Հայկական տուրիզմի խորագույն վիրապը
Օրերս Խոր Վիրապ կատարած ուխտագնացությունից վերադարձանք խիստ հակասական զգացումներով: Խոսքը չի վերաբերում ոչ հայոց եկեղեցուն, ոչ Խոր Վիրապին, այլ մեր պատմամշակութային արժեքների հանդեպ պետական անլուրջ վերաբերմունքին: Ընդ որում, այդ վերաբերմունքն այնքան է անլուրջ, որ ակամայից մտածում ես միտումնավորության մասին: Տարբեր տրամաչափի պաշտոնյաներ տեղի-անտեղի սիրում են անընդհատ կրկնել, որ Հայաստանն աշխարհին պիտի ներկայանա իր մշակույթով, որ մեր մշակույթը մեր ուժն է եւ այլն: Բայց իրականությունն այն է, որ դրանք փուչ խոսքեր են, եւ մշակութային արժեքների պահպանության ու ներկայացման առումով կամ շատ քիչ բան է արվում, կամ ոչինչ չի արվում: Վերադառնանք Խոր Վիրապ: Լեհ զբոսաշրջիկների մի փոքր խումբ ծանոթների խորհրդով եկել էր այստեղ ու մոլորված գնում-գալիս էր` գտնելու մի տեղեկատու վահանակ, որ վերջապես հասկանար, թե ուր է եկել: Նման վահանակ չկար, ավելի ճիշտ՝ կար, բայց… դատարկ: Վանահորից հետաքրքրվեցինք, թե ինչու վանքի մասին որեւէ տեղեկություն գտնել հնարավոր չէ:
Բանից պարզվեց` ՅՈւՆԻՍԵՖ-ը մեկ տարուց ավելի է` խոստացել է նոր վահանակ ուղարկել, բայց ցայսօր քար լռություն է, ոչ մի հարցման չեն պատասխանում: Իսկ հինը` արեւից խունացած ու փչացած, հանել են: Եկեղեցու հետ կապ չունեցող մի կազմակերպություն էլ բիզնես էր անում` բրոշյուր ու տեղանքի քարտեզ էր վաճառում 19 հազար դրամով: Հասկանալի է, որ ոչ մի տեղացի քարտեզի համար այդքան գումար չի տա, բայց զբոսաշրջիկներն իրավունք չունե՞ն ձրի ծանոթանալու եկեղեցու պատմությանը: 21-րդ դարում` իր մշակույթով հպարտացող երկրում, սա կոչվում է պետական վայրենություն:
Ի՞նչ է նշանակում հայկական եկեղեցիների ներկայացումը վստահել օտար կազմակերպությունների, այսինքն` օտար կազմակերպությունները համառոտ տեքստերով պիտի մեր պատմամշակութային արժեքները ներկայացնեն Հայաստան այցելած զբոսաշրջիկներին: Ընդ որում, ինչ ուզեն` գրեն. օրինակ` Հաղպատի վանքի պատմությունը ներկայացնող տեքստում «Ադրբեջանի թագավորության» մասին տխմարությունը: Սրա անունն ի՞նչ է: Հայ պատմաբանների, եկեղեցու պատմության մասնագետների թիկունքում այդ ի՞նչ մութ գործարքներ են կատարվում: Եվ այսօր հայ հոգեւորականն սպասում է ինչ-որ ՅՈւՆԻՍԵՖ-ի ողորմածությանը: Եկեղեցիների, այլ հուշարձանների տարածքներում տեղադրված տեղեկատվական վահանակների որակի, պատմական կեղծիքներ պարունակող դրանց բովանդակության մասին շատ է գրվել, ահազանգեր են հնչել (Ախթալայի եկեղեցի, Հաղպատի վանք, Սանահին, Նորավանք, Քարահունջ…), բայց առայսօր ոչինչ չի փոխվել, միայն հայտարարվել է, որ այդ վահանակներից յուրաքանչյուրն արժե 250 հազար դրամ. թանկ են՝ այսինքն: Ավելացնենք` միտումնավոր թանկ են, քանի որ օտարի բիզնեսի մի մաս են, ի՞նչ պատմություն, ի՞նչ մշակույթ: Իրականում մեր պատմամշակութային արժեքները եւս դիտվում են իբրեւ մասնավոր եկամտի աղբյուր (ոչ տուրիզմին բնորոշ). այդ դեպքում արդեն սեւեռուն ուշադրությունն ակնհայտ է. ապացույց` Գառնո տաճարի տարածքի «օբյեկտը» եւ Զվարթնոցում տեղի ունեցած «բորդելը»:
Այս ամենից հետո հայտարարվում է, որ տուրիզմը Հայաստանում դինամիկ զարգացող ոլորտ է: Չխորանանք այն հարցի մեջ, որ պիտի զարգացող ոլորտներ լինեն, որ դրանց մեջ մեկն էլ լինի դինամիկ զարգացող: Չխորանանք: Սա, ի դեպ, պաշտոնական տեղեկատվություն է: Դինամիկ զարգացումն էլ հիմնավորվում է հետեւյալ թվաբանությամբ. 2014թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 154 հազար 471 զբոսաշրջիկներ, կամ 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 20.5%: 2014թ. հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 162 հազար 73 մարդ, կամ 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 18.2%:
Թե եկողներից ու գնացողներից իրականում քանիսն են զբոսաշրջիկ, այլ հարց է, բայց այն, որ հանրապետությունից մեկնող հայ զբոսաշրջիկների թիվն ավելի մեծ է հանրապետություն եկող ենթադրելի օտարազգի զբոսաշրջիկների թվից, խոսում է բոլորովին այլ երկրներում տուրիզմի դինամիկ զարգացման մասին:
Ռուս ծանոթներիցս մեկն (Չեբոկսարի քաղաքից) ուզում էր տուրիստական ուղեգրով գալ Հայաստան, հետո հրաժարվեց այդ մտքից: Հետաքրքրվեցի` ինչու, ասաց` Եգիպտոսի ուղեգիրը կրկնակի էժան է:
Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆ
hraparak.am












