Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«ՔԱՌՅԱԿԸ» ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ «ԵՌՅԱԿ», ԳՈՒՑԵԵՎ «ԵՐԿՅԱԿ»

Սեպտեմբեր 7, 2014թ. 21:01

Խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը պարզ դարձավ՝ ընդդիմադիր քառյակը թեժ քաղաքական աշուն բորբոքելու ու քաղաքական մեծամասնության աշունը հարամելու որեւէ նպատակ չունի: Ահա թե ինչու խորհրդարանական նստաշրջանի բացումն էլ սպասվածից մեղմ էր ու «թավշյա», քանզի այդպիսին էին ընդդիմադիրների հարցադրումները:
«Բարգավաճ Հայաստանը», օրինակ, առաջին օրը բարձրացրեց հանրային ծառայության համարանիշների հարցը, ՀԱԿ-ը իր արմատական «հոխորտանքից» հրաժարված՝ Դաշնակցությանն ու քաղաքական մեծամասնությանն առաջարկեց նիստ գումարել արտագաղթի պատճառների շուրջ խոսելու համար։
«Ժառանգությունը», ինչպես միշտ, պտտեցրեց իր ամենամյա սկավառակը հայ-թուրքական արձանագրություններից հրաժարվելու մասին: Իսկ ընդդիմության շարքերը վերջերս համալրած «Օրինաց երկիրը» գերկարեւորեց գետնախնձորի ներկրման հարցը:
Ահա այսպես, հանդարտ ու անվրդով սկսվեց խորհրդարանական աշնան առաջին օրը:
Փոխարենը, թեժ է վիճակը հենց «քառյակի» ներսում. չորս ուժերի միջեւ առավել խորացել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ եղած տարաձայնությունները: Եվ այդ լարվածությունն է, որ սպառնում է քառյակի պառակտմանը:
Դաշնակցականները նախօրեին արդեն իսկ հասցրել էին դժգոհել, նաեւ ակնարկել, թե ընդդիմադիր դաշտում կուսակցություններ կան, որ չեն ընդունում ՀՅԴ-ի յոթ կետերը, մերժում են սահմանադրության փոփոխությանն ու կառավարման խորհրդարանական մոդելին անցնելու գաղափարը, մինչդեռ ասում են՝ եկեք իրար հետ սերտորեն համագործակցենք միայն նրա համար, որ ընդդիմություն ենք:
Այս մոտեցումը անհասկանալի ու անտրամաբանական համարելով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարց է տալիս. «Սերտ համագործակցենք, որ ի՞նչ անենք, համագործակցենք, որ հետո էլ ձեզնից մեկը գա, դառնա նախագահ, ու մենք հիմա էլ իրենից պահանջե՞նք անցնել խորհրդարանական համակարգի»:
Փաստորեն ստեղծվել է մի վիճակ, երբ սահմանադրական բարեփոխումների հարցում ընդդիմադիր քառյակի ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի եւ իշխող քաղաքական մեծամասնության դիրքորոշումներն ակնհայտորեն համընկնում են: Դրանից ամենեւին չսրտնեղելով՝ ՀՅԴ-ն, հակառակը, երկրի ապագայով մտահոգ քաղաքական ուժին վայել կեցվածքով, հայտարարում է՝ հարկ է անցնել գործի, քանզի ստեղծվել է բարենպաստ դաշտ, եւ ՀՅԴ-ն պահը չի կորցնելու ու կյանքի է կոչելու իր համար սկզբունքային համարվող այս բարեփոխումը, ինչի մասին խոսել է տարիներ շարունակ:
Ներկայացնելով գործող համակարգի բացերը՝ Ա. Ռուստամյանը նկատեց, թե այն քաղաքական ուժերը, որոնք համակարգի մեջ են՝ գոհ են իրավիճակից, իսկ երբ այլեւս դադարում են լինել իշխանություն ու հայտնվում են համակարգի հարվածների տակ, միայն այդ պահին է, որ սկսում են դժգոհել համակարգային բացերից: Ահա թե ինչն է պատճառը, որ առաջին նախագահը դժգոհում է երկրորդից, երկրորդը՝ առաջինից ու երրորդից:
Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր քաղաքական թիմը այս համակարգից սկսեցին նեղսրտել միայն այն ժամանակ, երբ այլեւս իշխանություն չէին, դժգոհեցին ու մոռացան, որ ներկայիս համակարգի կնքահայրը հենց իրենք են եղել: Մինչդեռ քաղաքական հասունությունը պահանջում է, որ կուսակցությունները վեր կանգնեն իրենց շահերից, գիտակցեն մի պարզ բան՝ երկիրը պետք է տանել ոչ թե այն ուղղությամբ, որից կշահի որեւէ անձ կամ կուսակցություն, այլ միայն պետությունն ու ժողովուրդը:
Բնականաբար այս հարցում կարեւոր դերակատարում ունեն քաղաքական ուժերը, այդ թվում եւ իրեն «խաղի կանոններ թելադրող» հռչակած խորհրդարանական «քառյակը»:
Սակայն, պարզվում է, ՀՅԴ-ից բացի մյուս երեքը ոչ միայն խուսափում են սահմանադրական բարեփոխումերի շուրջ քաղաքական լուրջ բանավեճերից, այլեւ անգամ որեւէ հարց չեն ուզում լսել այդ մասին: Դրանում համոզվեցինք ինքներս. սահմանադրական բարեփոխման անունը լսելուն պես ԲՀԿ-ականներ Վահե Հովհաննիսյանը հնարավորինս արագացրեց քայլերը դեպի սեփական աշխատասենյակ՝ փակվելով դռների հետեւում, իսկ Ստեփան Մարգարյանը կարճ արձագանքեց. «Մենք չենք պատասխանում»:
Եվ սա այն քաղաքական ուժն է, որը 2012-ին համոզված էր, որ քաղաքական մենաշնորհի վերացման, պատասխանատվության զգալի բարձրացման, արատավոր երեւույթները մեկընդմիշտ լուծելու համար պետք է գնալ սահմանադրական բարփոխման ու կառավարման խորհրդարանական համակարգի ներդրման ճանապարհով: Այսօր սակայն հայտարարում է. «Մենք դրան դեմ ենք»:
Ինչու՞: Սա քաղաքական ինչ-ինչ հաշվարկներով պայմանավորված մոռացկոտությո՞ւն է, սեփական սկզբունքներից հետնահա՞նջ: «Քաղաքական ուժի համար սկզբունքայնության հարցը շատ կարեւոր է, դրա համար մենք ասում ենք՝ հետ կանգնելը չի խոսում տվյալ քաղաքական ուժի լրջության մասին»,- ԲՀԿ-ի մոռացկոտությունն այսպես մեկնաբանեց Ռուստամյանը:
Ասելիք չունի նաեւ «Ժառանգությունը», այս թեմայով խոսել չցանկանալով՝ խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը խորհուրդ տվեց «թերթել» ինտեներտը. ասել է թե՝ այն, ինչ ժառանգականներն ամիսներ առաջ են հայտարարել, այն է՝ սահմանադրության փոփոխությունը ժամանակավրեպ է, մնում են նույն կարծիքին:
Քառյակի անդամների նման պահվածքը, առավել եւս բովանդակային քննարկումներից կտրականապես խուսափելը զարմացրել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանին, որը նման պահվածքը համարեց պայքարից խուսափելու ձեւ: Եվ համակարծիք է օրեր առաջ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի արտահայտած հետեւյալ մտքի հետ, թե անհասկանալի են սահմանադրական բարեփոխումների հակառակորդների փաստարկները՝ հիմա ժամանակը չէ. «Իսկապես, ի՞նչ փաստարկ է՝ ժամանակը չէ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ չպետք է անել հիմա, կամ ի՞նչ է նշանակում՝ մենք կգանք իշխանության, հետո կանենք»:
Այստեղից էլ ծնվում է մտահոգությունը. «Արդյոք սա չի՞ նշանակում՝ թողեք մի քիչ ես նստեմ էդ աթոռին, վայելենք, հետո աթոռը կհանեք»:
Մեկ ճշտող հարց. այսինքն՝ «քառյակում» կան ուժեր կամ ուժ, որի նպատակն է 2018-ին գալ իշխանության ու օգտվել գերլիազորություններ տվող այս համակարգի՞ց. «Ես որեւէ մեկին չեմ ուզում վիրավորել», բայց դաշնակցական գործիչը նաեւ անկեղծորեն չթաքցրեց, որ քառյակի որոշ ուժեր, այո, նման նպատակ ունեն: Ստացվում է, մարդիկ ոչ թե ուզում են համակարգ փոխել, այլ ընդամենը անձանց՝ առաջնորդվելով հայտնի սկզբունքով՝ «ներկաները լավը չեն, թող գնան, որ մենք գանք»:
Քննարկումների այս ֆոնին, ինչպես լինում է մեզանում, սրվել է քաղաքական ինտրիգը, այն է՝ «քառյակը» կարող է վերածել «եռյակի», որին կհաջորդի ՀՅԴ «վայրէջքը» կոալիցիա: «Շինծու խոսքեր, պարզ քարոզչական տրյուկների հետ գործ ունենք: Մշտապես, երբ մեկի տեսակետին հակառակվում ես, փորձում են քեզ վարկաբեկել, իսկ դրա լավագույն ձեւն էլ այն է, որ ասում են՝ ճամբար փոխելու նպատակ ունի:
Մինչ այս էլ, երբ ՀՅԴ-ն նոր վարչապետին ներկայացրեց իր 7 կետերը, ասացին՝ ՀՅԴ-ն դա արել է կոալիցիա գնալու համար: Ես էլ ասացի, սպասեք, կանցնի ժամանակ ու նրանք, ովքեր պնդում են՝ ամաչելու են իրենց ասածի համար»:
Չնայած համոզվեցին, բայց չխոստովանեցին, թերեւս այն պատճառով, որ ոմանց համար ամոթը քաղաքական կատեգորիա չէ: Ռուստամյանը վաղ է համարում անուններ թվելն ու որոշ փաստեր մեջտեղ բերելը, բայց նաեւ զգուշացնում է՝ եթե կրքերը առավել թեժանան, ՀՅԴ-ն ունի շատ լուրջ փաստեր ու դրանք կդնի «ոմանց» առաջ:
Ինչ վերաբերում է «քառյակի» անորոշ ճակատագրին, առավել եւս նրա «եռյակ», գուցեեւ «երկյակ» դառնալուն, Ռուստամյանը ասաց շատ պարզ ու հասկանալի. «Եթե քառյակի գործընկերները կհամարեն, որ ՀՅԴ-ն «կառչած է» կառավարման համակարգ փոխելուն ու իր սկզբունքը իրականացնելուն, կմտածեն, որ ՀՅԴ-ի հետ անելիք չունեն, դա արդեն իրենց գործն է: Իսկ մենք մեր սկզբունքային դիրքորոշումից հետ չենք կանգնելու»:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն