկ ամբողջություն դիտարկելը>:
Թե ի՞նչ արդյունավետություն կունենա այս սեմինարը, ու նրանում հնչած շեշտադրումները որքանո՞վ կհայտնվեն ԱՄՆ պետական քաղաքականության ուղեծրում հարցին Պապյանի պատասխանն այսպիսին էր.<Սեմինարին ներկա էր ԱՄՆ պետաքարտուղարության այն ներկայացուցիչը, որն անմիջականորեն մշակում և իրականացնում է ամբողջ Եվրասիական քաղաքականությունը, սրանով կարծում եմ ամեն ինչ ասված է>:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Ադրբեջան, Թուրքիա, Իրան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ռուսաստան, Վերլուծական, Վրաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն