Գլխավոր » Լրահոս

Նոր ֆինանսավորվողներ Թուրքիայի՞ց

Հոկտեմբեր 2, 2009թ. 16:33

Աշխարհասփյուռ  Ռամկավար Ազատական կուսակցության  Կենտրոնական  վարչության  փոխատենապետ, ՀՌԱԿ   ատենապետ   Հարություն Առաքելյանը լրատվամիջոցներին ուղղած նամակում տեղեկացնում է. «Հայաստանում են գտնվում սփյուռքից ժամանած մի քանի անձինք, ովքեր ներկայանում են որպես ՀՌԱԿ ԱՄՆ Արևելյան և Կանադայի շրջանակի  ղեկավարներ, Ռամկավար Ազատական կուսակցության անդամներ  և այդ անվան տակ իրականացնում են  հանդիպումներ, տալիս են հարցազրույցներ: Հաշվի առնելով վերը նշվածը, որպես աշխարհասփյուռ Ռամկավար Ազատական կուսակցության փոխնախագահ,  պաշտոնապես  հայտարարում եմ, որ  ՌԱԿ ԱՄՆ Արեւելյան եւ Կանադայի շրջանակ  մեր աշխարհասփյուռ 18  կառույցների մեջ գոյություն չունի,  հետեւաբար  թե՛  ԱՄՆ, թե՛ Կանադայի եւ մյուս մեր կառույցները գործում են առանձին-առանձին և ունեն իրենց ղեկավար մարմինները: «Սփյուռքյան խմբակի» մեծամասնությունը վաղուց վտարված է կուսակցությունից` հակահայկական եւ հակակուսակցական գործունեություն իրականացնելու  պատճառով: Տեղեկացնում եմ նաեւ, որ «նորաստեղծ» ԱրմենականՌԱԿը սփյուռքում դիտարկվում է որպես թուրքական նախագիծ, իսկ հոկտեմբերի  3-ի նրանց  հավաքը` որպես բաշիբոզուկների հավաք»:

ՀՌԱԿ ատենապետի այս հայտարարությունը, անշուշտ, մտահոգությունների տեղիք է տալիս: Այդ ի՞նչ բաշիբոզուկների է ակնարկում Հարություն Առաքելյանը, և ովքե՞ր են նրանք, որ Սփյուռքից Հայաստան գալով` թուրքական սցենար են իրականացնում:

Ի պատասխան մեր հարցերի` կուսակցության փոխատենապետ Կարեն Կակոյանն ասաց. «Այս տարվա մայիսին Ամմանում կայացավ ՌԱԿ համագումար, որին մասնակցեց նաև հայաստանյան ՌԱԿ-ը: Հետագայում կազմվեց կենտրոնական վարչություն, որի մեջ ներառված էին նաև երկու Հայաստանի քաղաքացիներ` մեկը ես էի, մյուսը` Հարություն Առաքելյանը, ով ընտրվեց կուսակցության վարչության փոխատենապետ: Հիմա Հայաստանում են գտնվում մի խումբ մարդիկ, որոնք վտարված են կուսակցությունից և իբր ներկայացնում են կուսակցության` ՌԱԿ ԱՄՆ Արևելյան և Կանադայի շրջանակները: Սակայն նման շրջանակներ ընդհանրապես գոյություն չունեն և տպավորություն է ստեղծվում, թե կուսակցությունը, ի դեմս այդ վարչության, հավանություն է տալիս հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Սա բլեֆ է, որը նպատակ ունի վարկաբեկել կուսակցությունը»:

Փոխատենապետ Կարեն Կակոյանը  հարկ համարեց նաև նշել, իր խոսքերով, բլեֆչիների անունները` Հակոբ Վարդիվառյան, Երվանդ Ազատյան, Հակոբ Ավետիքյան, Բաբկեն Մկրյան: Սրանք մարդիկ են, ովքեր, ըստ Կակոյանի,  վտարվել են կուսակցությունից և այսօր ինչ-ինչ ծառայություններ են մատուցում ինչ-որ անձանց:

Մեր հարցին` թե արդյոք գործ չունե՞նք ընդամենը շատ սովորական ներկուսակցական հակասության հետ, որը փորձ է արվում  որպես ազգային խնդիր ներկայացնել, փոխատենապետը պատասխանեց, որ կատարվածը կուսակցական պառակտում չէ, պարզապես մի քանի հոգի վտարվել են կուսակցությունից: Իսկ երևույթի ազգային խնդիր լինելը պայմանավորեց նրանով, թե այդ անձնավորություններից մի քանիսը թե’ բիզնեով, թե’ այլ կապերով կապված են թուրքական կազմակեպությունների հետ, ու հետն էլ վրա բերեց, թե ասվածը Հակոբ Ավետիքյանին չի վերաբերում: Այս մարդկանց նպատակը, ըստ Կ. Կակոյանի, մեկն է. ցույց տալ, թե կան ավանդական կուսակցություններ, որոնք կողմ են նախաստորագրված պայմանագրին, դրանով իսկ արձանագրություններին հավանություն տալ սփյուռքը ներկայացնող կուսակցության անունից:

Մեր հարցերին պատասխանեց նաև ՀՌԱԿ   ատենապետ   Հարություն Առաքելյանը` ներկայացնելով նամակը գրելու դրդապատճառները.

-Հոկտեմբերի 3-ին ՌԱԿ-Արմենական ներկայացողները, ովքեր վտարվել են կուսակցությունից, պլանավորել են անցկացնել համագումար: Դեռևս ապրիլի 23-ին կուսակցությունից վտարված այս  խումբը  կողմ արտահայտվեց «ճանապարհային քարտեզ» ասվածին: Այդ ժամանակ դեռ Արմենակյան  կուսակցությունը չէր ձևավորվել, սակայն նրանք արդեն իսկ սկսել էին իրենց վտանգավոր գործը: Նրանց շահերը որոշ կողմերի հետ համընկնում են, և դեռ ապրիլից նրանք նախապատրաստվում էին:

Հարցին, թե ո՞ւմ  շահերի մասին է խոսքը, Հ. Առաքելյանը պատասխանեց. «Նրանք գործում են վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանավորչությամբ և ֆինանսավորվում են դրսի կազմակերպությունների կողմից»:

Արմենուհի  Կարեյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն