Կանխվել է Քարվաճառի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հերթական դիվերսիան
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն իր կայք էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունն ավելի ուշ հանդես եկավ հետևյալ հայտարարությամբ, Քանի որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները հերքում են մեր կողմից տարածված տեղեկատվությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի և խմբի որոշ անդամների գերեվարվելու մասին, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացնել որոշ լուսանկարներ, որոնք վկայում են խմբի և մասնավորապես գերեվարված զինծառայողներից մեկի՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի (ծնված 1968թ., գրանցված Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում) իրական մտադրությունների մասին»,- ասված է հայտարարության մեջ:












