Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

«ՔԱՌՅԱԿԸ» ԱՎԵԼԻ ՇՈՒՏ ԿԵՆԴԱՆԻ Է, ՔԱՆ ՄԵՌԱԾ

Սեպտեմբեր 10, 2014թ. 21:07

Երեկ տեղի ունեցավ խորհրդարանական քառյակի երկար սպասված նիստը, որը պիտի փաստեր ամենակարեւորը՝ ի վերջո «հրաշալի քառյակը» կա՞, թե՞ չկա, «կա»-ի դեպքում էլ՝ եռյա՞կ է, թե՞ դեռ «քառյակ»:
Մինչ հրավիրվելիք նիստը «քառյակ»-ականները, բացի նիստի անցկացման ժամից ու տեղից (իսկ հանդիպման վայրն այս անգամ ՀՅԴ խմբակցությունն էր) գաղտնի էին պահում օրակարգը, անգամ ձեռնպահ մնում լրագրողների հետ ուղիղ շփումից։ «Համբերեք, բոլոր հարցերին կպատասխանենք երկու ժամից»,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Չնայած այդ «զգուշավորությանը», լրագրողների հետ, այնուհանդերձ, կուլիսներում հասցրին շփվել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանը:
Հայտնի է, որ ներքառյակային կրքերը հիմնականում շիկացան սահմանադրական բարեփոխումների շուրջ:
Դաշնակցականները մտահոգվեցին, դժգոհեցին ու չդիմացան՝ հրապարակավ ակնարկ ուղղեցին այլընտրանքային ԲՀԿ-ին, թե նպատակ ունի գալ իշխանության եւ օգտվել գերլիազորություններ տվող ներկայիս համակարգից, դրա համար էլ հրաժարվում է իր իսկ նախկին սկզբունքներից ու մերժում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը։ «Սա նշանակում է՝ թողեք մի քիչ ես նստեմ էդ աթոռին, վայելեմ, հետո աթոռը կհանեք»,- ասել էր ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
ԲՀԿ-ին աթոռակռվի մեջ մեղադրանքներին երեկ հակիրճ անդրադարձավ Նաիրա Զոհրաբյանը, իսկ պատասխանը նկատելիորեն դիվանագիտական էր. «Բացարձակ նորմալ է, որ հանրային մեծ վստահություն ունեցող այնպիսի քաղաքական ուժը, ինչպիսին ԲՀԿ-ն է, հավակնի առաջադրելու նախագահի թեկնածու: Այդտեղ դատապարտելի ոչինչ չկա, հակառակը կլիներ անտրամաբանական»:
Իսկ թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն հիմա հրաժարվում սեփական համոզմունքներից ու սահմանադրական բարեփոխումերի անցկացումը համարում ժամանակավրեպ, ասաց. «Մենք մեր մոտիվացիաներն ու հիմնավորումներն առաջիկայում շատ ավելի հանգամանալից կներկայացնենք, թե ինչու ենք գտնում, որ այս փուլում նման փոփոխություններ անելու անհրաժեշտություն չկա»:

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ
ԲՈՄԲՈՆԵՐԿԱՆ Է, ԿԵՐԵՔ»

Երկուսուկես ժամ տեւած քննարկումից հետո վերջապես բացվեց ՀՅԴ խմբակցության աշխատասենյակի դուռը՝ «քառյակի» դարակազմիկ նիստն արվարտված էր: Իսկ շեմին հայտնված «քառյակ»-ականների կարմրատակած դեմքերից զգացվեց՝ ներսում տաք բանավեճ է եղել, բայց նաեւ լավ տրամադրությունը հուշում էր՝ «կոնսենսուսը» կայացել է. կասեցվել է պառակտման հերթական վտանգը ու «քառյակը» «քառյակ» կմնա:
Թերեւս դրանով էր պայմանավորված ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ոգեւորությունը, որ «բոմբոներկան» ձեռքին հյուրասիրում էր լրագրողներին ասելով՝ «Դաշնակցության բոմբոներկան է, կերեք»: Իսկ հյուրասիրելու առիթ իրոք կար. «քառյակին» հաջողվեց, գոնե այս փուլում, փոխզիջումների գնով հասնել համաձայնության: Չորս ուժերը գիտակցում են, որ եթե մի օր խորհրդարանի այս «միակ հրաշալիքը» դադարի գործելուց, նրանցից առնվազն երկուսը առհասարակ կդադարեն Ազգային ժողովում դերակատարում ունենալուց:
Ուրեմն որքան էլ դժվար է «չորս գլուխ միեւնույն կաթսայում պահելը», սակայն, հանուն սեփական քաղաքական շահերի ու նպատակահարմարության, պարտադրված են հանդուրժել մեկմեկու:
«Հայոց Աշխարհ»-ի հարցին, թե «քառյակի» եռյակ դառնալու մասին լուրերը չափազանցվա՞ծ էին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Իհարկե, չափազանցված էին, նիստում քննարկված 8 կետերից 7-ի շուրջ ունենք համաձայնություն եւ միասին առաջ ենք շարժվելու»: Ռուստամյանը նաեւ հիշեցրեց ՀՅԴ-ի սկզբունքային մոտեցումն այս հարցում. «Այս միությունը այնքանով է քառյակ, որքանով քաղաքական չորս ուժեր համաձայնվում են ինչ-որ բանի շուրջ ինչ-որ բան անել: Այսօր 7 կետի շուրջ համաձայնվել ենք ինչ-որ բան անել, ուրեմն այդ 7 կետով քառյակ կա: Բայց այն կդադարի լինելուց, եթե այլեւս չլինեն համաձայնեցված որեւէ հարց»:
Նիստի օրակարգը եղել է հագեցած: Ինչպեսեւ սպասվում էր, առաջնայինը սահմանադրական բարեփոխումների հարցի շուրջ համաձայնության գալն էր: Նկատի ունենալով, որ այս հարցում քառյակում կան տարբեր տեսակետներ, ու որպեսզի այդ տարբերությունը չվերաճի առճակատման ու չդառնա քաղաքական այս միավորի պառակտման պատճառ, «քառյակը» գտնում է փակուղուց դուրս գալու ելքը՝ հարգել մեկմեկու տեսակետները:
Արդյունքից գոհ է նաեւ սկզբունքային ՀՅԴ-ն. «Մեր գործընկերները փոխըմբռնումով մոտեցան ու հասկացան, որ անցումը խորհրդարանական համակարգի, ՀՅԴ-ի համար սկզբունքային հարց է»: Ուրեմն ՀՅԴ-ն այդ ճանապարհը կանցնի միայնակ ու «քառյակից» առանձին իր փաթեթը կներկայացնի իշխանություններին՝ սպասելով նրա արձագանքին, ինչից էլ պարզ կլինի՝ «ՀՅԴ-ն համաձա՞յն է իշխանության առաջարկած սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ»:
Այս խնդիրը հարթելուց հետո հերթը հասել է «Կուտակային կենսաթոշակայինի մասին» չարչրկված օրենքին: Այստեղ զիջման գնալու հերթը ՀԱԿ-ինն էր ու «Ժառանգությանը»: Չնայած նրանք երկար ժամանակ դեմ էին այս հարցով Սահմանադրական դատարան դիմելուն, սակայն ընդառաջելով ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին՝ պատրաստակամություն են հայտնել միանալ նրանց նախաձեռնությանը. «Միասնաբար կդիմենք Սահմանադրական դատարան ու այս գործընթացը եւս միասին առաջ կտանենք»:
Շուտով կլրանա նաեւ ոչ իշխանական «քառյակի»՝ կառավարությանը ներկայացրած 12 կետանոց պահանջների ժամկետը: Դեռեւս հունիսի սկզբին «քառյակը» այն ներկայացրեց նորակազմ կառավարությանն ու սպառնաց՝ կատարեք մինչեւ հոկտեմբերի 1-ը, հակառակ դեպքում կհայտնվենք «Ազատության» հրապարակի հարթակում ու կասենք մեր վճռական խոսքը՝ գո՞հ ենք, թե՞ դժգոհ կառավարությունից:
Երեկ «քառյակը» փորձել է նախնական ամփոփում կատարել ու որոշել գոհի ու դժգոհի սահմանագիծը. նախնական տպավորությամբ գնահատականները երեք խմբի են բաժանվել՝ ընդհանրապես չկատարված, մասնակի կատարված եւ անորոշ մնացած կետեր: Սակայն հաշվի առնելով որ «մեր տրամադրած ժամանակը դեռ չի սպառվել, այն մինչեւ սեպտեմբերի 30-ն է, որոշեցինք մինչ այդ ամփոփում կատարել չորս կուսակցությունների ներսում, իսկ արդյունքներն ամփոփել քառյակում՝ ավելի ուշ»:
Լրագրողների ուշադրությունը առավել սրվեց, երբ խոսքը հասավ հանրահավաքին: Հիշում եք, մայիսի 17-ից ի վեր խորհրդարանական քառյակը խոսում է առաջիկայում հրավիրվելիք հանրահավաքի մասին, բայց այդ «առաջիկան» շարունակում է ձգձգվել՝ նյարդայնացնելով ցույցերի ու միտինգների սիրահարներին:
Վերջիններիս դարձյալ սպասվում է հերթական հիասթափությունը: Չնայած, Ռուստամյանի տեղեկացմամբ, հանրահավաք անցկացնելու պայմանավորվածությունը ուժի մեջ է, բայց հանրահավաքի բովանդակության ու անցկացման ժամկետների հարցում քառյակում դարձյալ չկա համաձայնություն: Թերեւս կրքերը չշիկացնելու համար նպատակահարմար են գտել հետաձգել հարցի քննարկումը. «Նորից կհավաքվենք, կքննարկենք եւ առաջիկայում կհայտարարենք հանրահավաքի օրը»:
Այնպես որ հեղափոխությունների սիրահարները ստիպված են դարձյալ սպասել խոստացված «առաջիկային»:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն