ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԴԵ՞Մ ԵՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ
Երեկ խորհրդարանի շենքի դիմաց հավաքվել էին «Շրջանառության հարկի մասին» օրենքից դժգոհ փոքր եւ միջին ձեռնարկատերերը՝ մտադրություն ունենալով անձնապես հանդիպել պատգամավորներին եւ հորդորել մինչեւ հոկտեմբերի 1-ը, երբ օրենքն օրինական ուժ կստանա, արտահերթ նիստ գումարելով այն չեղյալ հայտարարել կամ վերափոխել` հաշվի առնելով նաեւ փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը
Հավաքվածների թիվն այնքան էլ մեծ չէր` նկատի ունենալով, որ երկրում մոտ 40 հազար փոքր ու միջին ձեռնարկատեր կա: Մասնակիցների գերակշիռ մասը Երեւանի փոքր տոնավաճառներից էին: Շատերն իրենց սակավաթիվ լինելը պատճառաբանում էին նրանով, թե որոշ տոնավաճառների, մասնավորապես, Մալաթիայի եւ «Ոսկու աշխարհի» առեւտրականների վրա շուկաների սեփականատերերի ու ղեկավարության ճնշումների պատճառով մարդիկ վախեցել են մասնակցել բողոքի ակցիային:
Մասնավորապես Մալաթիայի տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանը, իբր, առեւտրականներին իսկական «տեռորի» է ենթարկել` սպառնալով, որ եթե մասնակցեն բողոքի ակցիաներին` իրենց տաղավարներից կզրկվեն:
Իսկ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը սպառնալիքներից գործուն քայլերի է անցել` որոշ առեւտրականների պայմանագրերը խզելու գրավոր պահանջներ է ներկայացրել` պատճառաբանելով, թե իրենց առեւտրային տարածքում շինաշխատանքներ են նախատեսվում: Բայց հաջորդ օրը գրավոր պահանջները վերցրել են մարդկանցից՝ ասելով, թե շինաշխատանքները հետաձգվում են, եւ նրանք կարող են շարունակել իրենց բնականոն աշխատանքը:
Մեր այն հարցին, թե ինչ են պատրաստվում անել պարբերաբար ճնշումների ու սպառնալիքների ենթարկվող առեւտրականների շահերը պաշտպանելու համար` «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միություն» ՀԿ-ի նախագահ ՍՏԵՓԱՆ ԱՍԼԱՆՅԱՆՆ ասաց, թե, ցավոք, իրենց հասարակական կազմակերպությունն իրավասու չէ միջամտելու իրավական հարցերին, որոնք վերաբերում են անհատների իրավունքների պաշտպանությանը։ Բացի դրանից, ըստ նրա, որեւէ իրավական գործընթաց սկսելու համար նախ հարկավոր է, որ սպառնալիքների ենթարկվող մարդիկ դիմեն համապատասխան մարմինների: Բայց քանի որ նրանք նախընտրում են լուռ մնալով իրենց աշխատանքը չկորցնել, որեւէ մեկը ի զորու չէ օրինախախտներին պատասխանատվության ենթարկել:
«Մի քանի օր առաջ, երբ մենք գնացել էինք ՄԻՊ գրասենյակ` «Շրջանառության հարկի մասին» մեր դժգոհությունները բանավոր ներկայացնելու համար, մեր մեջ կային մի քանի հոգի, ովքեր անձամբ առեւտրով չեն զբաղվում, բայց եկել էին իրենց հարազատների փոխարեն, քանի որ նրանք վախեցել էին անձամբ ներկա լինել: Այս մասին օմբուդսմենի գրասենյակում արդեն գիտեն, եւ ես կարծում եմ, որ կուսումնասիրեն հարցը եւ կփորձեն փոքր ու միջին ձեռնարկատերերին պաշտպանել շուկաների սեփականատերերի ու ղեկավարության հարձակումներից»,- ասում է ՀԿ-ի նախագահը:
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 1-ից օրինական ուժի մեջ մտնող օրենքին` Ստեփան Ասլանյանը տեղեկացրեց, որ մի քանի տնտեսավարող սուբյեկտներ, որոնց համար որոշ չափով հնարավոր է ապրանքների փաստաթղթավորում իրականացնել, որոշել են վաղօրոք փորձարկել, թե որքանով է հնարավոր աշխատել նոր օրենքով: Նրանք իրենց ապրանքը գույքագրել են եւ փաստաթղթերը ներկայացրել հարկային տեսչություն: Բայց տեսչությունը գրված փաստաթղթերը հետ է տվել` պատճառաբանելով, թե դրանք սխալ են լրացված:
«Օրենքը չի հստակեցնում, թե ինչպես պետք է լրացվեն փաստաթղթերը: Բացի դրանից, մարդիկ այնքան գրագետ չեն, որ կարողանան ճիշտ ընկալել փաստաթղթերի լրացման համար ներկայացվող յուրաքանչյուր պահանջ ու կատարել դրանք: Փաստորեն այդ մարդիկ կա՛մ պետք է հաշվապահական դասընթացների մասնակցեն, կամ էլ հաշվապահ պահեն, որպեսզի ամեն ինչ կարողանան անել ըստ օրենքի պահանջի: Սովորելը իրատեսական չէ, իսկ հաշվապահ պահելն ու վարձավճար տալը առանց այն էլ սուղ ֆինանսական միջոցներ ունեցող առեւտրականների համար հնարավոր չէ»,- իր մտահոգությունն է հայտնում Ստեփան Ասլանյանը:
Իսկ շատ ոլորտների համար էլ, ըստ ՀԿ-ի նախագահի, պարզապես հնարավոր չէ ապրանքի փաստաթղթավորում ապահովել, քանի որ այդ փաստաթղթերը պարզապես չկան:
Մեր այն հարցին, թե ինչու փոքր ու միջին ձեռնարկատերերի կողքին կանգնած չեն խոշոր տնտեսավարողները, որոնց շահերից է բխում, որ այս օրենքը չկիրառվի ՓՄՁ-ների նկատմամբ, Ստեփան Ասլանյանը կեսկատակ-կեսլուրջ ասաց. «Երբ մենք կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էինք անցկացնում, կիսակատակով հայտարարվեց, որ այդ օրը գործարարների համընդհանուր հավաք է Հանրապետության հրապարակում` կառավարության շենքի ներսում խոշոր բիզնեսով զբաղվողներ են, դրսում` մանր ու միջին: Սա նշանակում է, որ ամբողջ խոշոր բիզնեսը կենտրոնացած է այն մարդկանց ձեռքերում, ովքեր հայտարարում են խոշոր տնտեսավարողներին հարկային դաշտ բերելու նպատակադրման մասին: Այսինքն՝ իրենք իրենց դե՞մ են օրենք կիրառում: Զավեշտ է»:
Նա հակված է մտածելու, որ իրականում նոր օրենքը ոչ թե խոշոր տնտեսավարողների դեմ է, այլ նրանց օգտին է, նպատակ ունի երկրում առկա փոքր տնտեսական դաշտն ամբողջությամբ հանձնել խոշոր գործարարներին` այնտեղից դուրս մղելով փոքր ու միջին գործարարներին:
Հիշենք այն ժամանակները, երբ խոշոր սուպերմարկետներ բացելով` «նպաստավոր պայմաններ» ստեղծեցին մանր ու միջին խանութները փակելու, վերացնելու համար: Այժմ առեւտրականները մտավախություն ունեն, որ նույն սցենարով նպատակ են դրել վերացնել առեւտրային շուկաները, փոքր ու միջին խանութները։
Ինչպես նշում է ձեռնարկատեր ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` փոքր ու միջին բոլոր ձեռնարկատերերը բիզնեսով զբաղվելու հնարավորություն ունենալու համար իրենց բնակարաններն են գրավադրել: Հարկային բեռի ավելացումը սպառնում է բոլորին, քանի որ մարդիկ չեն կարողանալու հաշիվ ապրանքագրերը համապատասխանեցնել փաստացի ապրանքի հետ եւ ի վերջո հայտնվելու են ավելացված արժեքի 16,67 տոկոս հարկման դաշտում: Եվ չկարողանալով աշխատել` լուծարվելու են, ինչի հետեւանքով անտունների ու գործազուրկների հոծ բանակ է ստեղծվելու:
«Արդյոք սա՞ է կառավարության տեսլականը, սրա՞ն ենք մենք ձգտում` մեծացնել երկրում աղքատությունը, նպաստել արտագաղթի կտրուկ աճին ու ի վերջո ատելության մթնոլորտ ստեղծել երկրում սեփական կառավարության նկատմամբ: Մինչդեռ ոչ մեկս ցանկություն չունի արտագաղթելու, եւ մեր հողում մնալու, մեր ներուժը հայրենիքին ծառայեցնելու մտահոգությամբ ենք այստեղ»։
Օրենքի սոցիալական վտանգավորության ու այն կիրառելու աննպատակահարմարության մասին խոսում են նաեւ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները, որոնք երեկ փորձեցին աջակցել ՓՄՁ ներկայացուցիչներին` Ազգային ժողովում արտահերթ նիստ գումարելու եւ օրենքը վերանայելու հարցը քննարկելու գործում: Երեկվա դրությամբ քառյակի ղեկավարությունը նախաձեռնել է պատգամավորների 44 ստորագրություն հավաքելու գործը, որի շնորհիվ հավանություն կտրվի թերեւս սեպտեմբերի 30-ին արտահերթ նիստ գումարելու առաջարկին: Այդ մասին քառյակի անդամները տեղեկացրին առեւտրականների հետ ԱԺ շենքի պարիսպների մոտ հանդիպման ժամանակ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հավաստմամբ, արտահերթ նիստը կգումարվի սեպտեմբերի 30-ին, քանի որ իրենք այլեւս ժամանակ չունեն, եւ պետք է շատ շտապ արտահերթ ռեժիմով նիստի գումարումը կազմակերպել, այլապես հոկտեմբերի 1-ից, երբ այն ուժի մեջ մտնի, դժվար կլինի օրենքի դեմ որեւէ բան ձեռնարկել:
Պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ արտահերթ նիստում նախեւառաջ քննարկելու են «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքը կամավորության սկզբունքով ներդնելու հարցը, ինչը պահանջում են նաեւ փոքր ու միջին ձեռնարկատերերի շահերը պաշտպանող կազմակերպությունները: Դա նշանակում է, որ այն տնտեսավարող սուբյեկտները, ովքեր կցանկանան աշխատել մեկ տոկոս հարկով եւ փաստաթղթավորումով, իրենց կամավոր ընտրությամբ կանցնեն հարկման այդ դաշտ, իսկ ովքեր չեն ցանկանա նոր օրենքով աշխատել` կենթարկվեն այսօր գործող օրենքին` որպես հարկ վճարելով ապրանքաշրջանառության 3,5 տոկոսը եւ չեն փաստաթղթավորի իրենց ապրանքը:
ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ առեւտրականների հետ հանդիպման ժամանակ նրանց հիշեցրեց, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի արդյունավետ գործունեության համար պայմանների ապահովումը ներառված է իրենց 12 կետերում: Դրանցում կան նաեւ հարցեր, որոնք պակաս կարեւոր չեն, քան շրջանառության հարկի մասին օրենքը կամավորության սկզբունքով կիրառելը: Եվ եթե հաջողվի արտահերթ նիստ գումարել եւ խնդիրն օրակարգային դարձնել, կբարձրացվեն նաեւ այդ հարցերը։
«Առաջին հարցը, որ պետք է քննարկման դրվի, հետեւյալն է` շրջանառության հարկը 150 մլն դարձնելու դեպքում մենք պետք է կիրառենք կամ առաջարկենք, որ կիրառվի պրոգրեսիվ համակարգը: Այսինքն` 200 մլն շրջանառություն ունեցողը 150 մլն-ի համար շրջանառության հարկ վճարի դրույքաչափով, իսկ 50 մլն-ի նկատմամբ կիրառվի ստանդարտ հարկային ռեժիմ:
Երկրորդը նվազագույն շեմ սահմանելն է, որը թույլ կտա, որ մարդիկ առանց փաստաթղթավորման կարողանան իրենց առեւտուրը կազմակերպել` հաստատագրված հարկ վճարելով: Դրանից ածանցվող նաեւ տույժ-տուգանքի չափերը պետք է տարբերակված լինեն: Այնպես չլինի, որ մի գրիչը ցույց չտալու դեպքում առեւտրականը ենթարկվի այն նույն պատասխանատվության, ինչ մի հսկայական մեքենա ստվերում պահելու դեպքում»,- նշեց Ա.Մինասյանը։
Այսօր առեւտրականները նորից հավաքվելու են Ազգային ժողովի դիմաց, որպեսզի իրենց ձայնը հասցնեն պատգամավորներին:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












