ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը ձգձգվում է 2 պատճառով. Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացը ձգձգվում է երկու պատճառով: Tert.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ առաջին խոչընդոտն այն է, որ Ղազախստանն ու Բելառուսը, հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, չեն ցանկանում, որպեսզի ԵՏՄ-ում Ռուսաստանն ունենա երկու ձայն և ինչ-որ առումով խոչընդոտում են Հայաստանի անդամակցության հարցը:
«Ձգձգման երկրորդ պատճառն այն է, որ Ռուսաստանը փորձում է Ադրբեջանից որոշակի զիջումներ կորզել՝ դրա դիմաց խոստանալով զիջումներ իր կողմից՝ Ղարաբաղի հարցով»,-ասաց նա:
Աղասի Ենոքյանն ընդգծեց, որ անդամակցության խնդիրը չի կարող տեխնիկական լինել: «Ի վերջո, կարելի է քաղաքական համաձայնագիրը ստորագրել և տեխնիկական հարցերն ընթացքում պարզել: Իմ կարծիքով մինչ տարվա վերջ ոչինչ չի ստորագրվի, սակայն դժվար է դա պնդել»,- ասաց քաղաքագետը:
Անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը՝ Աղասի Ենոքյանն ասաց. «Ամերիկան և Ֆրանսիան փորձում են Մինսկի խմբում իրենց մասնակցությունն ավելի ակտիվացնել, որովհետև տեսնում են, որ Ռուսաստանը գործընթացն ամբողջովին իրենց ձեռքից տարել է, իսկ Ռուսաստանը, օգտագործելով այն հանգամանքը, որ ինքը դոմինանտ է բանակցություններում, փորձում է օգտագործել Արցախի խնդիրը Ադրբեջանում ռուսական զորք տեղակայելու համար»:
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը առաջիկայում կկայանա, և կողմերը կհասկանան, որ միայն Ռուսաստանի օգտին խնդիրը լուծելը սխալ է:
tert.am












