Գլխավոր » Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ՊՈՒՏԻՆԸ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԱՆԻ, եԹԵ…

Սեպտեմբեր 3, 2014թ. 20:46

Եթե հարթեցրած չլինեին կնճռոտ հարցերը

Հարցազրույց քաղաքագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ

-Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրեց ստորագրել Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը։ Սակայն հարցը վերջնական լուծում կստանա, երբ կստորագրեն նաեւ Հայաստանի անդամակցության շուրջ ժամանակին իրենց վերապահումներն արտահայտած Ղազախստանն ու Բելառուսը: Կհետեւե՞ն երկու երկրները ՌԴ օրինակին, թե՞ դարձյալ գլուխ կբարձրացնեն հայտնի շահեր:

-ՌԴ նախագահը Հայաստանի անդամակցման մասին կարգադրություն չէր անի, եթե կուլիսների հետեւում Ղազախստանի ու Բելառուսի, նաեւ Հայաստանի ղեկավարության հետ հարթեցրած չլիներ այն բոլոր կնճռոտ հարցերը, որոնք ի հայտ եկան նախորդ գագաթաժողովում:
Իսկ Հայաստանի համար հիմնական խնդիրը Ղարաբաղի ու Հայաստանի միջեւ մաքսային սահմանի հարցն էր, ինչի մասին ասաց Նազարբաեւը: Թերեւս ԵՏՄ հիմնադիր անդամների նախագահները Ալիեւի հետ պայմանավորվել էին բարձրացնել այդ քաղաքական հարցը, բայց հենց Նազարբաեւն էլ մատնանշեց լուծման ուղին, այն է՝ Հայաստանը, ինչպիսի սահմաններով անդամակցել է ԱՀԿ-ին, նույն կերպ կարող է անդամակցել ԵՏՄ-ին: Եվ այդպես էլ կլինի:

-Բայց Նազարբաեւը իր հայտնի պահվածքով նաեւ ապացուցեց, որ Հայաստանի եվրասիական ինտեգրացիոն գործընթացում խաղալու է Ալիեւի խաղը ու պաշտպանելու Ադրբեջանի շահը: Նույն խաղը կարո՞ղ է շարունակվել նաեւ այս կարեւոր վճռորոշ փուլում:

-Քաղաքականությունը ինչ-որ չափով, եթե ոչ ամբողջովին, մեծ առեւտուր է, ու եթե Նազարբաեւը Ադրբեջանի շահերն է պաշտպանում, ապա Ռուսաստանը, որ Հայաստանի անդամակցման հարցում ամենաշահագրգիռ երկիրն է, Ղազախստանի ու նաեւ Բելառուսի նախագահների առաջ կարող է այսպիսի հարց բարձրացնել. մենք հաճախ արտահայտում ենք Ադրբեջանի շահերը, իսկ դրա դիմաց ի՞նչ քայլեր է անում նույն Ադրբեջանը:
Հիշենք, որ վերջին ամիսներին Ռուսաստանը որոշակի ջանքեր էր գործադրում Ադրբեջանի դիրքորոշումը ԵՏՄ-ի հարցում որոշակիացնելու համար: Բայց Ադրբեջանը այդպես էլ հստակ դիրքորոշում չարտահայտեց: Հետեւաբար Նազարբաեւի նկրտումները արդիական կլինեն այն դեպքում, եթե Ադրբեջանը այս ընթացքում հստակ նշաններ ցույց տար, որ ձգտում է ԵՏՄ անդամակցության: Բայց քանի որ դա չկա, ուրեմն Աստանայի հայտնի հայտարարությունից հեռու ոչ ոք չի գնա:

-ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցման հարցը Ալիեւը փորձեց որպես խաղաքարտ օգտագործել ու Ռուսաստանից, Ղարաբաղյան հարցում, ինչ-որ խոստումներ կորզել: Սակայն դա տեղի չունեցավ: Այսօր այլեւս փակվա՞ծ են ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցման մասին խոսակցությունները:

-Այո: Իսկ ակնկալիքները երկկողմանի էին. նախ` Ադրբեջանի առաջ ԵՏՄ-ին անդամակցման հարց էր դրվել, դա էին վկայում նաեւ այն ռեվերանսները, որ արվում էին ՌԴ ղեկավարության կողմից: Գործընթացին միջնորդավորված մասնակցում էր Նազարբաեւը, թերեւս Լուկաշենկոն:
Մյուս կողմից էլ Ադրբեջանը Ռուսաստանից ակնկալիքներ ուներ, օգոստոսյան սրացումները նաեւ դրանով էին պայմանավորված, բայց չստացավ: Հետեւաբար դադարեցին խոսակցությունները Ադրբեջանի անդամակցման մասին, ու արագ առաջին պլան մղվեց Հայաստանի անդամակցության հարցը, ինչն այլեւս չէր կարող երկարաձգվել, քանի որ Ռուսաստանի համար շատ կարեւոր է մեր երկրի անդամակցումը այդ կառույցին:
Ի դեպ, Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին կարող էր շատ ավելի վաղ կայանալ, բայց երբ սրվեցին Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները, ԵՏՄ-ի ստեղծման հարցը Ռուսաստանի համար մի պահ մղվեց երկրորդ պլան: Իսկ հանուն Հայաստանի արագ անդամակցման՝ Ռուսաստանը չկամեցավ սրել իր հարաբերությունները Ղազախստանի եւ Բելառուսի հետ ու գերադասեց սառեցնել թե՛ Հայաստանի, թե՛ Ղրղըզստանի անդամակցման հարցը:

-Նախօրեին Նազարբաեւը հերթական անգամ սպառնաց, թե Ղազախստանը կարող է հրաժարվել ԵՏՄ անդամակցությունից, եթե չկատարվեն այն կանոնները, որոնք նախկինում հաստատվել էին պայմանագրում: Ի՞նչն է Նազարբաեւի նյարդայնացման պատճառը, գուցե Պուտինի կողմից պատմական իրողության մասին արված հիշեցո՞ւմը, թե՝ «Նազարբաեւը ստեղծել է պետություն մի տարածքում, որտեղ պետություն երբեք չի եղել»:

-Նազարբաեւը փորձում է օգտվել Ռուսաստանի դիվանագիտական զուսպ պահվածքից ու խաղալ սեփական խաղը, ինչ-որ ոլորտներում էլ դոմինանտ դեր ստանձնել: Օրինակ, ուկրաինական զարգացումների շուրջ Նազարբաեւի ոչ հստակ դիրքորոշումներն ինչ-որ չափով վրդովեցրել են Ռուսաստանին: Հակառակ դեպքում Պուտինի նման փորձառու քաղաքական գործիչը հենց այնպես, լեզվի սայթաքման հետեւանքով նման միտք չէր ասի Ղազախստանի մասին:
Առաջին հայացքից թվում է, թե բացասական բան չի ասվել, հակառակը, Պուտինը Նազարբաեւին բարձրացնում է, ասելով՝ նրա նման մեծ գործիչը կարողացել է ոչնչից պետություն ստեղծել: Բայց աչքի առաջ ունենալով Ուկրաինայի փորձը՝ Նազարբաեւը լուրջ տագնապ ապրեց ՌԴ նախագահի շուրթերից լսելով, թե Ղազախստանը որպես պետություն չի եղել, քանի որ դրանից անմիջապես կարող է հարց ծագել, եթե չի եղել, ուրեմն ո՞ւմ են պատկանում այդ հողերը:

-Տեղական արեւմտամետները, հաճախ մոռանալով ԵՄ անդամ երկրների միջեւ գոյություն ունեցող հակասությունների մասին, չեն դադարում կանխատեսելուց, թե ԵՏՄ հիմնադիր երկրների մեջ եղած լուրջ հակասությունները թույլ չեն տա, որ այդ միությունը ստեղծվի ու կայանա: Հիմնավո՞ր են նման ենթադրությունները, թե՞ դա ընդամենը Արեւմուտքի ցանկությունն է:

-Ճիշտ նկատեցիք, Եվրամիությունը ինքն իրենով մի հսկայական խնդիրներ ունեցող միություն է: Եվ դրա ապացույցն է այն, որ ԵՄ անդամ երկրները պարբերաբար հայտնվում են խորը ճգնաժամի մեջ:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, այստեղ էլ կան հակասություններ, եւ դա պայմանավորված է հետեւյալ հանգամանքով: Ռուսաստանի նպատակը աշխարհաքաղաքական միության ստեղծումն է, որով հնարավոր կլինի հակակշիռ լինել ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ ԵՄ-ին:
Սակայն Ղազախստանն ու Բելառուսը ԵՏՄ-ն ուզում են տեսնել որպես տնտեսական կառույց, ուր կարող են հետապնդել իրենց տնտեսական շահերը: Ահա այստեցից էլ սրվում են հակասությունները, քանի որ հանուն ՌԴ քաղաքական շահերի՝ Ղազախստանն ու Բելառուսը չեն ուզում դիմել մեծ զիջումների: Իսկ գնալու դեպքում ուզում են տնտեսական լուրջ դիվիդենտներ վաստակել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն