Եգիպտոսը Էրդողանին խորհուրդ է տվել քիթն ուրիշի գործերի մեջ չմտցնել
Պաշտոնական Կահիրեն միանշանակ չի ընդունել Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Ստամբուլում Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հնչեցրած քննադատությունները Եգիպտոսում տիրող իրավիճակի առնչությամբ և հիշեցրել է, որ այդ երկիրը «արաբական գարունների» հովանավորն է և շատ հեռու է ժողովրդավարությունից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ և խորհուրդ տվել Էրդողանին` ուշադրություն դարձնել իր երկրում ազատ խոսքի և մարդու իրավունքների ոտնահարումներին:
«Վերջին 12 տարվա ընթացքում Թուրքիայի ներքաղաքական կյանքին ուշադիր հետևող ցանկացած անձ կարող էր եզրակացնել, որ պարոն Էրդողանը, ով իրեն համարում է ժողովրդավարության հովանավոր և արաբական գարնան հեղափոխության պաշտպան, իրականում շատ հեռու է ժողովրդավարության ոգուց և գաղափարախոսությունից: Նա այնպիսի իրավիճակում չէ, որ այլոց ժողովրդավարության դասեր տա և պահանջի հարգել մարդու իրավունքները»,- ասված է հայտարարության մեջ:
Եգիպտոսի ԱԳՆ-ից Էրդողանին նաև խորհուրդ են տվել նախքան քիթն ուրիշի գործերի մեջ մտցնելն ու իրեն ժողովրդավարության հովանավոր հռչակելը, առաջին հերթին` փոխել սեփական բռնապետական վարքագիծն ու բարեփոխել սարսափելի իրավիճակում գտնվող մարդու իրավունքների ոլորտը:












