Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Եթե Էրդողանը չգա Երեւան, պարտվում է, եթե գա՝ դարձյալ պարտվում է

Սեպտեմբեր 2, 2014թ. 20:39

Հարցազրույց թուրքագետ ԱՐՏԱԿ ՇԱՔԱՐՅԱՆԻ հետ

-Թուրքիայի քաղաքական համակարգը, մտածողությունը հակահայկական է: Նույնպիսին է մշտապես եղել Էրդողան-Դավութօղլու զույգի քաղաքականությունը: Սա իմանալով արժե՞ նախագահական ընտրություններից հետո այդ երկրի քաղաքականության մեջ Հայաստանի հարցում փոփոխություն ակնկալել:

-Միանգամից ասեմ՝ արմատական որեւէ փոփոխություն հայկական հարցում չի սպասվում։ Դա ակնհայտորեն երեւում է նրանց հայտարարություններից: Հնարավոր է, որ «մակյաժային» ինչ-որ փոփոխություններ արվեն, ինչպես արեց այս տարվա ապրիլի 23-ին Էրդողանը՝ հանդես գալով հայտնի նամակով, հնարավոր է մի քիչ ավելի մեղմ տոնայնություն լինի նրանց կողմից, բայց ոչ ավելին:
Հիշում եք, հայ-թուրքական գործընթացը, որը ենթադրում էր ոչ թե հարաբերությունների բարելավում, այլ գոնե ինչ-որ խելամիտ համագործակցություն, մինչդեռ չստացվեց: Շատ բան է ասում նաեւ այն, որ Թուրքիայի ԱԳ նախարար է նշանակվել ազգայնական հայացքներով հայտնի Չավուշօղլուն, որի գործունեությանն արդեն իսկ ծանոթ ենք. նա որքան ադրբեջանամետ է, նույնքան ընդգծված հակահայ է:

-Ի դեպ, Չավուշօղլուն ԱԳ նախարար նշանակվելուն պես իր առաջին հարցազրույցով արդեն իսկ հայտարարել էր. «Մտացածին Հայոց ցեղասպանության դեմ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին է պայքարելու»:

-Նրա այս խոսքը դարձյալ վկայում է հենց իր հակահայկական կողմնորոշման մասին: Ու եթե նման անձնավորությունը նշանակվում է երկրի արտաքին գործերի նախարար, ապա հետայսու Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առավել ցցուն կդառնա հակահայկական կեցվածքը:

-«Զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը ձախողած նախկին ԱԳ նախարար Դավութօղլուն այսօր որպես երկրի վարչապետ հայտարարում է՝ Թուրքիան դարձնելու է Մերձավոր Արեւելքում առաջնորդ երկիր, համաշխարհային նշանակության ուժի տեր պետություն, որի շուրջ կհամախմբվի իսլամական ողջ մշակույթը: Պանթուրքիզմի գաղափարախոսության իրականացման հետ գործ ունե՞նք:

-Դավութօղլուն, ինչպես նաեւ Էրդողանը, այնքան էլ պանթուրքիզմի գաղափարախոսներ չեն, եւ նրանք ոչ թե ազգայնականությունը, այլ իսլամի գործոնն են դնում Թուրքիայի ապագա հզորության հիմքում: Այդ իմաստով, նույնիսկ փորձում են պայքարել ազգայնականների դեմ:
Իսկ Դավութօղլուի նման բովանդակությամբ հայտարարությունը նորություն չէ: Որպես վարչապետ նա կշարունակի իր գաղափարախոսությունն ու ամեն ինչ կանի, որպեսզի Թուրքիան, որն այսօր զարգացած պետությունների շարքում գրավում է 16-րդ տեղը, այսուհետ հայտնվի առաջին տասնյակում: Հետեւաբար վարվող քաղաքականության մեջ առավել կշեշտադրեն տնտեսական հարցերը, կփորձեն լուծել ներքաղաքական խնդիրները:
Ի դեպ, Թուրքիայի՝ ուժի պետություն լինելը Դավութօղլուն պայմանավորում է Էրդողանի հզոր նախագահ լինելով:

-Հայաստանում ակտիվորեն քննարկվեց Էրդողանի երդմնակալությանը ԱԳ նախարար Է. Նալբանդյանի մասնակցության հարցը, թերեւս մինչեւ ապրիլ մամուլի էջերից չի իջնի նաեւ Էրդողանի Հայաստան գալ-չգալու հարցը, ու կանտեսվի ամենակարեւորը՝ ո՞րն է մեր ռազմավարությունը, մեր քայլերի նպատակը, իրավիճա՞կ ենք ուզում փոխել:

-Կարծում եմ, որ մեր ներկայիս ռազմավարությունն է հնարավորինս արգելակել 2015-ին ընդառաջ Թուրքիայի շոուները եւ աշխարհին ցույց տալ, որ Թուրքիայի արտաքուստ դրական քայլերը իրականում իմիտացիա են:
Էրդողանին ուղղված Հայաստանի նախագահի պաշտոնական հրավերը՝ 2015 թ. ապրիլի 24-ին ներկա գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը, եւս ցույց է տալիս, որ Հայաստանն ընդառաջ քայլ արեց ու հրավիրեց Էրդողանին: Եվ եթե Թուրքիան անկեղծորեն ուզում է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները՝ պետք է ապրիլի 24-ին գա Երեւան:
Կարծում եմ, որ նախարարի մակարդակով ՀՀ նախագահի նամակը հանձնելով Էրդողանին՝ միջազգային մամուլի միջոցով մեկ անգամ եւս շեշտադրեցինք, որ Հայաստանը դրական քայլ արեց: Ու այժմ բոլորը սպասում են Թուրքիայի պատասխան քայլին: Սակայն վերլուծաբաններն ինչպիսի ենթադրություններ էլ որ անեն, դրանք կլինեն սին: Պետք է սպասել: Ապրիլի 25-ին միայն կարող ենք տալ Հայաստանի նախաձեռնության հստակ գնահատականը:
Վերստին դառնալով մեր ռազմավարությանը, պետք է իմ մտահոգությունը հայտնեմ հետեւյալի առնչությամբ: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, ընդամենը երկու, երեք տարի առաջ սկսեցինք նախապատրաստվել, մինչդեռ նման մեծ գործընթացի համակարգումը պետք է ավելի վաղ սկսեինք, եւ որ ամենակարեւորն է, ավելի շատ փող ներդնեինք:

-Իսկ ի՞նչ կտա մեզ ապրիլի 24-ին Էրդողանի ժամանումը Երեւան: Եվ ընդհանրապես նման այցե՞րն են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը տանող ճանապարհը:

-Եթե Էրդողանը գա եւ լուռումունջ ծաղկեպսակ դնի Ծիծեռնակաբերդում ու գնա, դա կարելի է ընդունել, ապա եւ հայտարարել, որ Թուրքիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, քանի որ իր այցն ինքնին կվկայի ճանաչման մասին: Ահա թե ինչու շատերն այն կարծիքին են, որ Թուրքիան հայտնվել է ցուգցվանգի մեջ. եթե Էրդողանը չգա Երեւան, պարտվում է, եթե գա՝ դարձյալ պարտվում է: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի նախագահի պաշտոնական հրավերը արվեց հենց այդ հաշվարկով:

-Ոմանց կարծիքով, Հայաստանը քայլեր է ձեռնարկում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, նաեւ սառեցված ցյուրիխյան արձանագրությունները օրակարգ մտցնելու ուղղությամբ:

-Գիտեք, եթե անգամ մենք իրապես չենք ուզում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կամ ցյուրիխյան արձանագրությունների վերակենդանացում, միեւնույն է ամբողջ աշխարհին պետք է ցույց տալ, որ պաշտոնական Երեւանը պատրաստ է Թուրքիայի հետ խելամիտ հարաբերությունների հաստատման, եւ ցեղասպան Թուրքիան է, որ մեզ հետ չհաստատելով հարաբերություններ՝ վերահաստատում է իր մեղքը:
Մենք նաեւ աշխարհին պետք է ասենք՝ ճնշում գործադրիր Թուրքիայի վրա հայ-թուրքական սահմանը բացելու համար: Այլ բան է նաեւ, թե մենք որքանո՞վ ենք պատրաստ սահմանի բացմանը:

-Հայտնի է, որ հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիային հետաքրքրում է ոչ թե բովանդակությունը, այլ ձեւը: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան կշարունակի տպավորություն ստեղծել, թե որպես ժողովրդավար երկիր ընդունում է իր սխալները, կիսատ-պռատ մեղայական կգա՝ ցավը համարելով ամենքինը:

-Իհարկե, կլինի այն, ինչ նշեցիք, բայց այդ ամենը թուրքերը կանեն առավել խելամտորեն, ու այդ առումով, այո, կարելի է ասել, որ փոխվել է իրենց մարտավարությունը, բովանդակությունը մնացել է նույնը: Եթե 90-ականներին Թուրքիան միանշանակորեն մերժում էր Հայոց ցեղասպանությունը, համարում, որ ցեղասպանություն չի եղել, սուտ է, ապա հիմա Էրդողանն ու իր համախոհներն ասում են՝ ինչ-որ մի բան եղել է, բայց թուրքերի հետ էլ է եղել, մենք բոլորս ցավում ենք դրա համար:
Փորձում են մեսիջների շեշտադրության մեջ ինչ-որ բան փոխել, ավելի փափուկ խոսել: Դա է պատճառը, որ ոմանք մեզանում շտապում են եզրակացնել, թե Թուրքիան փոխվել է: Նման բան չկա, «փոխվածներն» ընդամենը Ստամբուլում մի 200 հոգի են, իսկ Թուրքիայի ճնշող մեծամասնությունը հակահայ է, որն էլ դեմ է Հայաստանի հետ ցանկացած հարաբերությունների հաստատման:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն