Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

ՈՉ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՐՈՇ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԼԻՆԵԼ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ

Սեպտեմբեր 25, 2014թ. 21:18

մանկապարտեզՕրերս ծանոթներիցս մեկը անթաքույց անհանգստությամբ պատմեց, որ իր երեքամյա դուստրը ինչ-որ ժամանակ հաճախելով Երեւանում գործող ոչ համայնքային այսպես կոչված վալդորֆյան մանկապարտեզ` հոգեբանական խնդիրներ է ձեռք բերել: Եվ միայն մանկապարտեզից դուրս գալուց եւ հոգեբանի մոտ մի քանի սեանս անցնելուց հետո երեխան ձերբազատվել է այդ խնդիրներից: Ընդ որում նա նշեց, որ շատ ծնողներ են դժգոհ այդ մանկապարտեզում երեխաներին տված դաստիարակությունից, ինչն էլ նրանց ստիպել է երեխաներին տեղափոխել այլ մանկապարտեզներ:

Մեկ այլ ծնող մեզ պատմեց, որ մանկապարտեզ հաճախելու ընթացքում իր որդին շատ ագրեսիվ էր դարձել, չհնազանդվող, անհանգիստ ու լացկան։ Ծնողները երեխային հանել էին մանկապարտեզից, եւ որոշ ժամանակ տանը մնալով` երեխան վերագտել էր հոգեկան հանգստությունը:

Ինչպես հայտարարվում է, վալդորֆյան մեթոդաբանության հիմքում ստեղծագործող ու ստեղծագործական ազատության ձգտող քաղաքացի դաստիարակելու մղումն է: Եվ իրոք, մանկապարտեզում երեխաներին փոքր հասակից ծանոթացնում են արվեստի մի շարք ճյուղերի հետ, ներգրավում ստեղծագործական աշխատանքներում: Սակայն դա մեթոդաբանության երեւացող կողմն է:
Իսկ այն, ինչ խորքային է, առավել ցայտուն կդրսեւորվի տարիներ հետո, կերեւա այդ դպրոցն անցած երեխաների բնավորության ու վարքագծի մեջ։ Չմոռանանք, որ վալդորֆյան դպրոցները, հատկապես Եվրոպայում, սոցիալապես ակտիվ շարժում են ներկայացնում` հստակ ուղղվածությամբ ու նպատակներով, որոնք միշտ քողարկվում են վեհ գաղափարներով:
Այս դեպքում այն ներկայանում է որպես այլընտրանքային մանկավարժական ուղղություն: Բայց այդ մանկավարժությունը, պարզվում է, նպատակ ունի ենթարկվող, հանդուրժող, ոչ պահանջատեր մարդկանց դաստիարակել, ովքեր առանց որեւէ հակադարձման կընդունեն հասարակության ցանկացած այլախեղում:

Ի դեպ, Հայաստանում, մասնավորապես Երեւանում, եվրոպական մեթոդներով ու առաքելություններով առաջնորդվող նախադպրոցական հաստատությունները միայն վալդորֆյանով չեն սահմանափակվում: Այստեղ հասցրել են հայաստանյան իրենց «գրասենյակները» բացել նաեւ այլընտրանքային մանկավարժական այլ ուղղությունների հետնորդներ: Օրինակ, մոնտեսսորիի կրթական դավանանքին հարողները:
Կրթության ազգային ինստիտուտի նախադպրոցական եւ տարրական կրթության բաժնի մասնագետ, նախադպրոցական կրթական ծրագրերի եւ ձեռնարկների հեղինակ ԼԱԼԱ ՍՄԲԱՏՅԱՆԻ հավաստմամբ` Հայաստանում սնկի պես աճում են մասնավոր` ոչ համայնքային մանկապարտեզները` օգտվելով այն առիթից, որ պետական, համայնքային մանկապարտեզները գերբեռնված են, երեխաները հերթագրվում են մանկապարտեզներ հաճախելու համար: Ուստի հաճախ ծնողները երեխաներին մանկապարտեզ տանելու մտահոգությամբ օգտվում են մասնավոր, թեկուզեւ վճարովի մանկապարտեզների ծառայություններից:
Թեեւ քիչ չեն այն ծնողները, որոնք ոչ համայնքային թանկարժեք մանկապարտեզներն ընտրում են իրենց հեղինակության համար: Բայց հաճախ այս կամ այն ոչ համայնքային մանկապարտեզն ընտրելիս ծնողը գլխի էլ չի ընկնում, թե իր երեխային ում ձեռքն է հանձնում, անգամ չի էլ ցանկանում կամ գուցե ժամանակ չունի հետաքրքրվելու այդ մանկապարտեզում ներդրված ուսուցման մեթոդներով ու ծրագրերով, որ հասկանա, թե իր երեխային տվյալ մանկապարտեզում նախնական ինչ կրթություն ու դաստիարակություն է տրվելու:

Ավելին, Լալա Սմբատյանը վստահեցնում է, որ ծնողներ կան, որոնք գայթակղվելով «եվրոպական չափորոշիչներ» արտահայտությամբ` իրենց երեխային հենց այդ մանկապարտեզներն են տանում` տուրք տալով իրենց օտարամոլությանը: Եվ իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես են ընկնում հատուկ առաքելություն իրականացնող շարժումների թակարդը:
Մեր երկրում էլ նման մանկապարտեզների ազատ գործունեության համար պարարտ հող է ստեղծված: Եվրախորհրդին ինտեգրվելիս մեր կառավարությունը բազմաթիվ պարտավորություններ է ստանձնել եւ դրանցից մեկն էլ այլախոհ կրթության առաջ երկրի դռները բացելն է: Եվ որ ավելի վտանգավոր է` այդ այլախոհության զոհ են դառնում նախեւառաջ նախադպրոցական տարիքի երեխաները:
Այդ պարտավորություններից է այլընտրանքային մանկավարժական ուղղությունների համար ազատ դաշտ ստեղծելը, որը հնարավորություն է տալիս մասնավոր անձանց, կազմակերպություններին մանկապարտեզներ հիմնել` այլընտրանքային մանկավարժության կիրառմամբ երեխաներին դաստիարակելու համար: Իսկ մանկապարտեզ բացելու իրավունք ստանալն էլ օրենքով այնքան է պարզեցվել, որ բավական է համապատասխան չափի գումար ունենալ, եւ կարող ես մանկապարտեզի տեր դառնալ ու սերունդներ դաստիարակելու պատասխանատու գործին լծվել: Դրա համար օրենքը ո՛չ համապատասխան կրթություն է պահանջում, ոչ էլ ոլորտում ունեցած որոշակի փորձառություն:

Ըստ էության, մանկապարտեզ ունենալը վերածվել է բիզնեսի յուրօրինակ տեսակի, եւ մանկապարտեզ բացելու համար ներկայացվող պահանջներն էլ այնպիսին են, կարծես որեւէ բիզնեսի են վերաբերում: Այդ օրենսդրական բացից օգտվում են ոչ միայն փող աշխատելու ցանկություն եւ գործարարի երեւակայություն ունեցող անհատները, այլեւ գրանտակեր կազմակերպությունները, որոնք նոր սերնդի միջոցով են փորձում իրենց գաղափարները հաստատել Հայաստանում:

Ճիշտ է, կառավարությունը նման հաստատությունների համար որոշակի վերահսկողություն է սահմանել` պարտադրելով նրանց իրենց մեթոդաբանությունն ու ծրագրերը համապատասխանեցնել նախադպրոցական կրթության եւ դաստիարակության` պետականորեն հաստատված համընդհանուր չափորոշիչներին: Բացի դրանից` այդ ծրագրերը պետք է հաստատվեն կրթության եւ գիտության նախարարության կողմից: Այլապես կյանքի կոչելու իրավունք չունեն: Բայց որքանո՞վ են այդ ծրագրերը համապատասխանեցվում պետականորեն հաստատված չափորոշիչներին, եթե ընդհանրապես համապատասխանեցվում են:

Ինչպես տեղեկացնում է կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցը` որոշ ոչ համայնքային, հիմնականում օտար բարքեր քարոզելու կոչված մանկապարտեզների տնօրեններ անտեսում են օրենքի այդ պահանջը: Սովորաբար նրանց սեղանին ձեւականորեն պետական ծրագիրն ու ձեռնարկներն են դրված լինում, այնինչ նրանք կիրառում են այլախոհ չհաստատված ծրագրեր, ձեռնարկներ, անգամ չեն վախենում վերահսկողությունից, քանի որ հիմնականում օգտվում են ազդեցիկ լծակների բարեհաճությունից:
Բացի դրանից, կան կազմակերպություններ կամ անհատներ, որոնք հանդգնում են իրենց ստեղծած, բայց կրթության եւ գիտության նախարարության կողմից չհաստատված գրքերը ինչ-ինչ միջոցներով տպագրել ու տարածել մանկապարտեզներում` հանցավոր համաձայնության մեջ մտնելով մանկապարտեզների տնօրենների հետ, որոնք իրենց դայակներին ու մանկավարժներին պարտադրում են այդ դասագրքերն առանցքային դարձնել երեխաների ուսուցման ու դաստիարակության համար:

Լալա Սմբատյանը ասում է, որ կրթության ազգային ինստիտուտ երաշխավորագիր ստանալու համար հազարումի նման գրքեր են ներկայացվում ու մերժվում։ Այդ գրքերում երեխաների համար անթույլատրելի մեթոդներ են առաջարկվում, որոնք ոչ մի լավ բան չեն կարող սերմանել երեխայի մեջ: Նա հիշում է, որ նման գրքերից մեկում երեխաների նյարդային լարվածությունը թուլացնելու համար իբրեւ խաղ առաջարկվում էր բարձր բղավելու եւ դիմացինին գանածեծելու մեթոդը:

«Պատկերացնում եք ինչ կլինի, եթե մեր մանկապարտեզներում սկսեն նման մեթոդներ կիրառել: Դա ագրեսիայի ուղղակի սերմանում է նախադպրոցական տարիքի երեխաների մեջ: Մեկ ուրիշ գրքում այնպիսի խաղեր են առաջարկվում, որոնք երեխայի մեջ կարող են անցանկալի վախեր առաջացնել: Ճիշտ է, մենք մերժում ենք այդ գրքերին երաշխավորագրեր տալ, սակայն, չգիտես ինչպես, դրանք տպագրվում են, ու հետո մենք այդ գրքերը տեսնում ենք որոշ ոչ համայնքային մանկապարտեզներում»,- պատմում է մեր զրուցակիցը։
Մինչդեռ կրթության եւ գիտության նախարարությունը հատուկ գրություն էր ուղարկել բոլոր վարչական շրջաններ, որ մանկապարտեզներին արգելեն օգտվել չհաստատված գրքերից: Բայց գրությունը, երեւում է, քիչ է: Հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել:
Լալա Սմբատյանը վստահեցնում է, որ նման կառույցների հանդեպ վերջին երկու-երեք տարիներին վերահսկողությունն ուժեղացել է, եւ կրթության տեսչությունն անձամբ շրջայցեր է կատարում նման մանկապարտեզներ` համոզվելու համար, որ ամեն ինչ այնտեղ օրենքի շրջանակներում է արվում, օրինազանցությունները բացահայտվում են, եւ դրանք վերացնելու կարգադրություններ են տրվում:
Նա պատմում է, որ երբ տեսչությունն առաջին անգամ նախաձեռնեց շրջայցերը` բազմաթիվ խախտումներ հայտնաբերվեցին ոչ համայնքային մանկապարտեզներում: Շատերում անգամ մասնագետներ չէին աշխատում: Բայց դրանից հետո այդ մանկապարտեզներում կադրային փոփոխություններ եղան, մասնագետները սկսեցին հաճախել կրթության ազգային ինստիտուտ` վերապատրաստման դասընթացների, անմիջական կապի մեջ են ինստիտուտի հետ, իրենք են փորձում կատարելագործվել: Եվ այդ երկկողմանի համագործակցության շնորհիվ արդեն կան այնպիսի ոչ համայնքային մանկապարտեզներ, որոնք կարող են մրցել պետականների հետ: Այնտեղ ե՛ւ մասնագետներն են համապատասխանում պահանջվող չափորոշիչներին, ե՛ւ ծրագրերն են պետական, ե՛ւ մոտեցումն է ազգային:

Բայց դեռ բացերը շատ են: Հիմնականում դրանք այլընտրանքային կրթական մեթոդներով առաջնորդվող մանկապարտեզներում են, որոնք դեռ շարունակում են այս կամ այն կերպ շրջանցել օրենքը` իրենց բուն առաքելությունը կատարելու համար: Նման օրինախախտումներից զերծ մնալու լավագույն տարբերակը, ինչ խոսք, բոլոր մանկապարտեզներում` համայնքային թե ոչ համայնքային, մեկ համընդհանուր ծրագրի ներդրումն է, որը կազմվել է ազգային չափորոշիչների հիման վրա` քիչ թե շատ ներառելով նաեւ արդի դաստիարակչական մեթոդները, որոնք, սակայն, չեն հակասում ազգային ավանդույթներին ու մենթալիտետին:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն