Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան

ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒՂՂՈՐԴՈՒՄ Է ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 25, 2014թ. 21:22

Դեր Զորի հայոց եկեղեցի Համագործակցելով «Իսլամական պետության» հետ

Սեպտեմբերի 21-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր Էլ Զոր քաղաքի հայկական Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը իրեն «Իրաքի ու Լեւանտի իսլամական պետություն» կամ ուղղակի «Իսլամական պետություն» հորջորջող ահաբեկչական խմբավորման կողմից, բազմաթիվ հարցականներ է ծնում, որոնք բացահայտելու համար հարկավոր է վերականգնել վերջին շաբաթների Մերձավոր-Միջին Արեւելքի իրադարձությունների ժամանակագրությունը։

Ակնհայտ է, որ Իսլամական պետություն կոչվող խոշոր խմբավորման «հայտնությունը» ամենեւին էլ պատահականություն չէ Մերձավոր-Միջին Արեւելքում նոր թափ հավաքող հակամարտությունների ընդհանուր համատեքստում. նրա թիկունքին կանգնած ազդեցիկ ուժերը փորձում են իսլամական ահաբեկչությունը վերածել տարածաշրջանի քարտեզի վերաձեւման գործիքի։
Ակնհայտ է նաեւ, որ այս մեծ խաղում համաշխարհային ֆինանսական շրջանների ու նրանց հովանավորների համար որեւէ նշանակություն չունի երեկ՝ ցեղասպանության ենթարկված եզդիների, այսօր՝ Մեծ եղեռնի սրբավայրից զրկված հայերի, կամ էլ Իսլամական պետության ճնշմամբ Սիրիայից Թուրքիա փախած 100 հազար քրդերի ճակատագիրը։
Համոզիչ չէ նաեւ «Իսլամական պետության» դեմ պայքարի այն մարտավարությունը, որը որդեգրել է Միացյալ Նահանգները, քանզի տպավորություն է ստեղծվում, որ սափորից դուրս եկած ջինը ոչ թե նորից այնտեղ է մղվում, այլ ոչ մեծ հարվածների միջոցով քշվում է ցանկալի ուղղությամբ։

Առավել տարօրինակ է, սակայն, «Իսլամական պետության» եւ Թուրքիայի ղեկավարության վերջին շաբաթների «քաղաքական դիսկուրսը»։ Այն սկզբում ընդունել էր փոխադարձ սպառնալիքների տեսք եւ նորահայտ «խալիֆ» Աբու-Բաքր Ալ Բաղդադին սպառնացել էր անգամ սպանել Ռ. Էրդողանին, եթե նա չճանաչի իր՝ որպես «խալիֆի» գերակայությունը։
Այնուհետեւ տեղի ունեցան Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչության 49 աշխատակիցների գերեվարման եւ «ազատագրման» հայտնի դեպքերը, որոնց վերաբերյալ թուրքական պաշտոնական շրջանակների տարածած վարկածներն արագորեն հերքվեցին։ Պարզվեց, որ ոչ մի «հատուկ գործողություն» էլ չի եղել, եւ որ վարչապետ Ա.Դավութօղլուի «հանկարծակի» մեկնումը Բաքվից պարզապես թատերական ներկայացում էր՝ «գործողությանը» հավաստիություն հաղորդելու եւ Թուրքիայի ու Իսլամական պետության գործարքը քողարկելու համար։
Այնուհետեւ վերջինիս մոտ աղբյուրները հայտնեցին, որ անձամբ ինքը՝ «խալիֆն» է հրաման տվել, որ ազատեն թուրքերին՝ այդ խմբավորումը որպես «պետություն» ճանաչելու դիմաց։ Սակայն ակնհայտ է, որ թեեւ Թուրքիան խուսափում է «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի կողմից ձեւավորվող կոալիցիային ուղղակիորեն մասնակցելուց, բայց ճանաչման մասին, անշուշտ, խոսք լինել չի կարող։
Զուգահեռաբար քրդական աղբյուրները «Newsru-Israel»-ի միջոցով տեղեկատվություն տարածեցին Թուրքիայից գնացքներով «Իսլամական պետությանն» ուղարկվող սպառազինության նորանոր խմբաքանակների մասին, որոնց միջոցով է խմբավորմանը հաջողվել առաջխաղացում արձանագրել Սիրիայի հյուսիսի քրդաբնակ շրջաններում եւ մոտ 100 հազար քրդերի քշել դեպի Թուրքիա։
Ստացվում է, որ թուրքական կողմը վերջին օրերին ակտիվորեն համագործակցում է Իսլամական պետության ահաբեկիչների հետ եւ պարբերաբար «փոխշահավետ գործարքներ» է իրականացնում՝ փորձելով իր հակառակորդների դեմ ուղղել ահաբեկչության արյունոտ ձեռքերը։

Թուրքիայում լավ են հասկանում, որ եթե այդ խմբավորումը արտաքին հզոր հովանավորների աջակցությամբ մտադրվել է վերականգնել սուննի-մահմեդականների խալիֆաթը, ապա վաղ թե ուշ հենց իրենք են դառնալու հիմնական թիրախը։ Առավել եւս, որ քրդերին տեղահանելով դեպի հյուսիս՝ «խալիֆաթը» անկայունություն է արտահանում Թուրքիա։ Նման պայմաններում հասկանալի է դառնում, թե ինչու է Թուրքիան իր օգնությունն առաջարկում այդ խմբավորմանը՝ փորձելով ուղղորդել նրա գործողությունները՝ իր ընտրած թիրախների դեմ։

Այս առումով միանգամայն տրամաբանական է նաեւ հայկական թիրախի ընտրությունը որպես թուրքական կողմի աջակցության դիմաց տրվող փոխհատուցում։ Բանն այն է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Դեյր Էլ Զոր քաղաքի հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչ միայն Մերձավոր-Միջին Արեւելքի հայության, այլեւ ողջ հայ ժողովրդի այն սրբատեղիներից է, որը խորհրդանշում է Մեծ եղեռնի վերհուշը, իսկ այնտեղ պահվող նահատակների նշխարները Թուրքիայի ոճրագործության անհերքելի ապացույցներն են։
Ավելին՝ այդ տարածաշրջանի պահանջատեր հայությունը, ի դեմս Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Երեւանում՝ Հայաստան-Սփյուռք համաժողովի բեմից, օրերս ազդարարել է առաջիկայում Թուրքիային կոնկրետ պահանջներ ներկայացնելու իր մտադրության մասին։
Նման պայմաններում Իսլամական պետության ծայրահեղականների մտքով անգամ չէր կարող անցնել հայկական սրբատեղի-եկեղեցու պայթեցումը (որն իբրեւ փաստ նրանց համար, անշուշտ, սովորական արարք է) հենց սեպտեմբերի 21-ին, այսինքն՝ Հայաստանի անկախության վերականգնման օրն իրականացնելու գաղափարը։ Սա արդեն նրանց ձեռագիրը չէ, քանի որ, ի տարբերություն Սիրիայի կամ Իրաքի քրիստոնյաների, Հայաստանի հետ «Իսլամական պետությունը» գոնե առայժմ որեւէ կոնկրետ «հաշիվ» չունի։ Բայց նման «հաշիվ» ունի Թուրքիան, որն իր հերթին ակտիվ սիրախաղի մեջ է այդ վտանգավոր ու հավակնոտ խմբավորման հետ։

Կարծում ենք, Թուրքիայի եւ «Իսլամական պետության» վերջին օրերի քողարկված համագործակցությունը վկայում է ռազմական օգնության դիմաց տրված որոշակի քաղաքական պատվերի առկայության մասին։
Հայ ժողովրդի համար Մեծ եղեռնի խորհրդանիշերից մեկի՝ Դեր-Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը սեպտեմբերի 21-ին չի կարող լինել պատահական, որովհետեւ ցանկացած նման հանցագործության բացահայտման վճռորոշ պայմանը նրա իրականացման ժամկետների ու շարժառիթների միջեւ տրամաբանական կապի վերականգնումն է։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Ով է թուրքը, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն