ԽՈԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Սեպտեմբերի 30-ին՝ երեքշաբթի օրը, ժ.18:30-ին, Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի ունեցավ խոկման արարողություն:
Խոկման թեման ապաշխարության կարևորության մասին էր: Քարոզի ընթացքում «Հավատամք» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը մանրամասնեց, թե ինչ է ապաշխարությունը, ընդգծելով, որ այն Հայ եկեղեցու յոթ խորհուրդներից մեկն է։ Ներկաներին Հոգևոր հովիվը բացատրեց, որ ապաշխարել` նշանակում է զղջալ կատարած հանցանքի, սխալի համար և մեղքը քավել։ Այն կոչվում է նաև խոստովանանք։ Ապաշխարությունն արդարության և մաքրության խորհուրդն է, որով մեղավորին` իր ճշմարիտ ու գիտակից զղջումով և անկեղծ խոստովանությամբ, մեղքերի թողություն է շնորհվում։ Տեր Հայրը կարևորեց նաև այն փաստը, որ եկեղեցի հենց այնպես չպետք է գալ, այլ հավատով և ապաշխարությամբ պետք է մտնել Աստծո Տուն…
Արարողության ավարտին` մասնակիցները համատեղ աղոթեցին հիվանդների մարմնավոր և հոգևոր առողջության, բոլորի մեղքերը ներելու համար:












