ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մինչ բոլորս սպասում էինք մեր հայրենակից, մեծ բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանին ներկայացված մեղադրանքի գործով սեպտեմբերի 15-ին նշանակված դատական առաջին նիստին, հետաքննական մարմինը ամեն ինչ անում է, որպեսզի նրան հնարավորինս երկար պահի անազատության մեջ:
Հիմա էլ միջնորդություն է ներկայացրել Բասմանյան դատարան` խնդրելով երեք ամսով երկարացնել «Մատրոսսկայա տիշինա» քննչական մեկուսարանում պահվող Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը` առանց այդ միջնորդության անհրաժեշտ հիմնավորումների առկայության: Դա այն դեպքում, երբ գործարարին մեկ օր մեկուսարանում պահելն իսկ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ` հաշվի առելով նրա առողջական ծանր վիճակը: Լեւոն Հայրապետյանի կալանքը մինչեւ դեկտեմբերի 15-ը երկարացնելու միջնորդությունը կքննվի սեպտեմբերի 12-ին Մոսկվայի Բասմանյան դատարանում:
ԱԺ պատգամավոր ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆի տեղեկացմամբ, միջնորդությունը օրենքի շրջանակներում չի իրականացվել, քանի որ երբ անձը կալանավորվում է որոշակի ժամկետով եւ նախաքննություն է նախատեսվում, դրանից հետո կալանքի ժամկետները երկարացնելու համար հավելյալ հիմնավորումներ են հարկավոր:
Սակայն որքան տեղյակ է Է.Մարուքյանը` Ռուսաստանում Լեւոն Հայրապետյանի գործով ներկայացված հիմնավորումները չեն բխում եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով նախատեսված երաշխիքներից:
Դատելով այս գործում ռուսաստանյան արդարադատության որդեգրած դիրքորոշումից` ամենայն հավանականությամբ հետաքննության միջնորդությունը կբավարարվի: Եթե այդ նույն արդարադատությունը կարողացավ աչք փակել ոչ միայն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի, այլեւ հենց ՌԴ օրենքի վրա, ապա ի՞նչն է խանգարում նրան նույն անհոգությամբ հերթական անգամ ոտնահարել օրենքը` այդպիսով ստորագրելով նաեւ Լեւոն Հայրապետյանի մահվան դատավճիռը:
Հիշեցնենք, որ, ըստ 2011թ. հունվարի 14-ին ՌԴ կառավարության սահմանած թիվ 3 հրամանի` հաստատվել է այն ծանր հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում արգելվում է հանցագործության մեջ կասկածվող կամ մեղադրվող մարդուն կալանքի տակ պահել: Լեւոն Հայրապետյանը այդ ցանկում նշված մի քանի հիվանդություններով է տառապում` 3-րդ աստիճանի հիպերտոնիկ հիվանդությամբ, շաքարային դիաբետ, օնկոլոգիական հիվանդություն, ինչպես նաեւ երկու անգամ ուղեղի կաթված է ունեցել, ինչը հաստատվում է բժշկական փաստաթղթերով ու նոր նշանակված բուժզննումների արդյունքներով:
Ընդ որում` Լեւոն Հայրապետյանի հիվանդություններից ոչ մեկը հետաքննությունը չի հերքել ու կասկածի տակ չի դրել` ընդունելով, որ մեղադրյալն իրոք առողջական լուրջ խնդիրներ ունի: Եվ ցանկացած հոգեկան ցնցում, սթրես ու անհանգստություն կարող է լուրջ եւ անդառնալի ֆիզիոլոգիական հետեւանքներ առաջացնել` ընդհուպ մինչեւ հաշմանդամություն կամ մահ:
Հիշեցնենք, որ Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել «Բաշնեֆտ» ընկերության արժեթղթերի վաճառքի գործում որպես միջնորդ ներկայանալու, ինչպես նաեւ փողերի անօրինական յուրացման, վատնման ու լվացման քրգործով, ինչի համար նրան մինչեւ 10 տարվա ազատազրկում է սպասում:
Լեւոն Հայրապետյանը գրեթե երկու ամիս է, ինչ ձերբակալված է, սակայն մինչ օրս նրա մեղքն ապացուցող որեւէ փաստ ջրի երես դուրս չի եկել, որեւէ հրապարակում, որ կվկայեր նրա մեղավորության մասին, չի եղել, անգամ վերջին դատական նիստի ժամանակ, երբ Հայրապետյանի փաստաբան Իլյա Ռեզնիկը հետաքննությունից պահանջեց թեկուզ շատ փոքր փաստ, հիմնավորում ներկայացնել իր պաշտպանյալի մեղքն ապացուցելու համար, քննիչները ոչինչ չկարողացան ներկայացնել:
Հետաքննությունն էլ, ինչպես երեւում է, չի կարողացել Հայրապետյանի մեղավորության որեւէ ապացույց գտնել, այլապես սեպտեմբերի 15-ին քրգործով նշանակված դատական նիստը տեղի կունենար, եւ Լեւոն Հայրապետյանի կալանքի ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն չէր առաջանա: Սա եւս վկայում է նրան կալանքի տակ պահելու եւ այդպիսով ժամանակ շահելու միտումնավորության մասին: Իսկ ժամանակ շահելու անհրաժեշտությունը թերեւս պայմանավորված է «Բաշնեֆտ» ընկերության նկատմամբ որոշ մարդկանց նկրտումներով, ինչի մասին սկսեցին խոսել Լեւոն Հայրապետյանի կալանավորման առաջին իսկ օրվանից:
Այսօր կարծես թե այդ կասկածներն ավելի են հիմնավորվում: «Նովայա գազետա» թերթը, օրերս անդրադառնալով մեր հայրենակցի գործին եւ փորձելով վերլուծել նրա ձերբակալման պատճառները, եզրակացրել է, որ քրգործի հարուցումը ամենեւին էլ նպատակ չունի ձերբակալել Լեւոն Հայրապետյանին, որ այն ոչ թե իրավական նպատակ է հետապնդում, այլ տնտեսական` վերաբաշխել ընկերության արժեթղթերը:
Ըստ պարբերականի վարկածի` եթե դատարանին հաջողվի ապացուցել, որ ընկերության արժեթղթերի թեկուզ չնչին տոկոսը կազմող բաժնեմասը գողացված է, ապա դա առիթ կդառնա նավթային ընկերության սեփականատիրոջը փոխելու եւ ընդհանրապես եղած արժեթղթերը վերաբաշխելու համար: Իսկ Լեւոն Հայրապետյանն այս գործում ընդամենը քավության նոխազ է:
Ռուսաստանում կարծում են, որ Հայրապետյանին պատահաբար չեն ընտրել: Նա հեղինակավոր անձ է, եւ նրան ճնշելով՝ կարող են «Բաշնեֆտի» արժեթղթերի առյուծի բաժինը ձեռք գցելու հավակնություն ունեցողներին ի ցույց դնել իրենց մտադրությունների լրջությունը եւ զգուշացնել, որ «Բաշնեֆտի» բաժնետեր դառնալու ցանկությունից ձեռք քաշեն:
Քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ կարծում է, որ Լեւոն Հայրապետյանի դեմ սկսված այս ամբողջ խաղը միայն մի նպատակ է հետապնդում` հայկական ու հավանաբար օտար կապիտալը դուրս մղել ընկերությունից եւ այն ամբողջապես ռուսականացնել, քանի որ վերջին տարիներին «Բաշնեֆտը» հզոր ընկերության վերածվելու հավակնություններ է ներկայացնում:
Ընդհանրապես քաղաքագետի կարծիքով, այսօր ամբողջ Ռուսաստանում է նման քաղաքականություն տարվում` այնտեղից դուրս մղել օտար կապիտալը` օտարերկրացիներին զրկելով Ռուսաստանում որեւէ ազդեցությունից: Եվ այդ քաղաքականության զոհերից է դարձել բարերարը` որպես աճող ու արագ տեմպերով զարգացող ընկերության բաժնետեր:
Վերջին հինգ տարիներին ընկերության հասույթն աճել է 4 անգամ, իսկ մաքուր հասույթը` 3,5 անգամ: «Բաշնեֆտը» վերածվել է գրավիչ ակտիվի` նավթային ընկերությունների շարքում նավթահանման գործում զբաղեցնելով յոթերորդ հորիզոնականը եւ չորրորդը` նավթամշակման: Երկրում միայն այդ ընկերությունն է պատրաստ արտադրել նորագույն «Եվրո-5» բենզինը:
Բացի դրանից` դատական քաշքշուկները, որոնց ժամանակ շրջանառվում է «Բաշնեֆտի» անունը, բացասաբար կանդրադառնան ընկերության հեղինակության վրա, ինչն էլ հավանաբար կնպաստի դրա արժեքի կտրուկ նվազմանը: Ուստի այս ամբողջ աղմուկը նաեւ ընկերությունը ջրի գնով ձեռք բերելու հիանալի հնարավորություն է ընձեռում:
Ինչպես նշվում է ռուսական պարբերականներում, ընկերության այսօրվա շուկայական գինը մոտ 11,7 մլրդ դոլար է: Մասնագետները նշում են, որ եթե հաջողվի ապացուցել ընկերության բաժնեթղթերի չնչին մասի գողացված լինելն ու ընկերության` քրգործի մեջ ներքաշված լինելը, հավանաբար դրա գինը կնվազի՝ հասնելով մինչեւ 2 մլրդի:
Ելնելով այս եզրակացություններից եւ ընդհանրապես Լեւոն Հայրապետյանի նկատմամբ անօրինական գործողություններից` Լեւոն Շիրինյանը հորդորում է մեր կառավարությանը, Ազգային ժողովին, դատախազությանը՝ ավելի ակտիվ լինել Լեւոն Հայրապետյանի շահերը պաշտպանելու եւ նրան անօրինականություններից զերծ պահելու գործում. «Պետք է բոլորին հորդորել միջամտել հայ բարերարի, Ռուսաստանի տնտեսության մեջ մեծ ներդրում կատարած, հայ-ռուսական հարաբերությունների բարելավման գործում մեծ ավանդ ունեցող մարդու նկատմամբ գործընթացին»:
Ի դեպ, Լեւոն Հայրապետյանի ձերբակալումից հետո Երեւանում ձեւավորված «Ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի» շտաբն արդեն մի քանի նամակ է հղել ՌԴ դեսպանատուն, Հայաստանի արտգործնախարարություն, Ազգային ժողով, Ամենայն Հայոց կաթողիկոսին, որպեսզի նրանք մեր հայրենակցի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հորդորով դիմեն ՌԴ իրենց գործընկերներին, իսկ դեսպանատունն էլ՝ Ռուսաստանի իշխանություններին: Բավական ժամանակ է անցել նամակները հանձնելու օրվանից, բայց առայժմ շտաբում դրանց պատասխանները չեն ստացել:
Ավելին` ՌԴ դեսպանատունն ամեն անգամ տարբեր պատրվակներով խուսափում է պատասխանել նամակի ճակատագրով հետաքրքրվող շտաբի անդամների հարցումներին: Շտաբի անդամները դիմել են նաեւ Հանրային խորհուրդ` այդ մակարդակում հարցը բարձրաձայնելու եւ գործին դրական ընթացք տալու ուղիներ փնտրելու հորդորով:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում ապրող հայերի գործուն մասնակցությանը մեր հայրենակցին սատարելու գործում, ապա շտաբից մեզ տեղեկացրին, որ Մոսկվայում այսօրվա դրությամբ որեւէ մեծածավալ գործողություն չի իրականացվել:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












