ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՃԻՇՏ ՄԱՆԵՎՐԵԼ
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ
-ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռասմուսենը այս գագաթաժողովը համարեց դաշինքի պատմության մեջ ամենավճռորոշը, ասելով՝ «նպատակ ունենք լուծել փոփոխվող աշխարհի նետած մարտահրավերները»: Իսկ այդ ճանապարհի առաջին քայլը կարող է լինել ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումը Արեւելյան Եվրոպայի նոր ռազմակայաններում, որը, գլխավոր քարտուղարի խոսքով՝ մերձբալթյան երկրները ռուսական սպառնալիքից զերծ պահելու նպատակ ունի: Կարծում եք, Ռուսաստանի կողմից նման վտանգ կա՞, թե՞ սա պատրվակ է ՆԱՏՕ-ի համար առավել «մերձենալու» Ռուսաստանի սահմաններին:
-Ռուսաստանում, Պուտինի գլխավորությամբ, ձեւավորվել է ռազմաքաղաքական էլիտա, որը հայտ է ներկայացրել ռուսական ուժային բեւեռ կայացնել: ՆԱՏՕ-ն ուզի թե չուզի, այդ բեւեռը կայանալու է, անկասելի է նրա ընթացքը, որովհետեւ պուտինյան բարեփոխումների շնորհիվ Ռուսաստանը կայուն երկիր է դարձել եւ կուտակել ահռելի ռեսուրս՝ ֆինանսական, ռազմական, գիտատեխնիկական:
Եվ ահա ռուսական այդ բեւեռի դեմ իր ուժերն է մոբիլիզացնում Արեւմուտքը: Պատկերավոր ասած՝ փիղը մտել է ապակեպատ մի սենյակ, եւ նրա մուտքից ապակիները սկսել են փշրվել, որովհետեւ ուզում է այդ տարածքում կայանալ:
Արեւմուտքը հարայ-հրոց է բարձրացրել, որպեսզի իր ձեռքում պահի եվրոպական հատվածը՝ Ուկրաինայով հանդերձ: Դա Բժեզինսկու թեզն է. եթե Ուկրաինան չլինի ռուսական, կկասեցվի Ռուսաստանի հզորացումը: Բայց եկեք լինենք օբյեկտիվ. կա ամերիկյան ուժային կենտրոն, իսկ ինչո՞ւ չպետք է լինի ռուսականը, մանավանդ երբ կա ներուժ, կա պատմական նախադեպ, Ռուսաստանն իր պատմության ընթացքում մշտապես եղել է ուժային կենտրոն, ուրեմն այդ երկիրն ընդամենը վերադառնում է իր «արմատներին»:
Մի կարեւոր ընդգծում անեմ. աղետալի կլինի, եթե հանկարծ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը ԽՍՀՄ ղեկավարության պես, ճիշտ չգնահատի սեփական ներուժը, հանկարծ սկսի գերագնահատել իր հզորությունը: Չսխալվել փորձագիտական գնահատականներում. սա պետք է լինի ռուսների ուշադրության կենտրոնում, հակառակ դեպքում տանուլ են տալու:
Ի դեպ, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ի այս գագաթաժողովը, ինչպես Ռասմուսենն է ասել, ամենավճռորոշն է: Այդ շեշտադրման մեջ կա հստակ քարոզչություն՝ այն խիստ կարեւորելու հեռահար նպատակադրում, որն ուղղված է ռուսական ազդեցության գոտում գտնվող հակառուսական ուժերին: Արեւմուտքը տեղական արեւմտամետների ձեռքով փորձում է այդ երկրներում սրել ներքին հակասությունները: Բայց Արեւմուտքում լավ չեն հաշվարկել, որ ո՛չ Ռուսաստանում, ո՛չ Հայաստանում չկան ազդեցիկ «դեմոկրատներ»:
-Խոսենք գագաթաժողովին Հայաստանի մասնակցության մասին: Մոտեցումները երկուսն են. Ռուսաստանը կարող է խանդով ընդունել ռազմավարական գործընկեր Հայաստանի մասնակցությունը, բայց, մյուս կողմից, առանց այն էլ երկկողմ շրջափակման մեջ գտնվող Հայաստանը իրավունք չունի իր վրա կրել ռուսական պատժամիջոցների բացասական ազդեցությունը:
-Անշուշտ, ճիշտը երկրորդ մոտեցումն է: Եվ այս առումով չափազանց կարեւորում եմ նախագահ Ս.Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:
Գագաթաժողովին Սերժ Սարգսյանի մասնակցությունը իմ երկիրը վիրավորողներին ուղղված հստակ պատասխան էր. Արեւմուտքին ծառայող ողորմելիներ, դուք նաեւ տգե՛տ եք ու այս անգամ դարձյալ սխալվեցիք: Սրանք են, որ առաջ են մղում պետականադավ մտքեր, խոսում երկրի ճորտության մասին, երբ հենց իրենք են օտարի ճորտը:
Ես մեկ այլ մտավախություն էլ ունեմ, որ վաղը հանկարծ կարող են ի հայտ գալ ռուսական կերակրատաշտից սնվողներ ու իրենց հերթին ոռնալ, թե ինչո՞ւ եք առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման քայլեր անում: Արեւմտամետ ու ռուսամետ կոչվողները մեր պետության թշնամիներն են: Իսկ այս վտանգավոր իրավիճակներում չենք սխալվի մեր քաղաքական ուղեծրում, եթե հայ քաղաքական գործիչը լինի հայամետ ու իր գործունեությամբ հայաստանակենտրոն: Միայն այդ դեպքում ճիշտ լուծումներն ինքնըստինքյան կգտնվեն:
Հիմա Հայաստանն իր հնարավորությունների շրջանակում կարողանում է ճիշտ մանեւրել: Արեւմտյան մանկլավիկները խոսում են Հայաստանի կցորդ լինելու մասին այն դեպքում, երբ մեր երկիրն իր քայլերում ազատ է ե՛ւ Թուրքիայի, ե՛ւ Արեւմուտքի հետ հարաբերություններում, ու բոլոր ուղղություններով փորձում է իրացնել ազգային շահը:
Ասեմ ավելին, Արեւմուտք-Արեւելք լարվածության մեջ Հայաստանը կարող է լինել համագործակցության պատուհան, հարաբերությունների կարգավորմանը նպաստող հարթակ, ինչի մասին Երեւանում հայտարարեց նաեւ Օլանդը: Կարծում եմ, սա լսեց ու ընկալեց թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը:
-Ի՞նչ նպատակ է հետապնդում նման մտքերի շրջանառումը, թե՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում չի շրջանցվի ռուսական ռազմակայաններ ունեցող Հայաստանը:
-Սա թուրքական փորացավն է, պարզ չէ՞, եթե ռուսական ռազմակայանները Հայաստանից դուրս են բերվում, խոցելի է դառնում մեր երկրի անվտանգությունը: Եթե նման մտքեր շրջանառում է հայաստանյան մամուլը, ուրեմն ճշտեք, թե ո՞վ է դրանց հովանավորը: Այդպիսիք Թուրքիայի շահերի սպասարկուներն են:
Հարց եմ ուղղում նրանց. իսկ Արեւմուտքը մեզ տալի՞ս է անվտանգության երաշխիքներ, որ Հայաստանում կտեղադրի ռազմակայան, մեզ որակյալ զենք կմատակարարի ցածր գներով, հաճախ էլ՝ անվճար: Կանի՞: Նման խոստում չեմ լսել: Ուրեմն նա, ով խոսում է Հայաստանում ռուսական ռազմակայանների դեմ, Հայաստան պետության թշնամին է:
-Թուրքիայի նախագահ Էրդողանը Բաքվում, թերեւս Ալիեւի ներկայությունից ոգեւորված, հայտարարեց՝ ԼՂ խնդիրը կներառվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգում: Հիշենք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բազմիցս է հայտարարել, որ Արցախյան հիմնախնդիրը ՆԱՏՕ-ի հետ որեւէ կապ չունի, բայց, հաշվի առնելով աշխարհաքաղաքական նոր զարգացումները, այնուհանդերձ հնարավո՞ր է, որ դաշինքը որոշի միջամտել:
-Նախ՝ Էրդողանն այս հայտարարությամբ ապացուցեց, որ Թուրքիայի նպատակը մնում է անփոփոխ. դա Հայաստանի վերջնական ոչնչացումն է: Բնականաբար թուրքերը կուզենան իրենց նպատակին ծառայեցնել բոլորին՝ ե՛ւ հայ արեւմտամետներին, ե՛ւ միջազգային կառույցների, նաեւ ՆԱՏՕ-ին:
Բայց դաշինքի երկրներն այնքան խոհեմություն ունեն, որ Հայաստանի տարածքով չեն փորձի խցկվել Ռուսաստանի ռազմաքաղաքական ազդեցությունների գոտի: Դա Հայաստանի համար կարող է լինել մահացու վտանգ, ու մենք չենք կարող նման բան թույլ տալ: Ոչ ոք, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն, չի կարող միջամտել Արցախյան հիմնախնդրին: Իբրեւ ոսկե միջին, կա ու գործում է Մինսկի ձեւաչափը, որը ընդունելի է թե՛ Արեւմուտքի, թե՛ Ռուսաստանի համար, այլ միջամտություններ չեն կարող լինել:












